Լուրեր
«Լույս» հիմնադրամը կոչ է անում հայությանը՝ միավորվել կրթության շուրջ
10.11.2012
«Լույս» հիմնադրամը Սարդարապատից «Կրթության ուղով դեպի հարատևություն» կոչն ուղղեց Հայկական աշխարհին` դրամահավաքի միջոցով միավորվելու կրթության շուրջ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Սարդարապատի հուշահամալիրի մոտ կազմակերպված միջոցառման ժամանակ հիմնադրամի ղեկավար Ժաքլին Կարաասլանյանը նշել է, որ յուրաքանչյուր հայի 10 դոլարը տարեկան կազմում է 100 միլիոն դոլար, որը 2015 թ.-ին հիմք կդառնա «Լույս» կրթական ֆոնդի կենսունակության համար:
ՀՀ վարչապետի խոսքով՝ այսօրվա հավաքն ունի մեծ խորհուրդ. սկիզբ է դրվում մի շարժման, որը պետք է հասնի ցանկացած հայկական օջախ և ընտանիք, անկախ նրանից, թե որտեղ է ապրում այդ ընտանիքը: «Մենք ցանկանում ենք բոլոր հայերին միավորել հիմնադրամի ներքո: 21-րդ դարում համախմբման լավագույն ձևը գիտելիքի, գաղափարի տարածումն է: Գիտելիքի խորհուրդն ու կրթության նկատմամբ սերն է, որ մեզ կարող է միավորել: Համոզված ենք, որ սա է ճիշտ ռազմավարությունը, որովհետև 21-րդ դարում հայ ժողովուրդը կարող է լինել մրցունակ, եթե լինի կրթված, եթե մեր երիտասարդները ստանան աշխարհում լավագույն կրթությունը: Դա է մեր նպատակը և դրան հասնելու համար պետք է բոլորին՝ նրանց, ովքեր կարևորում են երիտասարդ սերնդի կրթությունը, միավորենք այս գաղափարի շուրջ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ իրենք ցանկանում են ձևավորել մեծ հիմնադրամ, որի միջոցները բացառապես կուղղվեն տաղանդաշատ հայ երիտասարդների կրթության ֆինանսավորմանը: Տիգրան Սարգսյանի համոզմամբ՝ հենց այս ձեռնարկն է միտված դեպի ապագան: «Մենք պարտավոր ենք կերտել այնպիսի ապագա, որպեսզի արժանի լինենք մեր նախնիներին: Համոզված ենք, որ ցանկացած հայ կարևորում է կրթության խնդիրը, գիտակցում է, որ այս ճանապարհով կարող ենք ձեռք բերել մրցակցային առավելություններ: Այս պահին հիմնադրամն ունի 260 շահառուներ, որոնք հնարավորություն են ունեցել կրթվել աշխարհի լավագույն բուհերում: Մեր նպատակն է՝ առնվազն կրկնապատկել մեր հնարավորությունները, մանավանդ, որ հիմնադրամն այսօր վստահություն է վայելում, և առաջին հերթին լավագույն կրթություն ստանալու ձգտում ունեցողների շրջանակներում»,- ընդգծել է վարչապետը: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ իրենք ցանկանում են այս գաղափարի շուրջ իրեց ձայնը հասցնել համայն հայությանը: «Այսօր հայտարարվում է դրահավաքի սկիզբը, որի կազմակերպիչը և իրականացնողը լինելու են հենց հիմնադրամի ուսանողները: Հավատացեք նրանց և կտեսնեք, որ տարիներ անց բոլորս հպարտանալու ենք այն հաջողություններով, որոնք ունենալու են այդ երիտասարդները, պետությունը և ազգը»,- ,- նշել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ եթե մենք համախմբված լինենք Հայկական աշխարհ գաղափարախոսության հիմքում ընկած արժեքների շուրջ՝ ապա մեր միասնությունը կլինի ամուր և հավերժ: «Մենք պայքարում ենք, որպեսզի հայ ժողովուրդը 21-րդ դարում զբաղեցնի իր արժանապատիվ տեղը, որը բխում է մեր պատմությունից, որը համահունչ է մեր նախնիների երազանքի հետ և միտված է ապագային: Այդ առումով, համոզված եմ, որ հայ ժողովուրդն ունի մրցակցային առավելություն, քանի որ դարեր շարունակ մենք կերտել ենք այնպիսի արժեքներ, որոնք վկայում են մեր ինտելեկտուալ հարստւթյան մասին: Համոզված եմ, որ մեր հիմնադրամի առաքելությունը տասնամապատիկ կերպով տալու է իր պտուղները, որոնցով տարիներ հետո հպարտանալու ենք բոլորս»,- նշել է վարչապետը:
Այնուհետև հիմնադրամի ուսանողները ներկայացրել են իրենց գործունեությունը՝ պետական կառավարման մարմիններում և մասնավոր հատվածում:
«Լույս» հիմնադրամն ամեն տարի բացում է աշխարհի լավագույն 10 կրթական հաստատությունների դարպասները հարյուրավոր հայ երիտասարդների առջև: Միջոցառմանը ներկա էին նաև «Լույս» հիմնադրամի կրթական խորհրդի անդամները, հիմնադրամի գործընկերները, «Լույսի» շրջանավարտները, նրանց կրտսեր գործընկերները` մենթիները և կամավորները: