Լուրեր

Խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը

04.12.2012

Դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված հարցերը:

Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ համաձայն նախագծի 1-ին հոդվածում կատարված փոփոխության՝ վարչական պատասխանատվություն է սահմանվում ոչ միայն շներ եւ կատուներ պահելու կանոնները խախտելու համար, այլեւ քաղաքային համայնքներում բոլոր տեսակի ընտանի կենդանիներ պահելու կանոնները խախտելու համար, եւ այդ գործերը քննելու լիազորությունը կվերապահվի համայնքների ղեկավարներին: Ըստ նախարարի՝ նախագծի մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է կարգավորել Երեւան քաղաքի վարչական սահմաններում կառուցապատողների կողմից շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցության նվազեցման, շինարարարական աշխատանքների իրականացման ընթացքում փողոցների երթեւկության եւ հետիոտնի անցումների անվտանգության ապահովման, կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակների տարանջատման ու սանիտարական վիճակի ապահովման հետ կապված հարաբերությունները: Հստակեցվում են նաեւ պետական եւ համայնքային բյուջե մուտքագրման ենթակա տուգանքները:

Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ երկու շաբաթ առաջ կառավարությունը հաստատել է Վարչական իրավախախտումների նոր օրենսգրքի հայեցակարգ, որի հիման վրա մինչեւ եկող տարվա վերջը հնարավոր կլինի պատգամավորների դատին ներկայացնել Վարչական իրավախախտումների մասին նոր օրենսգիրք:

Գլխադասային՝ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը նշեց, որ հանձնաժողովում օրինագիծը մանրամասն քննարկվել է եւ ստացել դրական եզրակացություն: Ըստ պատգամավորի՝ ներկայացված նախագիծը կարգավորում է մի շարք կարեւորագույն ոլորտներ:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ԱԺ պատգամավորներից առաջարկություններ չեն ներկայացվել եւ կառավարությունը եւս օրինագծերի փաթեթում փոփոխություն չի իրականացրել:

Այնուհետեւ խորհրդարանը առաջին ընթերցմամբ քնարկեց ԱԺ պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Գագիկ Մինասյանի հեղինակած «ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի ժամանակացույցը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Ըստ ժամանակացույցի՝ ԱԺ 12 մշտական հանձնաժողովներն իրենց հերթական նիստերը պետք է անցկացնեն սահմանված օրը եւ ժամին, որպեսզի ԱԺ փոքրաթիվ խմբակցությունների պատգամավորները հնարավորություն ունենան մասնակցելու բոլոր հանձնաժողովների նիստերին: Հիմնական զեկուցող՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ասաց, որ որոշման նախագիծը ներկայացվել է քառօրյա նիստերից առաջ ԱԺ նախագահի ղեկավարությամբ տեղի ունեցող աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են բոլոր խմբակցությունների ղեկավարները եւ մշտական հանձնաժողովների նախագահները:

Հարակից ելույթում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ հարցը բարձրացվել էր փոքր խմբակցությունների պատգամավորների կողմից: Ըստ հարակից զեկուցողի՝ բոլոր հանձնաժողովներում լիարժեք մասնակցություն ապահովելու համար փոքր խմբակցությունները պետք է ունենան օգնականներ:

Այնուհետեւ Ազգային ժողովը վերսկսեց «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները:

Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց բյուջեի նախագծի վերջնական տարբերակը եւ ամփոփաթերթում ներառված առաջարկները: Նա տեղեկացրեց, որ բյուջեի նախագծի վերաբերյալ ԱԺ հանձնաժողովներից, խմբակցություններից եւ անհատ պատգամավորներից ստացվել են 406 առաջարկներ, որոնց հիմնական մասը վերաբերում է տարբեր հատկացումներ նախատեսելուն, հատկացվող գումարները ավելացնելուն եւ հարկաբյուջետային քաղաքականությանը: Քննարկման արդյունքում ընդունվել են 67 առաջարկներ, իսկ 207 առաջարկների լուծումը հնարավոր է համարվել հաջորդ տարվա բյուջեով կամ միջնաժամկետ ծրագրով: ՀՀ կառավարությունն առաջարկել է մի շարք ոլորտներում ավելացնել եկամտային եւ ծախսային մասերը: Բյուջեի վերջնական տարբերակում առաջարկվում է եկամուտները սահմանել 1 տրիլիոն 32 միլիարդ 800 միլիոն դրամ իսկ ծախսերը՝ 1 տրիլիոն 152 միլիարդ 600 միլիոն դրամ: Այսինքն բյուջեի եկամտային եւ ծախսային մասերը սկզբնականի համեմատությամբ համապատասխանաբար ավելացել են 1,2 մլրդ դրամով:

Նախարարը պատասխանեց նաեւ պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին առաջարկների մերժման հիմնավորումներին:

Հարակից զեկուցող, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ներկայացնելով բյուջեի նախնական եւ վերջնական տարբերակների համեմատական նկարագիրը, կատարված փոփոխությունների հիմնական շարժառիթներն ու բյուջետային քաղաքականության առաջնահերթությունները, նկատեց, որ ընդհանուր առմամբ բյուջեի նախագծում կատարվել են ոչ էական փոփոխություններ եւ պահպանվել է բյուջեի գաղափարախոսությունը: Գագիկ Մինասյանն առաջարկեց կողմ քվեարկել նախագծին:

Բյուջեի նախագծի վերաբերյալ ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրեց Արծվիկ Մինասյանը: Նրա գնահատմամբ՝ վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունն ու ներկայացրած պետական բյուջեն համարժեք չեն երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին: Բանախոսը դա պայմանավորեց մի շարք հանգամանքներով, մասնավորապես՝ եկամուտներ-ՀՆԱ հարաբերակցությամբ, բյուջեում ծախսերի նվազեցման միջոցով գնաճի դեմ անարդյունավետ պայքարով, դեֆիցիտի ֆինանսավորման եւ վարկային ոչ նպատակաուղղված քաղաքականությամբ: Նրա գնահատմամբ՝ բյուջեն ոչ թե նպատակ պետք է լինի, այլ միջոց՝ մարտահրավերներին դիմակայելու համար: ԱԺ պատգամավորը հայտարարեց, որ ՀՅԴ խմբակցությունը դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին:

Ներկայացնելով «Օրինաց երկիր» խմբակցության տեսակետը՝ Հովհաննես Մարգարյանը մասնավորապես անդրադարձավ բյուջեով նախատեսված մի շարք սոցիալական խնդիրների լուծմանը, որոնք, նրա գնահատմամբ, իրենց խմբակցության համար ունեն անկյունաքարային նշանակություն: Դրանք են՝ ավանդների փոխհատուցման, աղետի գոտու բնակարանաշինության շարունակականությունը, անվճար բուժօգնության ծավալների ավելացումը, ուսանողական վարկերի ներդրման քաղաքականությունը, համայնքների անձնագրավորման գործընթացի շարունակականությունը: Ըստ Հովհաննես Մարգարյանի՝ բյուջեն չի կարող լուծել բոլոր հարցերը, եղած հնարավորությունները հաշվի առնելով՝ նա առաջնահերթության կարգով փորձում է լուծում տալ երկրի համար կենսական ու ռազմավարական նշանակություն ունեցող խնդիրներին: Պատգամավորը հայտարարեց, որ «Օրինաց երկիր» խմբակցությունը կողմ է քվեարկելու բյուջեի նախագծին, որտեղ ներառված են նաեւ իրենց կուսակցության ծրագրային դրույթները:

ՀԱԿ խմբակցության նկատառումները բյուջեի նախագծի վերաբերյալ ներկայացրեց Հրանտ Բագրատյանը: Նա տեղեկացրեց, որ իրենք 40 առաջարկ են ներկայացրել բյուջեի վերաբերյալ, որոնցից մեծ մասը, կառավարության գնահատմամբ, համահունչ է իրենց տնտեսական քաղաքականությանը, սակայն ոչ մեկը չի ընդունել: Հրանտ Բագրատյանն անդրադարձավ եկամուտների հաշվարկման կամ կանխատեսումների առկա ավանդույթներին՝ համոզմունք հայտնելով, որ եկամուտները պետք է հաստատել ըստ հարկատեսակների եւ ոչ թե մեկ տողով: Նա անդրադարձավ նաեւ բյուջեի ծախսային մասերի ոչ նպատակային բաշխմանը, մոնոպոլիզացիայի եւ ստվերային տնտեսության նվազեցման ուղղությամբ կատարվող ոչ բավարար քայլերին՝ հայտարարելով, որ ՀԱԿ խմբակցությունը 2013 թվականի բյուջեի նախագծին դեմ է քվեարկելու:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը գոհունակությամբ արձանագրեց, որ բյուջեի քննարկումները բավական ակտիվ էին: Անդրադառնալով ընդդիմության պահվածքին՝ նա հորդորեց չնեղանալ, քանի որ բոլոր ցանկությունները հնարավոր չէ ներառել բյուջեում. այդ առումով ավելի շատ նեղանալու առիթ պետք է ունենար Հանրապետական խմբակցությունը, քանի որ իրենց առաջարկների մեծ մասը չի ընդունվել: Մասնավորապես նա անդրադարձավ խորհրդարանական դիվանագիտության զարգացման նպատակով ԱԺ ներկայացուցչական ծախսերը ավելացնելու վերաբերյալ խմբակցության առաջարկին ու դրա մերժմանը: Նա հորդորեց բյուջեն գնահատելիս ավելի շատ ուշադրություն դարձնել գլոբալ խնդիրներին եւ նեղացածի կեցվածք չընդունել, առաջարկեց նաեւ քաղաքական երկփեղկվածությունը չտանել հասարակական երկփեղկվածության, չասել, որ բյուջեն վատ է, այլ նշել, որ բավարար չէ, քանզի ոչ ասելով հնարավոր չէ առաջ շարժվել: Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու բյուջեի նախագծին:

Եզրափակիչ ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա գոհունակություն հայտնեց շահագրգիռ քննարկումների եւ առողջ քննադատական դիրքորոշումների համար՝ հավաստիացնելով, որ կառավարությունը ընդդիմության քննադատության մեջ տեսնում է համագործակցության եզրեր: Նա անդրադարձավ եկամուտների կանխատեսելիության եւ ծախսային մասի նպատակային օգտագործման խնդիրներին եւ դրանց աստիճանական կատարելագործման նպատակով պատրաստակամություն հայտնեց համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ՝ այն դարձնելով հրապարակային քննարկման առարկա:

ԱԺ պատգամավորները քննարկեցին նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

ԱԺ կանոնակարգի համաձայն՝ Ազգային ժողովը ընդհատեց օրինագծերի քննարկումը եւ վերջին մեկ ժամը տրամադրեց ԱԺ պատգամավորների՝ մինչեւ երեք րոպե տեւող հայտարարություններին:

Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակի դեկտեմբերի 5-ին: 

← Վերադառնալ ցուցակին