Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Դեսինի հայ համայնքի հետ

10.12.2012

 Ֆրանսիայի <<Տարոն-Տուրուբերան>> հայրենասիրական միության հրավերով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Դեսին քաղաք` տեղի հայ համայնքի հետ հանդիպման:
Համայնքի ներկայացուցիչների հետ միասին Երևանի քաղաքապետին դիմավորելու եկած Դեսինի քաղաքապետ Ժերար Ստյուրլան, ողջունելով Տարոն Մարգարյանին, նշել է, որ իրենց համար մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի մայրաքաղաքի ղեկավարին և հույս է հայտնել, որ սա վերջին այցը չի լինի հայերով խիտ բնակեցված իրենց փոքրիկ քաղաք:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ Երևանի հյուրընկալ դռները ևս միշտ բաց են բոլոր բարեկամների առաջ և հույս է հայտնել, որ առիթ կունենա Ժերար Ստյուրլային հյուրընկալելու Երևանում:
Դեսինի գործընկերոջ ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Դեսինի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան, հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:
Այնուհետ Ժերար Ստյուրլան քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացրել հուշարձանի հարևանությամբ տեղակայված Դեսինի Հայկական հիշատակի ազգային կենտրոնի նորակառույց շենքը, որն իր ճարտարապետական ինքնատիպ լուծումով թերևս միակն է աշխարհում:
Որպես հրավիրող կողմ, <<Տարոն-Տուրուբերան>> հայրենասիրական միությունը նաև անակնկալ էր պատրաստել քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար: Միության խորհրդի որոշմամբ Տարոն Մարգարյանին շնորհվել է հատուկ դիպլոմ: Միության որոշումը գոհունակությամբ է ընդունվել տեղի հայ համայնքի կողմից, ովքեր մաղթել են քաղաքապետին միշտ հավատարիմ մնալ սեփական արմատներին:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Դեսինի Սբ. Աստվածածին եկեղեցում մասնակցել է նաև կիրակնօրյա պատարագին:

← Վերադառնալ ցուցակին