Լուրեր
Վարչապետի մասնակցությամբ Ֆրանկֆուրտում մեկնարկել է հայ-գերմանական գործարար համաժողովը
07.12.2012
Մեկնարկել է վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
Կառավարության ղեկավարը Ֆրանկֆուրտում մասնակցել է գերմանական «Commerzbank»-ում կազմակերպված հայ-գերմանական գործարար համաժողովին, որին մասնակցել են «Commerzbank»-ի ֆինանսական հաստատությունների ղեկավար Պիեր Ֆիշերը, գերմանական և հայկական ընկերությունների ներկայացուցիչներ: Մասնավորապես, համաժողովին Հայաստանից ներկա են 15 ընկերություններ, որոնք ներկայացնում են բանկային, բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, մարտկոցների արտադրության, էներգետիկայի, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտները:
Քննարկումների առանցքում են եղել երկկողմ գործարար կապերի զարգացմանը, համատեղ նոր ծրագրերի իրականացմանը, Հայաստանում և եվրոպական տարածաշրջանում առկա մակրոտնտեսական իրավիճակին առնչվող հարցեր:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել գերմանական «Commerzbank»-ին այս կարևորագույն միջոցառման կազմակերպման համար:
Տիգրան Սարգսյանը կարևորել է համաժողովի անցկացումը հենց Գերմանիայում, որը ԵՄ անդամ պետությունների շարքում Հայաստանի առաջին առևտրային գործընկերն ու կարևորագույն ներդրողն է: «Գերմանիան մշտապես աջակցել է Հայաստանի տնտեսական զարգացմանը՝ նեցուկ կանգնելով մեր տնտեսական և քաղաքական բարեփոխումներին: Ուստի ցանկանում եմ երախտիքի խոսքեր ասել Գերմանիայի կառավարությանը՝ տարիներ շարունակ Հայաստանին տրամադրվող տեխնիկական և ֆինանսական օժանդակության համար: Վերջինս իր ծավալով և արդյունավետությամբ ամենամեծն է ԵՄ երկրների շրջանակներում»,- ասել է Կառավարության ղեկավարը:
Ելնելով այս հանդիպման բնույթից և նպատակից` վարչապետն իր ելույթում պատասխանել է այն հարցին, թե ո՞րն է Հայաստանի ներդրումային գրավչությունը:
«Նախ` Հայաստանը կայուն քաղաքական համակարգ ունեցող պետություն է: Մեր կառավարության նպատակն է ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդումը, ինչպես նաև վերահսկելիության և թափանցիկության սկզբունքների վրա պետական կառավարման համակարգի շինարարությունը:
Մենք այսօր ունենք բարվոք մակրոտնտեսական իրավիճակ, ճգնաժամի տարիներին մեզ հաջողվել է ամբողջությամբ կատարել պետության սոցիալական պարտավորությունները և երկիրը զերծ պահել սոցիալական ցնցումներից, ունենք ամուր և լավ զարգացած բանկային համակարգ:
Այսօր արագ տեմպերով զարգանում է նաև ապահովագրական շուկան: Մենք ձեռնարկում ենք քայլեր ֆինանսական ծառայությունների շուկայի ընդլայնման և խորացման ուղղությամբ: Նպատակաուղղված քաղաքականություն է իրականացվում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ:
Հայաստանն իրականացնում է ներդրումների խրախուսման նպատակաուղղված քաղաքականություն, որը միջազգային կազմակերպությունների կողմից գնահատվում է որպես ԱՊՀ երկրների թվում ամենաբացը:
Կառավարությունը մշակել և իրականացնում է արտահանմանը միտված արդյունաբերության զարգացման ռազմավարություն: Արդյունաբերական քաղաքականության շրջանակներում մենք ընտրել ենք մի շարք առաջնային ոլորտներ. ճշգրիտ ճարտարագիտություն, դեղագործություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ոսկերչություն, ադամանդագործություն, կոնյակագործություն և այլն: Պետության աջակցությամբ ստեղծվում են գիտահետազոտական լաբորատորիաներ և այլ ենթակառույցներ՝ գործող և նոր ստեղծվող բիզնեսների համար:
Մեր գործադրած ջանքերն արդեն տալիս են առաջին պտուղները: 2012 թվականի առաջին կիսամյակի տվյալներով արդյունաբերության աճը կազմել է ավելի քան 10 տոկոս:
Բարձր տեխնոլոգիաների և նորարարական ոլորտների ներգրավման նպատակով ստեղծում ենք ազատ տնտեսական գոտիներ և ընդունել ենք հատուկ օրենսդրություն դրա վերաբերյալ:
Արտահանման հնարավորությունների առումով կարևոր է, որ Հայաստանը հանդիսանում է ԱՊՀ շրջանակներում ազատ առևտրի պայմանագրի մասնակից պետություն: ԵՄ հետ առևտրում ունենք «GSP+», որի արդյունքում ԵՄ արտահանվող մեր շատ ապրանքների նկատմամբ կիրառվում է մաքսատուրքի զրոյական դրույքաչափ:
