Լուրեր

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԺԿ նախագահ Ուիլֆրիդ Մարթենսին

30.11.2012

Նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենսին: Հանդիպմանը ներկա էր Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Յացեկ Սարիուս-Վոլսկին:

Ողջունելով ԵԺԿ նախագահին` ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ մեկ տարվա ընթացքում պարոն Մարտենսի երկրորդ այցը Հայաստան վկայում է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների սերտացման ու զարգացման մասին եւ համոզմունք հայտնեց, որ այն լրացուցիչ խթան կհանդիսանա եվրոպական մեծ ընտանիքին Հայաստանի ինտեգրման գործընթացին: Նրա խոսքով` 2012 թվականը նշանակալից էր ՀՀ երեք քաղաքական կուսակցությունների` ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի եւ «Ժառանգության» համար, որոնք դիտորդի կարգավիճակով անդամակցեցին ԵԺԿ-ին: ԱԺ նախագահի խոսքով` հայաստանյան կուսակցությունների անդամակցությունը ԵԺԿ-ին դիտվում է որպես Եվրոպայի հետ ասոցացման գործընթացի կարեւորագույն բաղադրիչ եւ բխում է մեր ընդհանուր քրիստոնեական ժառանգությունից, ինչպես նաեւ հիմնարար ազատությունների, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների սկզբունքներին մեր հավատարմությունից: Խորհրդարանի ղեկավարը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանը՝ ՀՀ նախագահի գլխավորությամբ, մեծ ջանքեր է գործադրել եվրոպական արժեհամակարգի վրա հիմնված ժողովրդավարական երկիր կառուցելու, Եվրամիության հետ հարաբերությունները էլ ավելի խորացնելու ուղղությամբ, եւ այսօր մենք արձանագրել ենք տեսանելի հաջողություններ: Հովիկ Աբրահամյանը ընդգծեց, որ ՀՀ Ազգային ժողովը կանի հնարավորը` էլ ավելի խթանելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացումը:

Ուիլֆրիդ Մարթենսը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նշեց, որ իր վերջին այցից հետո դրական արդյունքներ եւ առաջընթաց է գրանցվել եւ կարեւորեց Հայաստանի երեք կուսակցությունների անդամակցությունը ԵԺԿ-ին: Նա ուրախությամբ փաստեց, որ այսուհետ հայաստանյան կուսակցությունները իրենց ակտիվ մասնակցությունն են բերում եւ ներգրավված են Եվրոպայում քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: 

← Վերադառնալ ցուցակին