Լուրեր

Ավան վարչական շրջանում բացվել է Սայաթ-Նովայի կիսանդրին

23.11.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է հայ մեծ քնարերգու Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Ավան վարչական շրջանում տեղադրված բանաստեղծի կիսանդրու բացմանը:
Բանաստեղծի անունը կրող թաղամասի համանուն պուրակում տեղադրված կիսանդրու հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, քանդակի հեղինակ Լևոն Թոքմաջյանը, Երևանի ավագանու անդամներ, արվեստի և մշակույթի գործիչներ, հյուրեր և Ավանի բնակիչներ:
<<Գաղափարը վաղուց էր քննարկվում ու այսօր Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում կյանքի կոչվեց: Ինչպես գիտեք, Ավան վարչական շրջանի թաղամասերը անվանակոչված են մեր հայ մեծերի անուններով, և մենք ծրագրել ենք այդ թաղամասերից յուրաքանչյուրում առկա պուրակներում տեղադրել նմանատիպ կիսանդրիներ: Այս ծրագիրը հաստատ լինելու է շարունակական>>,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Կիսանդրու բացման հանդիսավոր արարողության շրջանակում կազմակերպվել էր նաև տոնական համերգ-միջոցառում՝ աշուղական երգերի լավագույն կատարողներ Թովմաս Պողոսյանի, Արուս Գուլանյանի և այլոց մասնակցությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին