Լուրեր

Հայաստանի Հանրապետությունը և Համաշխարհային բանկը հուսալի գործընկերներ են. Տիգրան Սարգսյան

04.12.2012

 Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հայաստանի՝ Համաշխարհային բանկին անդամակացության 20-ամյակին նվիրված ընդունելությանը: Կառավարության անունից ողջունելով ներկաներին վարչապետը նշել է. «Հայաստանի Հանրապետությունում իրականացվող տնտեսական բարեփոխումները և կառուցվածքային փոփոխությունները դժվար է պատկերացնել առանց Համաշխարհային բանկի գործուն մասնակցության: Գաղտնիք չէ, որ անցումային երկրների համար կարևորագույն խնդիր է՝ հավաքագրել բարեփոխումների ներուժը և այն ուղղել այնպիսի փոփոխությունների իրականացմանը, որոնք իրենց վրա կզգան մեր քաղաքացիները: Համաշխարհային բանկի առաքելությունը կայանում է հենց դրանում՝ օգնել բազմապատկելու առկա ներուժը, որպեսզի արդյունքները լինեն շոշափելի: Գրեթե չկա մի ոլորտ, որտեղ չենք ստացել Համաշխարհային բանկի էական օժանդակությունը. սկսած աղետի գոտում աշխատանքների կազմակերպումից՝ ավարտված ֆինանսական ոլորտով: Ուրախ եմ, որ մենք Համաշխարհային բանկի հետ չունենք ձախողված որևէ ծրագիր: Այս տարիների ընթացքում մեր աշխատանքը եղել է հավաքական՝ նվիրված պետության ամրապնդմանը: Ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը և Համաշխարհային բանկը հուսալի գործընկերներ են և մենք շահագրգիռ ենք, որպեսզի մեր համատեղ ծրագրերը շարունակվեն ու արդյունավետությամբ ներդրվեն Հայաստանում: Մենք դեռևս ունենք անցնելու երկար ճանապարհ»:
Վարչապետը ներկաներին տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի թիմի հետ հետաքրքիր քննարկում է տեղի ունեցել՝ երկկողմ ապագա համագործակցության վերաբերյալ. ներկայացվել են բանկի ներկայացուցիչների մասնագիտական վերլուծությունները՝ Հայաստանի առջև ծառացած նոր մարտահրավերների, դրանց լուծման եղանակների և գործիքակազմի վերաբերյալ:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի բոլոր աշխատակիցներին՝ բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափիի գլխավորությամբ, արդյունավետ համագործակցության և կատարված աշխատանքների համար:

← Վերադառնալ ցուցակին