Լուրեր

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպեց եվրոպացի փորձագետների հետ

28.11.2012

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նոյեմբերի 28-ին հանդիպեց Լեհաստանի, Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի փորձագետների հետ, ովքեր նպատակ ունեին նախնական ուսումնասիրություն կատարելու Հարավային Կովկասի հանրապետություններում՝ անվտանգության ոլորտի բարեփոխումների կենտրոնի նախագծի իրականացման համար:

Նախագծով զբաղվող առաջատար կազմակերպությունը Սլովակիայի Եվրոպական եւ Հյուսիսատլանտյան գործերի կենտրոնն է, որի գործընկերներն են Չեխիայի եւ Լեհաստանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտները, Հունգարիայի Հանրային ծառայության ազգային համալսարանը, իսկ Հայաստանում՝ «Սպեկտրում» ռազմավարական վերլուծական կենտրոնը:

Ինչպես հյուրերը ներկայացրին, իրենց հանդիպումների նպատակը անվտանգության ոլորտում Հայաստանի կարիքների ու փորձի քննարկումն է, ներկա իրողությունների արձանագրումը եւ ճշգրտումն այն հարցի, թե ինչպես կարող է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի փորձը կիրառվել Հայաստանում:

Կորյուն Նահապետյանը, կարեւորելով փորձագետների առաքելությունը, նկատեց, որ տարածաշրջանի երեք հանրապետություններում անվտանգության խնդիրները եւ ընդհանրություններ ունեն, եւ զգալի տարբերություններ, որոնք պայմանավորված են հիմնախնդիրների առանձնահատկություններով եւ որոնց պատճառները պետք է լավագույնս ուսումնասիրվեն՝ օբյեկտիվ ու ճշմարիտ հետեւություններ անելու եւ արդյունավետ համագործակցություն ծավալելու համար:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ Ազգային ժողովի եւ նրա մարմիններից մեկի՝ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի կարեւորագույն գործառույթներից մեկը ուժային կառույցների խորհրդարանական վերահսկողությունն է, որն իրականացվում է օրենսդրական բարեփոխումների ու դրանց կիրառման, բյուջետային վերահսկողության, գործադիր մարմնի հետ տարբեր ձեւաչափերով քննարկումների եւ ստուգայցերի ճանապարհով: Այս ոլորտում եվրոպացի փորձագետների հետ կարող է արդյունավետ համագործակցություն ծավալվել, եթե նրանք կոնկրետ առաջարկներով հանդես գան, ներկայացնեն իրենց երկրների փորձը: Ըստ Կորյուն Նահապետյանի՝ համագործակցության ձեւեր կարող են լինել նաեւ մասնագետների վերապատրաստումը, ուսումնական դասընթացները, ոլորտին վերաբերող ձեռնարկների հրատարակությունները: Նա փորձագետներին առաջարկեց համագործակցության կոնկրետ ձեւերի մասին ներկայացնել իրենց պատկերացումները, որպեսզի ուղղությունները հստակեցվեն եւ համագործակցությունը հետագայում դառնա առավել արդյունավետ: 

← Վերադառնալ ցուցակին