Լուրեր

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Ֆլորենցիա

16.11.2012

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը, քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանի գլխավորությամբ, նոյեմբերի 7-11-ը պաշտոնական այցով եղել է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում, ուր մասնակցել է <<Ֆլորենցիայի մշակույթը ժառանգության ու արժեքների վերականգնում>> խորագիրը կրող ցուցահանդեսին։
Ցուցահանդեսի շրջանակում ունեցած իր ելույթում քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը ներկայացրել է Երևանի Շենգավիթ, Էրեբունի, Կարմիր բլուր հնավայրերի պահպանման ու նրանց հանրահռչակման խնդիրները: Ոլորտի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են հնարավոր ներդրումների և հուշարձանները մշակութային ժառանգության համաշխարհային ցանկերում ներառելուն առնչվող հարցեր:Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Սպինելի ինստիտուտի գործադիր տնօրեն տիկին Ելենա Ամոդեյի հետ, ինչպես նաև այցելել է Terre Levante Fiorentino տուրիզմի և տարածաշրջանի զարգացման գործակալություն։
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է կլոր սեղանի, ուր քննարկվել են համագործակցության նախագծեր ու Երևանում Սպինելի ինստիտուտի մասնաճյուղ բացելու հեռանկարը: <<Պալացո Սպինելի>> վերականգնման ակադեմիայում պատվիրակությանը ներկայացվել են ինստիտուտի իրականացրած եկեղեցիների պահպանման և վերականգնման, մշակութային արժեքների պահպանման փորձն ու այդ ուղղությամբ իտալական դպրոցի ավանդույթները։Այցի ընթացքում Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը հանդիպել է նաև Տոսկանա նահանգի Բանյո ա Ռիպոլիի քաղաքապետ Լուչիանո Բարտոլինիի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև տուրիզմի և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր հետաքրքրված էին հայաստանյան շուկայով:
Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Բանյո ա Ռիպոլիի քաղաքապետին հրավիրել է Երևան:

 

← Վերադառնալ ցուցակին