Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երիտասարդ խորհրդարանականի վկայականները հանձնեց նոր ձեւավորված ԵԽ անդամներին

06.11.2012

 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 6-ին նոր ձեւավորված Երիտասարդական խորհրդարանի անդամներին հանդիսավոր պայաններում հանձնեց երիտասարդ խորհրդարանականի վկայականները: Շնորհավորելով ներկաներին ԵԽ անդամ ընտրվելու կապակցությամբ՝ Ազգային ժողովի նախագահն ասաց.

«Սիրելի երիտասարդներ,

շնորհավորում եմ ձեզ Երիտասարդական խորհրդարանի պատգամավոր ընտրվելու առթիվ եւ մաղթում եմ արգասաբեր ու բեղմնավոր աշխատանք:

Հարգելի գործընկերներ,

կարծում եմ՝ կարող եմ այդպես դիմել ձեզ, վստահ լինելով, որ դուք ակտիվ մասնակցություն կունենաք Երիտասարդական խորհրդարանի աշխատանքներին եւ օրենսդրական դաշտի ձեւավորմանը, մանավանդ որ Երիտասարդական խորհրդարանի պատգամավորներին հնարավորություն է տրված մասնակցել նաեւ Ազգային ժողովի հանձնաժողովների աշխատանքներին եւ հանդես գալ առաջարկություններով:

Խորհրդանշական է, որ Երիտասարդական խորհրդարանի առաջին նիստը նախորդում է Երիտասարդության համերաշխության միջազգային օրվան, որն աշխարհում նշվում է նոյեմբերի 10-ին: Վստահ եմ, որ Երիտասարդական խորհրդարանում եւս կլինի համերաշխություն, ինչպես նաեւ բազմակարծություն եւ հարգանք միմյանց տեսակետների նկատմամբ:

Երիտասարդության դերը շարունակում է առաջնային մնալ պետությունների ու հասարակությունների կյանքում եւ հասարակական- քաղաքական գործընթացներում: Այն, որ Հայաստանի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի կազմում ավելի շատ երիտասարդներ կան, քան նախորդ խորհրդարանում էին, վկայում է, որ մեր երկրում կարեւորվում է երիտասարդության մասնակցությունը եւ հնարավորինս ներգրավումը պետության կառավարման գործընթացներում: Երիտասարդներին լայն հնարավորություն է տրված իրենց ընդունակությունները, կարողություններն ու գիտելիքները օգտագործել, դառնալ քաղաքացիական հասարակության շարժիչ ուժ, թարմություն ու աշխուժություն մտցնել քաղաքական կյանքում, առաջարկել նոր գաղափարներ: Երիտասարդական խորհրդարանը կարող է երիտասարդների համար դառնալ ինքնադրսեւորման, սեփական հնարավորություններն իրացնելու ասպարեզ: Եւ չի բացառվում, որ ձեզանից շատերին ամենամոտ ապագայում տեսնենք մեծ քաղաքականության ամենաառաջին շարքերում, պետական ամենաբարձր օղակներում, որովհետեւ, կրկնեմ, մենք շատ ենք կարեւորում երիտասարդության դերը, ընդգծեմ՝ գործնական դերը մեր երկրի կյանքում:

Չափազանց կարեւոր է, որ Երիտասարդական խորհրդարանում ընդգրկված են քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում են ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանության մաս կազմող կուսակցություններ: Շնորհիվ ներկայիս Ազգային ժողովի քաղաքական բազմազանության, ավելի հարուստ է նաեւ ա՛յս Երիտասարդական խորհրդարանի ներկապնակը: Հուսով եմ, որ այդ հարստությունը ըստ արժանվույն կծառայի մեր ժողովրդին ու մեր պետությանը, որովհետեւ, անկախ քաղաքական տարաձայնություններից, այս կամ այն խնդրին տարբեր մոտեցումներից, մեզ առաջնորդողը պետք է լինի երկրի ու ժողովրդի միասնական շահը:

Վստահ եմ, որ դուք, հարգելի երիտասարդներ, արժանապատվորեն կօգտագործեք ձեր մանդատները Երիտասարդական խորհրդարանի լիազորությունների ժամկետներում, եւ այստեղ ձեռք բերած փորձը առավելագույնս կծառայեցնեք Հայաստանի հզորացմանն ու առաջընթացին:

Եւս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ Երիտասարդական խորհրդարանի աշխատանքների մեկնարկի առթիվ»:

Երիտասարդական խոհրդարանը կազմված է 131 անդամից, որոնցից 39-ին առաջադրել են ԱԺ-ում ներկայացված խմբակցությունները, 50-ին՝ հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունները, 42-ն ընտրվել է ինքնաառաջադրմամբ:

Նույն օրը Երիտասարդական խորհրդարանը գումարեց իր առաջին նիստը, որը վարեց տարիքով ավագ պատգամավոր Արսեն Կարապետյանը:
Երիտասարդ պատգամավորներին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնության խոսքը փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փոխդիվանապետ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը:

Մինչ օրակարգին անցնելը երիտասարդ խորհրդարանականները, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, երդվեցին:

Այնուհետեւ սկսվեց նստաշրջանի օրակարգում ընդգրկված երկու հարցերի քննարկումը՝ «ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի հաշվիչ հանձնաժողովի ընտրություն» եւ «ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի կազմավորման եւ գործունեության կարգը»:

Երիտասարդ խորհրդարանականները հաշվիչ հանձնաժողովի կազմում առաջադրեցին իրենց ներկայացուցիչներին, ապա քվեարկության արդյունքում 100 կողմ, ոչ մի դեմ եւ 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատեցին Երիտասարդական խորհրադարանի կազմավորման եւ գործունեության կարգը:
Երիտասարդական խորհրդարանի առաջին նիստին ներկա էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

← Վերադառնալ ցուցակին