Լուրեր

Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներն ամփոփեցին Ֆրանսիա կատարած այցի արդյունքները

05.12.2012

Նոյեմբերի 25-29-ը Ֆրանսիայի Սենատի հրավերով ֆրանսիա Էր մեկնել ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի պատվիրակությունը, որը մասնակցել է նաեւ «Լեռնային Ղարաբաղ. խաղաղություն եւ երկխոսություն» թեմայով կլոր սեղանի աշխատանքներին: Պատվիրակության անդամներն այցի արդյունքներն ամփոփեցին դեկտեմբերի 5-ին ԱԺ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ խմբի անդամները տարբեր հանդիպումեր են ունեցել Ֆրանսիայի Սենատում, արտաքին գործերի նախարարությունում: Դրանց ընթացքում քննարկվել են ինչպես միջխորհրդարանական կապերի հետագա խորացմանը, այնպես էլ կրթության, առողջապահության, մշակույթի, գյուղատնտեսության եւ շատ այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Խնդիր է դրվել բարեկամական հարաբերություններ եւ փոխգործակցություն հաստատել ոչ միայն Ֆրանսիայի հայաշատ, այլեւ մյուս քաղաքների հետ եւս:

Կլոր սեղանի ընթացքում Հայ-ֆրանսիական պատգամավորական խմբի անդամներն առաջարկել են միջոցներ ձեռնարկել հանդուրժողականության մթնոլորտ հաստատելու ուղղությամբ: Ինչպես նշեց խմբի անդամ Մարգարիտ Եսայանը՝ Ֆրանսիա-Ադրբեջան պատգամավորական խմբի ներկայացուցիչները սովորաբար խեղաթյուրում են ԼՂ հիմնահարցի պատմությունը: Այդուհանդերձ, նա ուրախալի համարեց այն հանգամանքը, որ Ֆրանսիա-Հայաստան խմբում ընդգրկված ֆրանսիացի սենատորները շատ ճիշտ են ընկալում արցախյան հիմնախնդիրը: Պատգամավորի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն ներկաներին օբյեկտիվորեն եւ անկողմնակալ ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի ծագումնաբանությունը: Ներկայացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները՝ նա ընդգծել է, որ ԼՂ հիմնախնդիրը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով:

Մհեր Շահգելդյանն իր խոսքում ընդգծեց, որ մի շարք հանդիպումների ընթացքում հայ-ֆրանսիական պատգամավորական խումբը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից վարվող ռազմատենչ քաղաքականության մասին: Մասնավորապես նշվել է, որ Իլհամ Ալիեւի նախագահության օրոք Ադրբեջանի քաղաքական մոտեցումներում կտրուկ փոփոխություններ են եղել՝ Ադրբեջանի ներսում մեծացել են ատելության քարոզումը ու ռազմական հռետորաբանությունը, որոնք խորթ են եվրոպական դիրքորոշումներին:

Պատգամավոր Մնացական Մնացականյանը ներկայցրեց Թալինի եւ ֆրանսիական Բուր- լե Վալանս քաղաքի համագործակցությունը՝ նշելով, որ դրանք 2003 թվականից քույր քաղաքներ են. Թալինում այժմ գործում է ֆրանկոֆոնիայի կենտրոն, որը ֆինանսավորվում է ֆրանսիական կողմից:

Հայ-ֆրանսիական պատգամավորական խմբի անդամներն այցելել են նաեւ Օ. Դը. Սեն դեպարտամենտ, որը 4 մլն եվրոյի ներդրումներ է իրականացրել Տավուշի մարզում, գյուղատնտեսության ոլորտում, ոռոգման համակարգերում:  

← Վերադառնալ ցուցակին