Բացի այդ, այսօր ԵՄ հետ բանակցում ենք Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի շուրջ: Հուսով ենք, որ այն բարեհաջող կավարտվի և ուժի մեջ կմտնի մինչև հաջորդ տարվա վերջ:
Հայաստանը կնքել է ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության երկկողմ պայմանագրեր մոտ 39 երկրների, այդ թվում` Գերմանիայի հետ: Իսկ կրկնակի հարկումից խուսափելու մասին պայմանագրեր ունենք 32 երկրների հետ: Ինչ վերաբերում է Գերմանիային, հարկումից խուսափելու մասին պայմանագրի շուրջ բանակցությունները սկսվելու են 2013-ի մարտ ամսին՝ համաձայն մեկ ամիս առաջ Երևանում կայացած հայ-գերմանական միջակառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի որոշման»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Այնուհետև վարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներդրումների առումով հեռանկարային ոլորտները, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, զբոսաշրջության, դեղագործության և քիմիական արդյունաբերության բնագավառներում իրականացվող զարգացման ծրագրերն ու քաղաքականությունը:
Ավարտելով խոսքը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը համաժողովի մասնակիցներին մաղթել է արգասաբեր աշխատանք և հույս հայտնել, որ կհաստատվեն նոր կապեր, ձեռք կբերվեն կոնկրետ պայմանավորվածություններ և կստեղծվեն նախադրյալներ ապագա համատեղ ծրագրերի համար:
Այնուհետև ՀՀ կառավարության ղեկավարը, պատասխանելով ներկաներին հետաքրքրող հարցերին, անդրադարձել է Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին, մասնավորապես, Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին, խոսել հայ-ռուսական ռազմավարական և տնտեսական հարաբերությունների մասին, ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների ներկա իրավիճակը, ինչպես նաև անդրադարձել է Վրաստանի տարածքով անցնող ճանապարհային հաղորդակցության ենթակառուցվածքների, մասնավորապես, ռուս վրացական երկաթուղու վերագործարկման հնարավորությանը:
«Commerzbank»-ի ֆինանսական հաստատությունների ղեկավար Պիեր Ֆիշերը ՀՀ վարչապետին շնորհակալություն է հայտնել համաժողովին մասնակցելու համար, և նշել, որ այն կնպաստի երկկողմ գործարար կապերի հետագա զարգացմանն ու սերտացմանը:
Գործարար համաժողովին հայկական և գերմանական մի շարք ընկերություններ ներկայացրել են համատեղ գործարար ծրագրերը, քննարկել են դրանց արդյունավետության բարձրացման և նոր ձեռնարկումներ սկսելու հեռանկարները:
Համաժողովին Տիգրան Սարգսյանն հանդես է եկել եզրափակիչ խոսքով, որում մասնավորապես ասել է, «Միջազգային վարկանիշային գործակալությունները՝ Ֆիչը և Մուդիսը համաշխարհային ֆինանսական քարտեզի վրա ներկայացնելով Հայաստանն իրենց վերլուծություններում, նշում են մեր երկրի համար առկա աշխարհաքաղաքական ռիսկերը:
Մենք պետք է ավելի մեծ բարեփոխումների ծրագրեր իրականացնենք, որպեսզի կարողանանք չեզոքացնել այդ աշխարհաքաղաքական բացասական ռիսկերի ազդեցությունը: Մեր կառավարությունը և քաղաքական թիմը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ստանձնել է հենց այդպիսի հանձնառություն:
Մենք ուրախ ենք, որ այս տարիների ընթացքում կատարված բարեփոխումները հնարավորություն տվեցին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո մտնել վերականգնման ավելի հուսալի փուլ: Վերջին երեք տարիների տնտեսական ցուցանիշները վկայում են, որ ԵՄ-ի ֆինանսական և տեխնիկական օժանդակությամբ իրականացված բարեփոխումները տալիս են իրենց դրական արդյունքները: Համագործակցելով Եվրամիության և եվրոպական ներդրողների հետ մեզ համար ավելի հեշտ կլինի հաղթահարել բոլոր դժվարությունները: Այսօրվա համաժողովի նպատակն է համատեղել ջանքերը և հասնել զգալի արդյունքների»:
Տիգրան Սարգսյանը երկկողմ հանդիպում է ունեցել նաև «Commerzbank»-ի կառավարման խորհրդի անդամ Միքայել Ռոյթերի հետ: