Լուրեր

Շարունակվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցն ԱՄՆ

10.12.2012

 Դեկտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիյարագոսայի հետ: Ողջունելով ՀՀ կառավարության ղեկավարին՝ Լոս Անջելեսի քաղաքապետը ներկայացրել է և կարևորել հայերի ներգրավվածությունը քաղաքի կյանքում: Տ.Սարգսյանն ու Ա.Վիյարագոսան քննարկել են նաև համագործակցության հեռանկարները, պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կզբաղվի համագործակցության ծրագրեր մշակելով:
Պաշտոնական հանդիպմանը հետևել է ընդունելություն ի պատիվ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի Լոս Անջելեսի քաղաքապետի անունից:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Զոն Հեֆերնը, վարչապետի գլխավորած պատվիրակության կազմի պաշտոնատար անձիք:
Նույն օրը Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ ՀՅԴ և քույր կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Ողջունելով ներկաներին՝ վարչապետը մասնավորապես ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել և ներկայացնել, թե մենք ինչպես ենք մտածում մեր ապագայի մասին: Մենք ունենք տասնյակ չլուծված խնդիրներ, որոնք դրսից ավելի լավ են երևում, քան ներսից, բայց դա ամենևին չի նշանակում, որ այդ խնդիրները կարևոր չեն և լուծման կարիք չունեն: Միևնույն ժամանակ ժողովուրդը շատ խստապահանջ է և մայր հայրենիքից պահանջում է, որ այդ խնդիրները լուծվեն հնարավորինս շուտ և արագ: Մի կողմից իշխանության համար դժվար է, որովհետև ճնշումը շատ մեծ է, բայց մյուս կողմից՝ ես ուրախ եմ, որովհետև այդ դժգոհությունը, քննադատությունը նշանակում է, որ մենք ունենք շատ մեծ ներուժ, գնալու ենք այդ փոփոխությունների ճանապարհով և հասնելու ենք հաջողության»:
Ընդունելության ժամանակ ՀՅԴ և քույր կազմակերպությունների ներկայացուցիչներին գործադիրի ղեկավարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության իրականացրած աշխատանքները, բարեփոխումները, ծրագրված անելիքներն ու տեսլականը:
Այնուհետև Տիգրան Սարգասյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերում էին առողջապահությանը, սոցիալական ոլորտին, կոռուպցիային, Արցախի բանակցային գործընթացին, սիրիահայությանը և այլն:

← Վերադառնալ ցուցակին