Լուրեր

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԱԾ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱԺԵՇՏԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

30.11.2012

 Այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հրաժեշտի արարողությունը:

Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր ազդակ կհաղորդեն հայ-թուրքմենական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանը:

Թուրքմենստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ հրավերի և իր գլխավորած պաշտոնական պատվիրակությանը ջերմ ընդունելության արժանացնելու համար, նշելով, որ նույնպիսի հյուրընկալության են արժանացել նաև մի քանի օր առաջ Հայաստան ժամանած թուրքմենական պատվիրակության մյուս անդամները՝ մշակույթի և արվեստի գործիչները:

Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը վստահություն է հայտնել, որ այցից հետո, անկասկած, կլինեն լավ արդյունքներ և՛ առևտրատնտեսական, և՛ մշակութային, հումանիտար ոլորտներում, ինչպես նաև կշարունակվի համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

← Վերադառնալ ցուցակին