Լուրեր
Վարչապետը ծանոթացել է պետական աջակցությամբ զարգացող դեղագործական ընկերության գործունեությանը
09.11.2012
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ուղեկցությամբ այցելել է «Լիկվոր» դեղագործական ընկերություն՝ ծանոթացել արտադրական գործընթացներին և զարգացման ծրագրերի:
1991 թ. հիմնադրված ընկերությունն իրականացնում է ներերակային (կաթիլային)` 100-3000մլ տարողությամբ, ներարկման` 1-20մլ տարողությամբ և ակնաբուժական ստերիլ դեղամիջոցների արտադրություն` 5 և 10մլ տարողությամբ, որի անվանացանկը պարունակում է մոտ 60 անուն դեղորայք և ընդգրկում է շուրջ 30 դեղագիտական խմբեր: 2012թ.-ի 9 ամիսների արդյունքներով ընկերության մասնաբաժինը կազմում է Հայաստանում արտադրված դեղամիջոցների ծավալի 37, իսկ արտահանված դեղորայքինը` 38 տոկոսը:
«Լիկվոր» դեղագործական ընկերությանը պետական աջակցություն է տրամադրվել երկու ուղղությամբ՝ ՀՀ կառավարության հակաճգնաժամային օպերատիվ շտաբի (2009թ.) 860 մլն դրամ վարկավորմամբ՝ տրամադրված «ՓՄՁ ներդրումներ ՈւՎԿ»-ի կողմից և ՀՀ կառավարության 2011 թ. համապատասխան որոշմամբ` ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերության կողմից ներմուծվող ապրանքների հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի 3 տարով երկարաձգմամբ:
Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունն ընդլայնել է իր գործունեությունը կառուցելով մոտ 3200 ք.մ. մակերեսով նոր գործարան` հագեցած դեղագործական արտադրության համար ժամանակակից սարքավորումներով, որը շահագործման է հանձնվել 2011թ. հոկտեմբերին: Գործարանի կառուցման ու նոր սարքավորումների ձեռքբերմանն ուղղված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 5 մլն դոլար:
Արտադրությունը հագեցած է իտալական, ավստրիական և գերմանական տեխնոլոգիաներով: Մոտակա ամիսներին ընկերությունը կավարտի միջազգային GMP հավաստագիր ստանալու գործընթացը: Նոր գործարանը տարածաշրջանում առաջինը կգործի եվրոպական GMP ստանդարտների պահանջներին համապատասխան, ինչը, հաշվի առնելով գործարանի արտադրական հզորությունների ներուժը` եռապատկելու ներկայիս արտադրական ծավալները, հնարավորություն կտա ընդլայնել արտահանվող երկրների շրջանակը, դուրս գալ նոր արտահանման շուկաներ, ավելացնել արտադրանքի ծավալների և աշխատատեղերի քանակը:
2012թ. նոյեմբերի 1-ի դրությամբ գործարանի արտադրանքի ծավալը կազմել է 1.05 մլրդ դրամ` աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 18.8 տոկոս, որից արտահանվել է 0.56 մլրդ դրամի արտադրանք` աճը 37.1 տոկոս: Ընկերության արտադրանքի մոտ 53 տոկոսն արտահանվում է Վրաստան, Ռուսաստանի Դաշնություն, Մոլդովա, Բելառուս, Ղազախստան, Տաջիկիստան, Թուրքմենստան և այլ երկրներ:
Գործարանի շահագործման պահից՝ 2011 թվականի հոկտեմբերից մինչ օրս ստեղծվել է 40 նոր աշխատատեղ:
Ներկայում ընկերությունում աշխատում է 124 մարդ` 175 հազար դրամ միջին աշխատավարձով:
***
2012 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետությունում դեղագործական արտադրանքի արտադրության ծավալը կազմել է 2.6 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով մոտ 5.3 տոկոսով:
Նույն ժամանակահատվածում իրացվել է մոտ 2.64 մլրդ դրամի արտադրանք` աճը 12.3 տոկոս, որից արտահանվել է շուրջ 1.32 մլրդ դրամի արտադրանք` աճը 31.1 տոկոս: