Լուրեր

Նոյեմբերի 17-ին կանցկացվի աշնանային ծառատունկ

05.11.2012

Նոյեմբերի 17-ը հայտարարվել է աշնանային ծառատունկի օր: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ծառատունկին ապահովել ոչ միայն քաղաքապետարանի ենթակայության կառույցների, այլև բոլոր շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությունը:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է չորացած և վնասված ծառերի ու թփերի սանիտարական էտն ու ձևավորումը: Առաջարկվել է էտման աշխատանքներ կազմակերպել նաև մայրաքաղաքի ճանապարհային երթևեկության այն հատվածներում, որտեղ ծառերի ճյուղերը խոչընդոտում են լուսացույցների բնականոն աշխատանքին:Մանկապարտեզներում շարունակվում են ստուգայցերը մատակարարվող սննդի որակի ապահովման ուղղությամբ: Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ 65 մանկապարտեզներում իրականացված ստուգայցի արդյունքում հայտնաբերված թերություններով և խախտումներով պայմանավորված՝ 3 տնօրեն ազատվել է աշխատանքից, ևս 4-ը ենթարկվել են կարգապահական տույժի: Զեկուցվել է նաև, որ հետևողական աշխատանքի շնորհիվ վերջին մեկ տարում դրական տեղաշարժ է արձանագրվել սննդի պատշաճ որակի ապահովման, սանիտարական նորմերի պահպանման, ինչպես նաև ընդհանուր սպասարկման մասով:
Մայրաքաղաքի չջեռուցվող և մասնակի ջեռուցվող դպրոցներում ջեռուցում ապահովելու նպատակով տարվող աշխատանքներին զուգընթաց, Տարոն Մարգարյանը հանձնարարել է ավարտին հասցնել փաստաթղթային ձևակերպումները, որպեսզի ջեռուցման սեզոնին դպրոցները լիարժեք պատրաստ լինեն համակարգերի շահագործմանը:
Երևան քաղաքի տարածքում գտնվող կառուցապատման ենթակա տարածքների կառուցապատողների կողմից դադարեցված շինաշխատանքները շարունակելու նպատակով ձեռնարկված միջոցների հետ կապված` իրաբավանական վարչության պետը զեկուցել է, որ համապատասխան կազմակերպություններին ծանուցումներ են ուղարկվելու` առավելագույնը մեկամսյա ժամկետում քաղաքաշինական նոր հայտ ներկայացնելու համար, հակառակ դեպքում դատական կարգով կդադարեցվեն դրանց հողի նկատմամբ իրավունքները:Մայրաքաղաքում շարունակվում են փոսալցման, փոսանորոգման և ճաքալցման աշխատանքները: Շարունակվում է հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ ամենօրյա հսկողությունն ու Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը:
Գույքագրվում, թարմացվում և փոխվում են մայրաքաղաքում առկա ճանապարհային երթևեկության վնասված նշանները: Հանձնարարվել է գույքագրել կահավորման կարիք ունեցող կանգառասրահները` այդ աշխատանքները հաջորդ տարվա ծրագրերում նախատեսելու համար:
Երևանի ավագանու նիստում բարձրացված հարցի հետ կապված` քաղաքապետը հանձնարարել է ապահովել մայրաքաղաքի առանձին փողոցների ճանապարհային նշանների համապատասխանությունը տվյալ փողոցներում տեղադրված արձանագրման տեսախցիկների և արագաչափերի աշխատանքների հետ:
<<Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն>> ՊՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ էլեկտրոնային չվացուցակների համակարգի փորձարկման նպատակով ավտոբուսային 2 երթուղիներ կահավորվում են GPS համակարգով: Շարունակվում են աշխատանքները մայրաքաղաքի գրադարանները WiFi համակարգերով ապահովելու ուղղությամբ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրել Երևանի առավել մարդաշատ վայրերը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ WiFi ծածկույթի ընդլայնման նպատակով:Անդրադառնալով ավտոկայանատեղերի համար ապօրինի գումարների գանձման դեպքերի բացառմանը` հանձնարարվել է առավել հետևողական լինել և շարունակել ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել գործընթացը:
Ձմռան նախապատրաստական աշխատանքների հետ կապված` կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ կարգաբերվում են մեքենամեխանիզմները, աշխատանքներ են տարվում նաև աղի և ավազի քանակի պահեստավորման ուղղությամբ: Հանձնարարվել է զուգահեռ ուսումնասիրություն իրականացնել բազմաբնակարան շենքերի կոմունալ պայմանների, ինչպես նաև ենթակառուցվածքների հետ կապված:
Նախապատրաստական աշխատանքներ են տարվում նաև մայրաքաղաքի ամանորյա տոնական տեսքի ձևավորման ուղղությամբ: Կսահմանվեն անվանակարգեր լավագույն ձևավորում իրականացրած կառույցների և հասարակական օբյեկտների համար:
Անդրադառնալով թափառող կենդանիների վնասազերծման ընթացիկ աշխատանքներին` հանձնարարվել է առաջիկայում այդ աշխատանքների իրականացման համար հայտարարվող մրցույթում ներգրավել նաև հասարակական կազմակերպություններին:

← Վերադառնալ ցուցակին