Լուրեր

Ցուցահանդես-մրցույթ` <<Կյանքն առանց բռնության>>

20.11.2012

Երեխաների հանդեպ բռնության նվազեցման միջազգային օրվա առիթով մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 125 դպրոցում <<Վորլդ Վիժն>> Հայաստան կազմակերպությունը` Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող <<Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում>> ծրագրի շրջանակներում, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Ոստիկանության հետ համատեղ, կազմակերպել էր <<Կյանքն առանց բռնության>> խորագրով լուսանկարների ցուցահանդես-մրցույթ:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների երեխաներին հնարավորություն էր տրվել լուսանկարների միջոցով սեփական վերաբերմունքն արտահայտել երեխաների նկատմամբ կիրառվող բռնությունների վերաբերյալ: Ցուցահանդես-մրցույթին առանձնացվել էին հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր դպրոցից նախապես ընտրված 5-ական լուսանկար, իսկ միջոցառման ընթացքում ներկաների առավել շատ ձայներ ստացած աշխատանքները ներկայացվել են մրցանակաբաշխության: Ըստ այդմ, առաջին 3 տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են թիվ 136, թիվ 137 և թիվ 180 դպրոցները:
Հանձնաժողովի կողմից լավագույն լուսանկար է ճանաչվել 136 դպրոցի աշակերտուհի Դիանա Հակոբյանի <<Կտրված ծառը>> լուսանկարը: Ցուցահանդես-մրցույթի բոլոր մասնակիցները ստացել են խրախուսական մրցանակներ, իսկ եռյակում հայտված դպրոցներն ու մասնակիցները` թանկարժեք նվերներ:

← Վերադառնալ ցուցակին