Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Կուբայի դեսպանին

06.11.2012

 Նոյեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Կուբայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վալդես Ֆիգերոային` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

ԱԺ նախագահը կարեւորեց Հայաստանի եւ Կուբայի միջեւ հարաբերությունների զարգացումը, միջխորհրադարանական գործակցության ակտիվացումը, առեւտրատնտեսական կապերի աշխուժացումը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի խորհրդարանում ձեւավորվել է Հայաստան-Կուբա պատգամավորական բարեկամության խումբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Կուբայի դեսպանը նույնպես անհրաժեշտ համարեց փոխգործակցության ակտիվացումը տարբեր ուղղություններով: Նա կարեւորեց միջխորհրդարանական կապերի զարգացումը, ինչպես նաեւ համագործակցությունը մշակույթի, զբոսաշրջության, դեղագործության, առողջապահության եւ այլ ոլորտներում:

ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ վերադառնալով Կուբայի ԱԳՆ, դեսպանը կշարունակի իր նպաստը բերել Կուբա-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացման գործում: Դեսպան Վալդես Ֆիգերոան հավաստիացրեց, որ այսուհետ եւս ամեն ինչ կանի զարգացնելու հայ-կուբայական հարաբերությունները:

Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս:

← Վերադառնալ ցուցակին