Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Լիոնում գործնական հանդիպումներ է ունեցել

07.12.2012

Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի հրավերով` Լույսերի տոնին մասնակցելու նպատակով Լիոնում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը գործնական մի քանի հանդիպումներ է ունեցել, որոնց շրջանակում քննարկվել են երկու քույր քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները:
Մասնավորապես, դեկտեմբերի 6-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մեծ Լիոնի քաղաքային տրանսպորտի կառավարումն իրականացնող <<Սիտրալ>> տրանսպորտային ձեռնարկության նախագահ Բեռնար Ռիվալտայի հետ:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման առաջարկը չմերժելու համար, <<Սիտրալ>>-ի նախագահը քաղաքապետին է ներկայացրել Լիոնի հասարակական տրանսպորտի աշխատանքի կազմակերպման հայեցակարգն ու ծրագրերը: Բեռնար Ռիվալտան նախ նշել է, որ Մեծ Լիոնում քաղաքային տրանսպորտի աշխատանքներն իրականացվում են բացառապես իրենց ձեռնարկության կողմից` օրական ապահովելով 1.4 մլն բնակչության տեղաշարժը: Ձեռնարկության կառավարման տիրույթում են ինչպես վերգետնյա հասարակական տրանսպորտային միջոցները, այնպես էլ Լիոնի մետրոպոլիտենը:
Լիոնի քաղաքային տրանսպորտի զարգացման հեռանկարների մասով էլ <<Սիտրալ>>-ի նախագահը նշել է, որ ներկայում աշխատանքներ են տարվում երթուղագծերի ընդլայնման և նորերի ստեղծման ուղղությամբ, որի նպատակով արդեն իսկ նախատեսել են ծախսել շուրջ 2.1 մլրդ եվրո:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման և աշխատանքների կազմակերպան մոտեցումների հանգամանալից ներկայացման համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին ընդհանուր գծերով ներկայացրել է Երևանի հասարակական տրանսպորտի աշխատանքի առկա վիճակն ու նշել, որ դաշտի կանոնակարգման ուղղությամբ ներկայում իրականացվող փոփոխությունների շրջանակում ողջունելի կլիներ լիոնյան հաջողված փորձի որոշակի մոտեցումների կիրարկումը: Այս նպատակով Երևանի քաղաքապետն առաջարկել է, հնարավորության դեպքում, գործնական քայլեր ձեռնարկել մասնագիտական փորձի փոխանակման ուղղությամբ:
Ողջունելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկը` Բեռնար Ռիվալտան պատրաստակամություն է հայտնել երևանցի գործընկերներին ծանոթացնել կառավարման իրենց մոտեցումներն ու հնարավորին նպաստել Երևանում դաշտի կանոնակարգման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Կողմերը պայմանավորվել են առաջիկայում մասնագիտական խումբ գործուղել Լիոն` տեղում աշխատանքների կազմակերպման մոտեցումներն ուսումնասիրելու և այն Երևանում ներդնելու համար:
Մինչ այս հանդիպումը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը տուրիզմի զարգացման հարցեր է քննարկել Լիոնի հայազգի փոխքաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի հետ: Ներկայացնելով մայրաքաղաքի պատմամշակութային առկա ներուժը` Տարոն Մարգարյանը նկատել է, որ Երևանն այսօր բաց և պատրաստակամ է քննարկել տուրիզմի խթանման ու զարգացման տարբեր առաջարկներ, այդպիսով նաև գործնական հենք ստեղծելով երկուստեք փոխշահավետ համագործակցության հեռանկարների ուղղությամբ:
Համաձայնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի դիտարկմանը` Ժորժ Կեպենեկյանը նշել է, որ որպես Լիոնի փոխքաղաքապետ համակարգելով նաև տուրիզմի ոլորտը, հնարավորության սահմաններում կփորձեն օժանդակել Երևանում ոլորտի զարգացման աշխատանքներին, այդ թվում նաև մասնագիտական խորհրդատվության ձևով:

 

← Վերադառնալ ցուցակին