Լուրեր
Ազգային ժողովը շարունակեց ՀՀ 2013 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը
13.11.2012
Նոյեմբերի 13-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստին ներկա էին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոն եւ նրա գլխավորած պատվիրակությունը:
Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Մեծարգո պարոն Օռիկո, շատ ուրախ ենք ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալել քաղաքական ու պետական գործչի, ով ներկայացնում է մի պետություն, որը սկիզբ դրեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին»: Խորհրդարանի ղեկավարը նշեց, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Ուրուգվայի այդ քայլը եւ շնորհակալություն հայտնեց Խորխե Օռիկոյին ու բարեկամ Ուրուգվայի ժողովրդին:
Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահն իր ելույթում նշեց, որ Ուրուգվայը փոքր երկիր է, որի բնակիչները շատ նմանություններ ունեն հայերի հետ: Ըստ Խորխե Օռիկոյի՝ Ուրուգվայը եղել է եւ մշտապես կլինի մարդու իրավունքների պաշտպան: «Մենք թոռներն ենք այն ուրուգվայցիների, որոնք 1915թ.-ին բացեցին իրենց սրտերը՝ ընդունելու հետապնդվող ազգերին, որոնց թվում կային նաեւ հայեր»,-ասաց Խորխե Օռիկոն: Նշելով, որ Ուրուգվայն աշխարհում առաջին պետությունն է, որ օրենքի ուժով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Խորխե Օռիկոն տեղեկացրեց, որ իրենց երկրում գործում է հայերի ցեղասպանության թանգարան, եւ ամեն տարի ապրիլի 24-ին Ուրուգվայի խորհրդարանում հիշում են Հայոց ցեղասպանությունը, հարգում զոհերի հիշատակը: Ավելի քան 120 գործընկեր պետությունների մեջ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահը Հայաստանն առանձնացրեց իբրեւ կարեւոր ռազմավարական գործընկեր:
Այնուհետեւ պատգամավորները շարունակեցին նիստի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեցին նախորդ օրը քննարկված բոլոր հարցերը: Ազգային ժողովը շարունակեց նախորդ օրն ընդհատված «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:
2013 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ հարակից ելույթ ունեցավ ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Նա նշեց, որ չնայած համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղմանը՝ տնտեսական զարգացումներն ընթացիկ տարվա ութ ամիսներին բնութագրվել են ներմուծման նկատմամբ արտահանման առաջանցիկ աճով, արտադրական հզորությունների ավելացմամբ եւ ներքին պահանջարկի վերականգնման տեմպերի արագացմամբ: Արդյունքում՝ տնտեսական աճն ըստ տարվա առաջին եռամսյակի՝ 5.6% ցուցանիշի դիմաց երկրորդ եռամսյակում կազմել է 6.2%: Զեկուցողը իրատեսական համարեց տարվա համար կանխատեսված 7.1 % տնտեսական աճի ապահովումը:
Նշվեց, որ ուղղորդվելով միջինժամկետ հատվածում պարտքի արդյունավետ կառավարման եւ մակրոտնտեսական կայունության ապահովմանն ուղղված ռազմավարության դրույթներով՝ տարվա ընթացքում շարունակվել է իրականացվել պակասուրդի կրճատմանն ուղղված հարկաբյուջետային քաղաքականություն: 2012 թվականին պետական բյուջեի եկամուտների հավաքագրումն ընթացել է ծրագրված համամասնությունների ապահովման ուղղությամբ. 2012 թ.-ի յոթ ամիսների տվյալներով՝ հարկային եկամուտները, ներառյալ պարտադիր սոցիալական ապահովության վճարները, ապահովել են ծրագրված մակարդակը եւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել 7.1%-ով: 2012 թ.-ի արդյունքում սպասվում է, որ հարկային եկամուտները կապահովեն տարվա համար ծրագրված մակարդակը՝ նախորդ տարվա նկատմամբ արձանագրելով 12.8% աճ:
Ըստ Ներսես Երիցյանի՝ մակրոտնտեսական կայունության եւ տնտեսական աճի խթանման ապահովմանն ուղղված 2012 թ.-ի ծրագրերի հետեւողական եւ շարունակական իրականացման, ինչպես նաեւ հարկաբյուջետային եւ դրամավարկային կոորդինացված քաղաքականության շարունակության պայմաններում հնարավոր կլինի ապահովել 2012 թ.-ի համար նախանշված տնտեսական աճի բարձր մակարդակ:
Շարունակելով պետական բյուջեի պակասուրդի կրճատմանն ուղղված միջոցառումների իրականացումը՝ 2013 թ.-ին նախատեսվում է բյուջեի պակասուրդը հասցնել մինչեւ 2.6%-ի, որը 0.2%-ային կետով ցածր է 2012 թ.-ին սպասվող նույն ցուցանիշից: Պետական բյուջեի պակասուրդի նման կրճատումը տնտեսական աճի կանխատեսված բարձր մակարդակի պայմաններում կնպաստի պետական պարտքի բեռի աստիճանական նվազեցմանը եւ պարտքի կայունացմանը: Զեկուցողը նշեց, որ պետական բյուջեի ծախսերի՝ նախորդ տարվա ծրագրվածի նկատմամբ նախատեսված 10.3% անվանական աճն ուղեկցվելու է ՀՆԱ-ում ծախսերի 0.6%-ային աճով:
Ազգային ժողովն այնուհետեւ արտահերթ քննարկեց ՀՅԴ խմբակցության կողմից ներկայացված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը ներկայացրեց նախագծի էությունը, այն է՝ յուրաքանչյուր հաջորդ տարվա համար ՀՀ-ում աշխատավարձի ամսական եւ ժամավճարի նվազագույն չափերը սահմանել Հայաստանում պետական բյուջեի մասին օրենքով, աշխատավարձի ամսական նվազագույն չափը չի կարող պակաս լինել՝ 1. 12-ամսյա գնաճի արդյունքներով վերահաշվարված նախորդ տարվա նվազագույն աշխատավարձից, 2. կենսաապահովման նվազագույն բյուջեի՝ 2013 թվականի համար՝ 80 տոկոսից, 2014 թվականի եւ հետագա տարիների համար՝ 100 տոկոսից, 3. միջին ամսական աշխատավարձի՝ 2013 թվականի համար՝ 30 տոկոսից, 2014 թվականի համար՝ 40 տոկոսից, 2015 թվականի եւ հետագա տարիների համար՝ 50 տոկոսից: Ինչպես նշեց Աղվան Վարդանյանը, հաշվարկների համար հիմք են ընդունվում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից պաշտոնապես հրապարակված՝ տվյալ տարվա առաջին եռամսյակի համապատասխան ցուցանիշները:
Նախագծի քննարկման համար գլխադասային նշանակված ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Նրա խոսքով՝ բացասական եզրակացության պատճառն այն է, որ օրենքի նախագծով առաջարկվող բարեփոխումներն ավելի լավը չեն, քան այն, ինչ արդեն նախատեսված է կառավարության ծրագրով:
Իր հարակից զեկույցում օրենքի նախագծի թերությունները մատնանշեց նաեւ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նա պատգամավորներին հորդորեց սթափ նայել ծրագրին, որպեսզի չստեղծվեն սպասումներ, որոնք մեծ հավանականությամբ կարող են չիրականանալ, բայց խաթարել կայունությունը:
Զեկուցողներին քննարկվող նախագծի եւ ոլորտում կառավարության ծրագրերի վերաբերյալ պատգամավորները հարցեր ուղղեցին, այնուհետեւ տեղի ունեցավ մտքերի փոխանակություն:
Ավարտելով հարցի արտահերթ քննարկումը՝ Ազգային ժողովը շարունակեց քննարկել ՀՀ 2013 թ. պետական բյուջեի նախագիծը: Հարակից զեկուցմամբ հանդես եկավ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Ներկայացնելով գալիք տարվա բյուջեի հիմնական թվային ցուցանիշները՝ նա հույս հայտնեց, որ կառավարությունը կշարունակի բարեփոխումների ճանապարհը: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշեց, որ իրենք կողմ են բյուջեի հաստատմանը եւ Ազգային ժողովին առաջարկում են ընդունել համապատասխան որոշում:
Աժ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
«ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները կշարունակվեն Ազգային ժողովի՝ նոյեմբերի 14-ի նիստում: