Լուրեր

ԱԺ փոխնախագահը հանդիպեց Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի նախագահի տեղակալների հետ

10.11.2012

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 10-ին ընդունեց Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի նախագահի տեղակալներ Երալի Տոգժանովին եւ Արտուշ Կարապետյանին: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը:

Էդուարդ Շարմազանովը գոհունակությամբ արձանագրեց, որ հայ-ղազախական քաղաքական ու տնտեսական հարաբերություններն ամուր հիմքեր ունեն եւ միտված են նորանոր զարգացումներ արձանագրելու համագործակցության տարբեր ոլորտներում: Նա շնորհակալություն հայտնեց հայկական համայնքի գործունեության, ինքնադրսեւորման ու զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, ղազախական իշխանությունների ցուցաբերած ուշադրության համար:

Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի նախագահի տեղակալ, ասամբլեայի քարտուղարության ղեկավար Երալի Տոգժանովը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, կարեւորեց Հայաստանի եւ Ղազախստանի ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ միջազգային կառույցներում համագործակցության զարգացումը: Նա տեղեկացրեց, որ բազմազգ Ղազախստանում ամուր հիմքերի վրա է դրված էթնիկ ու հանրային համաձայնության խնդիրը, ինչն էլ դարձել է Ղազախստանի հասարակական ու տնտեսական կայունության գրավականը: Նա անդրադարձավ ասամբլեայի աշխատանքի ուղղվածությանն ու Ղազախստանի խորհրդարանի հետ համագործակցության ձեւերին՝ կարեւորելով հատկապես ազգային փոքրամասնություններին հուզող խնդիրներն ասամբլեայի 9 պատգամավորների միջոցով խորհրդարանում ներկայացնելու առաքելությունը:

Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի նախագահի տեղակալ, Ղազախստանում «Նաիրի» հայկական մշակութային կենտրոնների ասոցիացիայի նախագահ Արտուշ Կարապետյանը հավաստիացրեց, որ հայկական համայնքի կենսագործունեության ու ազգային ինքնության պահպանման համար ստեղծված են բոլոր պայմանները, ինչը հայկական համայնքին համախմբվելու եւ ինքնադրսեւորվելու մեծ հնարավորություն է տալիս:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, բարձր գնահատելով հայ-ղազախական հարաբերությունների առկա մակարդակը, արձանագրեց, որ երկու երկրներն էլ տարբեր ոլորտներում փոխշահավետ գործակցությունն ակտիվացնելու մեծ հնարավորություններ ունեն, որոնք համատեղ ջանքերով պետք է կյանքի կոչել: 

← Վերադառնալ ցուցակին