Լուրեր

Ներկայացվել են կոմունալ տնտեսության ոլորտում 2012 թվականի ծրագրերով իրականացված աշխատանքները

05.12.2012

 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է քաղաքապետարանի 2012 թվականի ծրագրերով մայրաքաղաքում կոմունալ տնտեսության ոլորտում իրականացված աշխատանքները:
Նշվել է, որ այս տարվա ծրագրերով մայրաքաղաքում կատարվել է բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգում` համապատասխանաբար 30 և 22 հազար քմ ծավալով, նորոգվել է 15 հազար գծմ ջրթափ խողովակ: Նորոգվել է 14 հազար գծմ ջրամատակարարման ներքին ցանցի խողովակ: 3500 գծամետր էլ ներքին ցանցերի ջերմամեկուսացման աշխատանքներ են իրականացվել:
Այս տարի մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման աննախադեպ ծրագիր է իրականացվել. նորոգվել է բազմաբնակարան շենքերի շուրջ 1315 շքամուտք, ևս 420 մուտքերի մալուխները վերականգնվել են <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ միջոցով:
Այս տարի 111 կմ նոր ցանց է անցկացվել մայրաքաղաքի 370 օբյեկտների, այդ թվում՝ փողոցների, կամուրջների, բակային տարածքների և այգիների, ինչպես նաև արձանների ու շենքերի ճակատային հատվածների գիշերային լուսավորությունն ապահովելու նպատակով:
Անձրևաջրերի կուտակումները բացառելու նպատակով կառուցվել է 2818 մետր ընդհանուր երկարությամբ անձրևատար:
Ամենօրյա հսկողություն է իրականացվում մայրաքաղաքի փողոցների, մայթերի, այգիների և բակային տարածքների մաքրությունն ապահովելու ուղղությամբ:
<<Երևանի ավագանու տնտեսվարող սուբյեկտների կողմից հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման նորմերը պահպանելու մասին որոշումը հիմք ընդունելով` քաղաքապետի հանձնարարությամբ մենք հետևողական աշխատանք ենք տանում վարձակալներին ևս ներգրավելու ինչպես տարածքի բարեկարգման, այնպես էլ առաջիկայում ձնամաքրման աշխատանքներում>>,-նշել է կոմունալ տնտեսության վարչության պետը:
Կառլեն Ղազարյանը տեղեկացրել է նաև, որ ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում ձևավորվել են օպերատիվ շտաբեր, կազմվել է համապատասխան քարտեզ: Ձեռք են բերվել և արդեն իսկ վարչական շրջաններին են բաժանվել ձյան մաքրման համար անհրաժեշտ պարագաներ: Պահեստավորվել է ավելի քան 1000 տոնա աղ և 1600 խմ ավազ, կարգաբերվել է 260 միավոր մեքենասարքավորում: Գույքագրվել և ներգրավվել է նաև շինարարական կազմակերպությունների տրամադրած տեխնիկան, խմբեր են ձևավորվել նաև պայմանագրային հիմունքներով:

← Վերադառնալ ցուցակին