Լուրեր
Ազգային ժողովն ավարտեց աշնանային նստաշրջանի վերջին քառօրյա նիստերի աշխատանքը
06.12.2012
Դեկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրինագծերը:
Քվեարկության արդյունքում՝ չըդունվեց ՀԱԿ խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետությունում տնտեսական մրցակցության պաշտպանության եւ հակամենաշնորհային քաղաքականության գործողությունների ծրագիր մշակելու մասին» հարցապնդումը:
Այնուհետեւ խորհրդարանը շարունակեց քննարկել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը:
Հարակից զեկուցումով հանդես եկավ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նա տեղեկացրեց, որ հարկային փաթեթը բազմիցս քննարկվել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, պատգամավորների, ինչպես նաեւ հասարակական կառույցների՝ մասնավորապես ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի, գործարարների միության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Պատգամավորի խոսքով՝ շրջանառության հարկը ունենալու է բարենպաստ ազդեցություն եւ բյուջե է բերելու լրացուցիչ եկամուտներ: Փաթեթի գործառույթներից ամենակարեւորը, ըստ Վարդան Այվազյանի, այն է, որ թեթեւացնելու է փոքր եւ միջին ձեռնարկատիրության վարչարարությունը, փաստաթղթաշրջանառությունը: Միաժամանակ նա նշեց, որ դաշտում, մասնավորապես փաստաթղթաշրջանառության, դրույքաչափերի, վարձակալության, ռոյալթիների, եկամուտների եւ ակտիվների հետ կապված, կան լուրջ խնդիրներ, որոնք պետք է լրամշակվեն ու հստակեցվեն:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հիմնական խնդիրն այն է, որ օրենքի փաթեթի ընդունումը չհանգեցնի հարկերի բարձրացման, եւ առաջարկեց, որ կառավարությունը հիմնավորի փոփոխությունը:
Հարցի վեաբերյալ ելույթներ ունեցան նաեւ պատգամավորները:
Ըստ Վահրամ Բաղդասարյանի՝ հարկային փաթեթի հրատապ ընդգրկումը օրակարգ հնարավորություն չի ընձեռում արդյունավետ քննարկում կազմակերպելու, հետեւաբար առաջարկեց փուլ առ փուլ իրականացնել կառավարության նախաձեռնած բարեփոխումների ծրագիրը , որը ուղղված է ստվերի կրճատմանը: Օրենքի նախագիծը նա գնահատեց դրական՝ միաժամանակ նշելով, որ որոշ դրույթներում լրացումներն անհրաժեշտ են:
Խոսրով Հարությունյանն իր ելույթում նշեց, որ քվեարկելու է հօգուտ փաթեթի, որը բարենպաստ պայմաններ կստեղծի փոքր եւ միջին ձեռնարկատիրության համար: Ըստ նրա՝ օրենսդրական բարեփոխումները, որոնք ուժի մեջ են մտնելու 2013 թվականից, նպաստելու են կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաեւ հարկային մարմինների հետ շփումների նվազեցմանը:
Եզրափակիչ ելույթով հանդես եկավ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը: Փոխնախարարը, անդրադառնալով դրույքաչափերին, նշեց, որ ԱԺ է ներկայացվել տեղեկանք, որտեղ փաստացի թվերով նշված են հարկ վճարողների՝ հարկային մարմիններում հայտարարագրած իրացման շրջանառությունը, վճարված հարկերը, հաշվարկման եղանակը: Նրա հավաստմամբ՝ սա հարկման պարզ եւ արդյունավետ համակարգ է:
Սուրեն Կարայանն ասաց, որ պատրաստ են շարունակելու քննարկումները եւ գտնելու լավագույն լուծումները:
Խորհրդարանը շարունակեց հարկային ոլորտին վերաբերող օրինագծերի քննարկումը:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանն առաջին ընթերցմամբ ներկայացրեց «Հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է անհատ ձեռնարկատերերին (որոնք դեռեւս չեն օգտվել նախկինում կիրառված նմանատիպ արտոնություններից) ազատել մինչեւ 2005 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների նվազագույն գումարների հաշվարկված եւ չվճարված պարտավորությունների վճարումից: Ըստ հիմնական զեկուցողի՝ նախատեսվում է նաեւ անհատ ձեռնարկատերերին ազատել 2006 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար հաշվարկված եւ չվճարված պարտադիր սոցիալական ապահովության վճարների նվազագույն գումարների վճարումից: Սուրեն Կարայանի տեղեկացմամբ՝ նախագծով առաջարկվող լուծումները նաեւ կխթանեն, որ հարկ վճարողները ներկայացնեն ճշտված հաշվարկներ` հայտարարագրելով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտները:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը օրինագծի վերաբերյալ ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Սուրեն Կարայանն առաջին ընթերցմամբ ներկայացրեց նաեւ «Ընդերքի մասին» ՀՀ օրենսրգքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցողի՝ օրինագծով առաջարկվում է անհատ ձեռնարկատերերին նույնպես համարել ընդերքօգտագործողներ, ինչպես նաեւ հստակեցվում է, որ մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը ընդերքօգտագործման իրավունքը չվերաձեւակերպելու դեպքում ընդերքօգտագործողի գործունեությունը համարվելու է առանց թույլտվության իրականացրած գործունեություն, եւ կիրառվելու են պատասխանատվության միջոցներ: Նախարարի տեղակալը նշեց, որ նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ձեւավորել ձեռնարկատիրական գործունեության հավասար պայմաններ եւ հստակեցնել առկա օրենսդրական դրույթները:
Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը օրինագծին տվել է դրական եզրակացություն՝ ակնկալելով առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում փոփոխել առկա բացերը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հարակից զեկուցողից հետաքրքրվեց, թե հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ պատգամավորները օրինագծի որ դրույթներին են դեմ արտահայտվել եւ ինչ հիմնավորումներով: Վարդան Այվազյանն ասաց, որ իր համար անհասկանալի են առաջին եւ երկրորդ հոդվածները, որոնց կառավարությունը խոստացել է պարզաբանումներ տալ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ օրինագծի ընդունման դեպքում ընդերքօգտագործողի գործունեություն իրականացնողների մեծամասնությունը կհայտնվի ապօրինի դաշտում:
Տեղեկացնելով, որ առաջիկայում նախատեսվում է արտահերթ նստաշրջան հրավիրել՝ ներգրավվելով նաեւ այս հարցերը, խորհրդարանի ղեկավարն առաջարկեց հիմնական եւ հարակից զեկուցողներին, կառավարության պատասխանատուին, ինչպես նաեւ շահագրգիռ պատգամավորներին քննարկում կազմակերպել՝ հիմնավորելու օրենքում կատարվող փոփոխությունը:
Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ ունեցան ԱԺ պատգամավորները: Մարգարիտ Եսայանը հետաքրքրվեց, թե առաջարկվող փոփոխությունները որքանով կապ ունեն բնապահպանական խնդիրների հետ: Պատգամավորը ճիշտ համարեց ԱԺ նախագահի՝ համապարփակ քննարկում կազմակերպելու առաջարկը՝ հասկանալու փոփոխություններում ներկայացված կառավարության տրամաբանությունը: Ըստ Վարդան Այվազյանի՝ եթե կառավարությունն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում չլուծի բարձրացված խնդիրները, ինքը դեմ կքվեարկի: Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝ ցանկացած օրենքի կողմ կամ դեմ քվեարկելիս պետք է հասկանալ էությունը, դրա քաղաքական եւ մասնագիտական նպատակները, ինչը ներկա դրությամբ անհասկանալի է:
Սուրեն Կարայանը եզրափակիչ ելույթում անդրադարձավ պատգամավորների հարցադրումներին եւ տվեց պարզաբանումներ: Նա նշեց, որ կառավարությունը պատրաստ է կազմակերպել շահագրգիռ քննարկումներ, ինչպես նաեւ օրինագծում կատարել անհրաժեշտ հստակեցումներ:
Այնուհետեւ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի՝ նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է հստակեցնել կանխիկ դրամով վճարումների կատարման ու ընդունման սահմանաչափերը չպահպանելու դեպքերում կիրառվող տուգանքների հաշվարկման մոտեցումները:
Սուրեն Կարայանը ներկայացրեց նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Ըստ նրա՝ առաջարկվում է օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվության տրամադրման համար սահմանել պետական տուրք` բազային տուրքի 50-ապատիկի չափով: Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ՝ նախագծով սահմանվում է, որ արգելանք կարող է կիրառվել ոչ միայն կազմակերպության բանկային հաշիվների վրա, այլեւ այլ գույքի վրա` պետական տուրքի պարտավորությունների չափով:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը օրինագծերի վերաբերյալ ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Այնուհետեւ խորհրդարանը քննարկեց «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը:
Նա նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է առանց իրավաբանական անձ ձեւավորելու համատեղ գործունեություն իրականացվելու դեպքերում ակցիզային հարկի հաշվարկման եւ վճարման հնարավորությունների ձեւավորման, բոլոր տեսակի յուղերը ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների խմբում ներառելու, պտղային, հատապտղային եւ մրգային գինիների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափի իջեցման, կոնյակ արտադրող անձանց 40 տոկոս եւ բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի օտարումը ակցիզային հարկից ազատելու, ԱՏԳ ԱԱ 220820, 220830 եւ 220840 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների համար ակցիզային հարկի նվազագույն դրույքաչափերի վերանայման, ինչպես նաեւ «Ակցիզային պահեստ» ռեժիմի վերանայման անհրաժեշտությամբ:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի խոսքով՝ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է ակցիզային հարկով հարկման համակարգի կատարելագործմանը:
Պատգամավորները հիմնական զեկուցողին հարցեր ուղղեցին փոփոխություններն իրականացնելու մեխանիզմների, կոնյակի գների, որակի եւ արտահանման ծավալների վրա դրանց ազդեցության, կոնյակագործության եւ գինեգործության զարգացման հեռանկարների վերաբերյալ:
Հարակից զեկուցող Վարդան Այվազյանը հիմնավորեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն օրենքի նախագծի վերաբերյալ՝ այն կարեւորելով ոլորտի բարեփոխման տեսանկյունից:
Խորհրդարանը քննարկեց նաեւ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օերնքի նախագիծը:
Ներկայացնելով այն՝ հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակը հստակեցնելու անհրաժեշտությամբ:
Նրա խոսքով՝ գործող օրենսդրությամբ հստակ կարգավորված չեն առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու դեպքերի հայտնաբերմանն ուղղված օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման հետ կապված հարաբերությունները:
Հիմնական զեկուցողին ուղղված հարցերով պատգամավորները պարզաբանումներ ստացան որոշ հոդվածների վերաբերյալ:
Հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նկատեց, որ օրենքի նախագծում ձեւակերպումները հստակեցնելու, խմբագրական լրացուցիչ աշխատանք կատարելու կարիք կա՝ տերմինաբանական տարընթերցումներից խուսափելու համար:
Պատգամավորների քննարմանը ներկայացվեց նաեւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը նշեց՝ օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ ալկոհոլային խմիչքների արտադրության լիցենզիա ստացած տնտեսվարող սուբյեկտների կողմից ալկոհոլային խմիչքների իրացումից, օտարումից բացի այլ ապրանքների արտադրությունն ու իրացումը, կամ ներմուծումն ու իրացումը, կամ ձեռբերումն ու իրացումը համարվում են արգելված գործունեություն:
Այս օրենքի նախագծի որոշ ձեւակերպումներում եւս պատգամավորները հակասություններ եւ խնդիրներ նկատեցին:
Հարակից զեկուցման ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշեց, որ օրենքը չի կարող սահմանափակումներ կիրառել արտադրության հարցում, եւ շեշտադրումները պետք է լինեն իրացմանն ուղղված:
Հարցի քննարկմամբ խորհրդարանն ավարտեց աշնանային նստաշրջանի վերջին քառօրյա նիստերի աշխատանքը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, շնորհակալություն հայտնելով պատգամավորներին օրինաստեղծ գործունեության համար, հինգերորդ գումարման ԱԺ երկրորդ նստաշրջանը հայտարարեց փակված: Հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը: