Լուրեր

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունեց Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչսին

15.11.2012

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 15-ին ընդունեց Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչսին: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց այն պատմական բարեկամական հարաբերությունները, որոնք առկա են հայ եւ լատիշ ժողովուրդների, երկու երկրների միջեւ: ԱԺ փոխնախագահի խոսքերով՝ այդ կապերը նախ եւ առաջ պայմանավորված են միեւնույն արժեհամակարգով, հավատարմությամբ ժողովրդավարական, եվրոպական արժեքներին: Ըստ նրա՝ թե Հայաստանին, թե Լատվիային անկախությունը հեշտ չի տրվել: «Մենք Հայաստանում քաջ գիրտակցում ենք անկախության, ժողովրդավարության արժեքը, մեզ համար ժողովրդավարությանն այլընտրանք չկա»,-նշեց ԱԺ փոխնախագահը: Նա հավաստիացրեց, որ Հայաստանը հաստատակամորեն ընտրել է եվրաինտեգրման ճանապարհը, կարեւորում է Արեւելյան գործընկերության քաղաքականությունը, եւ որքան խորացնում ենք ժաղովրդավարությունը, այնքան մեծանում է համագործակցության աստիճանը: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը Հայաստանի համար կարեւորեց եվրաինտեգրման լատվիական փորձը նշելով, որ ակնկալվում է սերտ համագործակցություն:

Երկկողմ հարաբերություների հետագա ամրապնդման գործում ԱԺ փոխնախագահը կարեւորեց միջխորհրդարանական կապերի աշխուժացումը: Նշելով, որ գալիք տարի ծրագրված է ՀՀ Ազգային ժողովի նախագահի այցը Լատվիա, պարոն Շարմազանովը, որպես Հայաստան-Լատվիա միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ, ընդգծեց նաեւ համագործակցության ծավալման անհրաժեշտությունը բոլոր մակարդակներով: Նա կարեւորեց խորհրդարանական դիվանագիտության դերը, նշելով, որ այդ ձեւաչափում կարելի է ընդգրկել հարցերի լայն շրջանակ:

Հիշեցնելով, որ դեռեւս 2005 թ. Լատվիայի խորհրդարանում քննարկվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւ, որի օգտին քվեարկել է շուրջ յոթ տասնյակ պատգամավոր, ապա ուղարկվել խմբագրման, ԱԺ փոխնախագահը հույս հայտնեց, որ ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին, Լատվիան կմիանա այն երկրների թվին, որոնք իրենց դատապարտող խոսքն են ասել մարդկության հանդեպ գործած այդ ոճրագործության առնչությամբ:

Անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականության հարցերին, Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայկական կողմի դիրքորոշումը: «Մեր որդեգրած սկզբունքները համընկնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտեցումներին: Մենք կողմ ենք հակամարտության խաղաղ կագավորմանը՝ հայտնի երեք սկզբունքների հիման վրա, այլ Ճանապահ չկա»,-ասաց ԱԺ փոխնախագահը, ի հայկադրություն՝ ընդգծելով ադրբեջանական իշխանությունների ռազմատենչ կեցվածքը: Վերջինս, ըստ նրա, անընդունելի է ոչ միայն Հայաստանի, այլեւ եվրոպական ու համամարդկային արժեքներին հավատարիմ մյուս երկրների համար:

ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաեւ սաֆարովյան գործին՝ Ադրբեջանի կողմից մարդասպանի հերոսացումը որակելով կատարյալ անհեթեթություն:

«Հայաստանը բարձր է գնահատում Լատվիայի հետ ունեցած բարեկամական հարաբերությունները, պատրաստակամ է խորացնելու դրանք բոլոր ուղղություններով, որին մեծապես կնպաստի երկկողմ միջխորհրդարանական կապերի ամրապնդումը»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչսին նշեց, որ քաղաքական առումով Հայաստանի եւ Լատվայի միջեւ հաստատված են շատ լավ հարաբերություններ, որոնց զարգացմանը նպաստում են ինչպես եղած ընդհանրությունները, այնպես էլ ամենատարբեր մակարդակներում երկկողմ այցելությունները: Նա եւս կարեւորեց միջխորհրդարանական կապերի աշխուժացման անհրաժեշտությունը բոլոր ուղղություններով: Ըստ Էդգարս Ռինկեւիչսի՝ երկկողմ հարաբերություններում կա մեծ չօգտագործված ներուժ, հատկապես՝ տնտեսական ոլորտում: Նրա խոսքով՝ փոխգործակցության լայն հնարավորություններ կան ապրանքաշրջանառության մեծացման, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, շատ այլ ոլորտներում: Արտգործնախարարը տեղեկացրեց, որ ԼՀ էկոնոմիկայի նախարարությունում նախապատրաստվում են միջկառավարական հանձնաժողովի ձեւավորմանը, եւ արդեն գալիք տարի ակնկալվում է անցկացնել համատեղ նիստ:

Նա ողջունեց եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերը, պատրաստակամություն հայտնելով ամենայնս աջակցել դրանց հետագա խորացմանն ուղղված ջանքերին:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Լատվիայի արտգործնախարարը նշեց, որ իր երկիրը եւս հանգուցալուծումը տեսնում է միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով եւ հայտնի երեք սկզբունքների պահպանմանբ: Նա կարեւորեց բանակցային գործընթացի շարունակականությունը, որին պետք է նպաստի նաեւ եվրոպական հանրությունը:

Սաֆարովյան գործի առնչությամբ Էդգարս Ռինկեւիչսին նշեց, որ իրենց դատապարտող վերաբերմունքն արտահայտել են Հյուսիսային Բալթիայի երկրների համատեղ հայտարարության մեջ: Ըստ նրա՝ պետք է միասնական ջանքեր գործադրել, որ համանման դեպքերը չկրկնվեն ու իրեց ազդեցությունը չունենան բանակցային գործընթացի վրա:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաեւ տարածաշրջանային խնդիրներին, հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստանում առաջիկա նախագահական ընտրություններին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: 

← Վերադառնալ ցուցակին