Լուրեր

Բաշկիրիայի ԱԺ փոխնախագահն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

24.11.2012

Նոյեմբերի 24-ին Երեւանում գտնվող Բաշկիրիայի ԱԺ նախագահի տեղակալ Ռաֆայիլ Զինուրովը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Բաշկիրիայի Աժ փոխնախագահը ծաղիկներ դրեց Հուշապատի մոտ գտնվող Արցախյան հերոսամարտի ազատամարտիկների շիրիմներին, 1915թ. Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեց անմեղ զոհերի հիշատակը։

«Արդեն չորրորդ անգամ եմ Հայաստանում եւ յուրաքանչյուր անգամ մեծ ցավ եմ ապրում լինելով Ծիծեռնակաբերդում: Այս հուշահամալիրը ոչ միայն հայ ժողովրդի համար է սրբավայր, այլեւ ողջ մարդկության։ 1915 թվականին տեղի ունեցածը մեծագույն կորուստ է Հայաստանի եւ ողջ հայության համար։ Ես գտնում եմ, որ Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի ամբողջ աշխարհի կողմից»,-լրագրողներին ասաց Ռաֆայիլ Զինուրովը:

Բաշկիրիայի խորհրդարանի փոխնախագահը եղավ նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացավ Հայոց մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, գրառում կատարեց Հուշամատյանում. «Բառեր չեմ գտնում։ Խորապես ցնցված եմ։ Երկնային արքայություն բոլոր նահատակվածներին։ Հայաստան, հայեր՝ բաշկիրները, Բաշկիրիան Ձեզ հետ են»։  

← Վերադառնալ ցուցակին