Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է ԵՃՇՊՀ-ի 90-ամյակի հոբելյանական միջոցառումներին

09.11.2012

Երևանի քաղաքապետ, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ միասին մասնակցել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի Մանուկ Աբեղյանի անվան հենակետային թիվ 3 ավագ դպրոցի հիմնանորոգված շենքի բացմանը:Քաղաքապետը բոլոր հյուրերի հետ միասին շրջել է դպրոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին և համոզվել, որ հիմնանորոգված դպրոցում այսօր առկա են որակյալ կրթություն ապահովելու անհրաժեշտ բոլոր պայմանները:Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին արդյունավետ համագործակցության համար՝ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին պարգևատրել է <<Հայաստան-Արցախ ինժեներական համագործակցություն>> ոսկե մեդալով:Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի 90-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը:Հոբելյանի առթիվ իր շնորհավորական խոսքում քաղաքապետ, Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանն այսուհետ ևս կանի հնարավորը ձեռնարկվող ծրագրերի աջակցման ու կյանքի կոչման ուղղությամբ:<<Թե՛ որպես խորհրդի նախագահ և թե՛ որպես Երևանի քաղաքապետ վստահեցնում եմ, որ քաղաքապետարանը միշտ լինելու է համալսարանի կողքին, և այն արդյունավետ համագործակցությունը, որն առկա է այսօր, կլինի շարունակական: Օգտվելով առիթից՝ նաև շնորհակալություն եմ հայտնում բուհի ռեկտորին այն առողջ մթնոլորտի ձևավորման համար, որն այսօր ակնհայտ է>>,- նշել է քաղաքապետը:90-ամյա հոբելյանի առթիվ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի տարբեր տարիների մի շարք աշխատակիցներ արժանացել են ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ կրթության և գիտության նախարարի պետական պարգևների:Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի 90-ամյակի կապակցությամբ ճարտարապետության, շինարարության, գիտության և կրթության կազմակերպման բնագավառներում ունեցած մեծ ավանդի համար նաև Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել դիզայնի և համակարգչային նախագծման ֆակուլտետի դեկան, տեխնիկակական գիտությունների դոկտոր Լևոն Թոքմաջյանն ու գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալբերտ Սոխիկյանը:

← Վերադառնալ ցուցակին