Լուրեր

Փորձնական տարբերակով գործարկվել է էլեկտրոնային չվացուցակների համակարգը

10.12.2012

 Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են անակնկալ ստուգայցերը մանկապարտեզներում մատակարարվող սննդի պատշաճ որակի ապահովման նպատակով: Նախորդ 2 շաբաթների ընթացքում 12 մանկապարտեզներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում խախտումներ չեն արձանագրվել:
Տրանսպորտի վարչության պետը, ամփոփելով նոյեմբեր ամսվա ընթացքում հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության արդյունքները, զեկուցել է, որ 10 կազմակերպություն հաստատված չվացուցակները խախտելու համար ենթարկվել է վարչական տույժերի, ավելի քան 25 կազմակերպություն զգուշացում է ստացել:
Անդրադառնալով վարչական շրջանների սեփական եկամուտների՝ մասնավորապես աղբահանության վարձավճարների հավաքագրման գործընթացին՝ հանձնարարվել է ակտիվացնել աշխատանքը՝ տարեվերջին հավաքագրման բարձր ցուցանիշներ ապահովելու համար:
Երևան քաղաքի տարածքում գտնվող կառուցապատման ենթակա տարածքների կառուցապատողների կողմից դադարեցված շինարարական աշխատանքները շարունակելու նպատակով ձեռնարկված միջոցների, ինչպես նաև շինարարական աշխատանքները չշարունակելու դեպքում տարածքները հետ վերցնելու վերաբերյալ առաջարկների ներկայացման հետ կապված՝ իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ պատրաստվել են հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու նպատակով կազմված հայցապահանջներ` համապատասխան ընթացք տալու համար:
Որոշ սոցիալական խմբերի ընտանիքներին բնակարանների համար գույքահարկի արտոնություններ սահմանելու հետ կապված` ճշգրտվել է ցանկը, և առաջիկայում որոշման նախագիծը կներկայացվի Երևանի ավագանու քննարկմանը:
Ամանորին ընդառաջ գյուղմթերքի շուկաների կազմակերպման հետ կապված՝ հանձնարարվել է սեղմ ժամկետում առաջարկություններ ներկայացնել վարչական շրջանների առավել նպատակահարմար վայրերում գյուղմթերքի առևտրի կազմակերպումն ապահովելու համար:
Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում ձնամաքրման աշխատանքներն առավել արագ և արդյունավետ կազմակերպելու նպատակով վարչական բոլոր շրջանների համար կազմվել են տեղաբաշխման քարտեզներ, որտեղ նշված են աղի և ավազի պահեստավորված քանակով մեքենամեխանիզմների և ձևավորված օպերատիվ շտաբերի գտնվելու վայրերը:
Շարունակվում է <<Երևան ջուր>>, <<Երևան գազ>> և <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ընկերություններին նախկինում տրված տեխնիկական պայմանների նկատմամբ հսկողությունը:
<<Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի>> տնօրենը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում Մաշտոցի պողոտայի հասարակական տրանսպորտի կանգառագոտիներից մեկում տեղադրվել և փորձարկվել է էլեկտրոնային չվացուցակների համակարգը: Այս շաբաթ նախատեսվում է ևս մեկ կանգառասրահ կահավորել չվացուցակի համակարգով:
Ընթացքի մեջ են ամանորյա տոնական ձևավորման և լուսավորության ապահովման աշխատանքները: Արդեն տեղադրվել են մայր տոնածառն ու վարչական շրջանների կենտրոնական տոնածառերը, մոնտաժվել են լուսադիոդային սարքերը:
Հանձնարարվել է բնակչությանն իրազեկել Հանրապետության և Ազատության հրապարակներում, վարչական շրջանների տարածքներում և մայրաքաղաքի այլ մարդաշատ վայրերում ամանորյա տոնական միջոցառումների մասին:

← Վերադառնալ ցուցակին