Լուրեր

Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում բացվել է <<Մեկ պատուհան>>

22.11.2012

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Փ. Բուզանդի 1/3 հասցեում գտնվող քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում <<Մեկ պատուհան>> սկզբունքով աշխատող նոր գրասենյակի բացմանը: Բնակչության հետ շփումն ավելի մատչելի և օպերատիվ դարձնելու նպատակով բացված գրասենյակը, որը հագեցած է ժամանակակից տեխնիկական միջոցներով, հնարավորություն է ընձեռում փաստաթղթերի, դիմումների մուտքագրման և դրանց հիմքով ձևակերպված փաստաթղթերը հասցեատերերին առաքելու կամ առձեռն հանձնելու գործընթացներն առավել արդյունավետ իրականացնել:
Բնակիչներին այստեղ կսպասարկեն մասնագիտական բարձր որակավորում ունեցող իրավախորհրդատուներ և մասնագետներ, ինչը հնարավորություն կտա առավել բարելավելու քաղաքացիների և իրավաբանական անձանց մատուցվող ծառայությունների մակարդակն ու սպասարկման որակը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է գրասենյակում, ծանոթացել պայմաններին:
<<<<Մեկ պատուհանի» սկզբունքով գործող այս նոր գրասենյակի բացումը, վստահ եմ, մեծապես կնպաստի մեր քաղաքացիներին անհրաժեշտ այս կամ այն փաստաթղթի տրամադրման գործընթացը առավել հեշտ և մատչելի դարձնելուն: Այստեղ ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի պատշաճ մակարդակի և որակի ծառայություններ մատուցվեն: Բնակիչների հետ մշտական կապը պահպանելու և բարձրացվող խնդիրներին առավել արագ լուծումներ տալու նպատակով մենք սահմանել ենք նաև ընդունելության կարգ, համաձայն որի աշխատակազմի յուրաքանչյուր վարչություն ունի ընդունելության հատուկ օր: Բացի այդ, սահմանված կարգի համաձայն բոլոր 12 վարչական շրջաններում հինգշաբթի օրերին կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն>>,- նշել է Տարոն Մարգարյանը:
Նորաբաց գրասենյակի միջոցով կիրականացվեն ցանկացած բնույթի քաղաքաշինական և հողօգտագործման փաստաթղթերի, այդ թվում՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքների, ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի, շինարարության և քանդման թույլտվությունների, ավարտված շինարարության փաստագրման ակտերի, գլխավոր հատակագծերի, նշահարման ակտերի, տեղագրական հանույթների և այլ փաստաթղթերի տրամադրում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին տեղում հանձնարարել է քաղաքապետարանի երկու մասնաշենքերում և վարչական շրջաններում առավել մատչելի ու տեսանելի վայրում փակցնել քաղաքապետարանի վարչության պետերի և վարչական շրջանների ղեկավարների ընդունելության օրերի ժամանակացույցն ու քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող թեժ գծերի հեռախոսահամարները:
Գրասենյակի աշխատանքներին ծանոթանալուց հետո, քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է նաև վարչական երկրորդ մասնաշենքի վերջերս վերանորոգված հարկաբաժիններով և ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին:

← Վերադառնալ ցուցակին