Լուրեր
Վարչապետ. «ՀՀ յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պետության հետ միասին պատասխանատվություն է կրում բարեկեցիկ ծերության համար»
28.11.2012
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել «Կենսաթոշակային բարեփոխումներ. հեռանկարներ և իրականություն» թեմայով երկօրյա միջազգային երկրորդ գիտաժողովին: Այն անցկացվում է կենսաթոշակային տարեկան երկրորդ համաժողովի շրջանակում, որը կազմակերպվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Սոցիալական ապահովության պետական ծառայության և «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի կողմից:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին և կարևորելով նման ձևաչափով քննարկումները` վարչապետ Սարգսյանը նշել է, որ կենսաթոշակային բարեփոխումը հասարակության բոլոր ինստիտուտներին առնչվող և բոլոր ոլորտներում արմատական փոփոոխություններ պահանջող ամենաբարդ ռեֆորմներից է:
«Արդեն անցել է ավելի քան ութ տարի, ինչ առաջին անգամ հանրությանը ներկայացրինք Հայաստանի Հանրապետությունում կուտակային համակարգի ներդրման անհրաժեշտությունը: Այդ ընթացքում տարբեր կառույցներից ստացել ենք ֆինանսական և տեխնիկական օժանդակություն, ձևավորել ենք երիտասարդ մասնագետների թիմ, որը ծանոթ է միջազգային փորձին, տիրապետում է կենսաթոշակային բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքների, ունենք մոդելներ, որոնք հնարավորություն են տալիս դիտարկել տարբեր սցենարներ և այդ հաշվարկների հիման վրա դուրս բերել Հայաստանի համար առավել օպտիմալ տարբերակը: Մենք նաև ձևավորել ենք կենտրոն, որի նպատակն է հանրությանն իրազեկել կենսաթոշակային բարեփոխման ուղղությամբ մեր կողմից իրականացվող բոլոր միջոցառումների մասին: Մեր հայեցակարգը քննադատության պակաս չի զգում, և պետք է օգտվենք դրանից, որովհետև քննադատները փորձում են բացահայտել և հանրությանը ներկայացնել դրա թույլ կողմերը»,- ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ բաշխողական համակարգի դեպքում կենսաթոշակառուների կենսամակարդակը պայմանավորված է ոչ թե նրանց աշխատանքային կենսագրությամբ, այլ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակով, համաշխարհային տնտեսության կոնյուկտուրային փոփոխություններով: Ի վիճակի չլինելով վերցնել այդ ֆինանսական բեռը` զարգացած երկրները փորձում են կենսաթոշակային տարիքի փոփոխության և որոշակի սոցիալական պարտավորություններից հրաժարվելու ճանապարհով մեղմել սոցիալական լարվածությունը, բայց ապարդյուն:
Վարչապետի խոսքով` մասնագետները նշում են, որ, ի տարբերություն զարգացած երկրների, Հայաստանն այսօր դեռևս ունի հնարավորությունների պատուհան և պետք է օգտվի դրանից` իրականացնելով կենսաթոշակային բարեփոխումներ. «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պետության հետ միասին պատասխանատվություն է կրում իր բարեկեցիկ կենսաթոշակային տարիքի համար: Դա ոչ միայն պետության, այլև յուրաքանչյուր աշխատող քաղաքացու պարտավորությունն է` մտածել բարեկեցիկ ծերության մասին, այսինքն` նա պարտավոր է աշխատանքի ընթացքում որոշակի հատկացումներ կատարել իր անձնական հաշվին և կուտակել ապահով ծերության համար: Ընդ որում, որպեսզի այդ անցումն ավելի մոտիվացված լինի, պետությունը պարտավորություն է ստանձնում կրկնապատկել իր քաղաքացիների խնայողությունները. որքան քաղաքացին կկուտակի իր հաշվին, այդքան պետությունը կկրկնապատկի նրա խնայողությունը: Այսպիսի մոտեցումը պարտադրում է, որպեսզի հասարակությունը փոխի իր մտածողությունն այս բնագավառում: Մեր երիտասարդները պարտավոր են ծանոթանալ այս հայեցակարգին, քանի որ 2014 թ. հունվարի 1-ից նրանք պետք է ընտրություն կատարեն և ինքնուրույն պլանավորեն իրենց ապագան»:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ կուտակային հիմնադրամներ ներդնելու պարագայում պետությունը չի խուսափում պատասխանատվությունից: Մասնավորապես, կուտակային կենսաթոշակային համակարգն ունի նվազագույն սոցիալական երաշխիքների բաղադրիչ, որտեղ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է պետության վրա: «Պետությունը պարտավորություններ ունի սոցիալապես խոցելի խավերի նկատմամբ և երաշխավորում է նվազագույն սոցիալական ապահովվածություն իր բոլոր քաղաքացիների համար»: Գործելու են նաև կամավոր կուտակային հիմնադրամներ այն քաղաքացիների համար, ովքեր կցանկանան կուտակել օրենսդրությամբ սահմանված նվազագույն չափից ավելի գումար:
Վարչապետն անդրադարձել է քաղաքացիների խնայողությունների կառավարման և երաշխիքների հարցին. «Այս խնդրի շուրջ բազմաթիվ քաղաքական շահարկումներ կան: Մեր հայեցակարգի դրույթները ճիշտ չեն ներկայացվում. փորձում են մարդկանց վախեցնել, որ այդ միջոցները պետությունը կփոշիացնի, և ապագայում քաղաքացին խնայողություններ չի ունենա: Այս հարցում էական նշանակություն ունի, թե ովքեր են լինելու կառավարիչները: Հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը` օրենսդրությամբ սահմանել ենք բավական խիստ չափանիշներ կառավարիչների ընտրության և կուտակված միջոցների կառավարման համար: Այդ միջոցները կարող են պահվել միայն հուսալի արխիվներում, որոնք համաշխարհային համադրումների ներքո համարվելու են առավել ապահով ակտիվներ: Պետությունը նաև պատրաստ է երաշխավորել գնաճին և փոխարժեքին առնչվող որոշակի ռիսկեր»:
Ներկայացնելով կենսաթոշակային բարեփոխման ուղղությամբ ՀՀ կառավարության նախաձեռնած քայլերը` վարչապետ Սարգսյանը նշել է, որ, մասնավորապես, Հայաստանում ներդրվում է անհատական հաշիվների համակարգ, որը հնարավորություն կտա 2013 թ. առնվազն 65 հազար տնտեսվարող սուբյեկտ ունենալ էլեկտրոնային ստորագրություն ու էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնել հարկային մարմիններին:
Տիգրան Սարգսյանի խոսքով` ցանկացած բարեփոխում ենթադրում է քաղաքացիների վարքագծային կանոնների փոփոխություն, ինչը բավական ցավոտ գործընթաց է: Որպես հաջողված ռեֆորմի օրինակ նա մատնանշել է ճանապարհատրանսպորտային պատահարների պարտադիր ապահովագրության ինստիտուտի ներդրումը, որի նկատմամբ հասարակությունն այլևս բացասական վերաբերմունք չունի: Այդ տեսակետից կառավարության ղեկավարը կարևորել է միջազգային փորձի ուսումնասիրությունը և փոխանակումը:
Իր խոսքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար Քերեն Հիլիարդը բարձր է գնահատել կենսաթոշակային բարեփոխումների ուղղությամբ ՀՀ կառավարության գործողությունները. «Այսօր Հայաստանի կառավարությունը պատրաստ է գործարկելու եռաստիճան կենսաթոշակային համակարգը, որը վերջ կդնի կենսաթոշակառուների շրջանում աղքատությանը: Կառավարությունը ներգրավել է միջազգային փորձագետների և կառուցել նախագիծ, որը կօգնի մարդկանց մասնակցություն ունենալ կենսաթոշակային խնայողություններ կատարելու գործին: Այն պատասխանատվություն ունի կրթել ու տեղեկացնել քաղաքացիներին համակարգի մասին, իսկ ներկայիս սերունդը, որ համակարգի շահառուն է, պետք է բարձր գիտակցություն ունենա, որ ինքն այն անցումային օղակն է, որ կապահովի և՛ իր ծնողների, և՛ իր կենսաթոշակային գումարները»:
Նոյեմբերի 27-28-ը Երևանում անցկացվող միջոցառմանը հրավիրված է ավելի քան 130 մասնակից` ԱՊՀ և Եվրամիության անդամ երկրների կենսաթոշակային հիմնադրամների ղեկավարներ, մասնագետներ, պետական կառավարման մարմինների ու գերատեսչությունների, առևտրային բանկերի և այլ ֆինանսական կառույցների, ասոցիացիաների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, փորձագետներ, ինչպես նաև ակտիվների կառավարիչներ: Տարեկան համաժողովի նպատակն է ուսումնասիրել կենսաթոշակային ոլորտում բարեփոխումներ նախաձեռնած երկրների փորձը և մարտահրավերները, ինչպես նաև ամփոփել Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների առաջին երկու տարվա ընթացքում կատարված աշխատանքները և քննարկել առաջիկա անելիքները: Միջոցառման իրականացմանն աջակցել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ու Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների միջազգային ասոցիացիան: