Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետի հետ

10.12.2012

 Դեկտեմբերի 5-ից 9-ը Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում անցկացված Լույսերի տոնին ֆրանսիացի գործընկերոջ հրավերով մասնակցած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեկտեմբերի 8-ին հանդիպել է Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի հետ:
Մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին հրավերը չմերժելու համար` Ժերար Կոլոմբը նշել է, որ այս կերպ ևս մեկ անգամ փաստվում է հայ-ֆրանսիական և այդ համատեքստում նաև երկու քույր քաղաքների հարաբերությունների բարձր մակարդակը: Առանձնակի կարևորելով երկու քաղաքների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունների ներկա մակարդակը` Լիոնի քաղաքապետը նաև նկատել է, որ այն զարգացման լուրջ հեռանկարներ ունի և վստահեցրել է, որ Լիոնը պատրաստակամ է վերջերս թարմացված համագործակցության ծրագրի շրջանակում էլ ավելի խորացնելու երկուստեք փոխշահավետ ու գործընկերային հարաբերությունները:
Շնորհակալություն հայտնելով հրավերի և գործընկերային հարաբերությունների էլ ավելի խորացման պատրաստակամության համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին նշել է, որ Երևանի քաղաքապետարանը ևս բաց ու պատրաստակամ է երկուստեք հարաբերությունների ընդլայնման հարցում: Տարոն Մարգարյանը ֆրանսիացի գործընկերոջը նաև տեղեկացրել է, որ այս օրերին հասցրել է գործնական հանդիպումներ ունենալ քաղաքային տնտեսության որոշ ոլորտների պատասխանատուների հետ և ձեռք է բերել որոշակի պայմանավորվածություններ, որոնք իրապես կնպաստեն երկուստեք հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը:
Նկատելով, որ 2013-ին կլրանա երկու քաղաքների քույրացման 20-ամյակը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ժերար Կոլոմբին հրավիրել է Երևան` ձևավորված հարաբերությունների հոբելյանական տարին նշելու և գործընկերային հարաբերությունների խորացման հնարավոր մոտեցումները տեղում քննարկելու համար:
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` Ժերար Կոլոմբը խոստացել է նախապես համաձայնեցնելուց հետո հաջորդ տարի պաշտոնական այցով այցելել Երևան:
Պաշտոնական հանդիպումից հետո Երևանի և Լիոնի քաղաքապետերը հանդիպել են հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Օգտվելով առիթից` Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել հայ համայնքին` երկու քաղաքների հարաբերությունների խթանմանն ու ամրապնդմանը նպաստելու համար:
Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ժերար Կոլոմբին պարգևատրել է մեդալով` երկու քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների խորացմանը նպաստելու գործում մեծ ներդրում ունենալու համար:

← Վերադառնալ ցուցակին