Լուրեր

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին

05.11.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին:

Նախագահը ողջունել է ՍԴՀԿ գործունեությունը Հայրենիքում, ընդգծելով, որ հայության առջև ծառացած խնդիրները՝ Հայրենիքում, թե նրա սահմաններից դուրս, կարող են լուծվել մեր ժողովրդի միասնականության շնորհիվ և նրա ամբողջական ներուժի օգտագործմամբ: Հանրապետության ղեկավարի խոսքով, հենց այդ գիտակցումով է ծնվել «Հայաստանն ուժեղ է Սփյուռքով, Սփյուռքը՝ Հայաստանով» բանաձևը: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ավանդական կուսակցությունների, այդ թվում՝ ՍԴՀԿ պատմական դերակատարությունը հայապահպանության, համազգային խնդիրների լուծման, Սփյուռք-Հայրենիք կապի ամրապնդման գործում և կարևորել այդ քաղաքական ուժերի ջանքերը՝ ուղղված Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը:

ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը վստահեցրել է Հանրապետության նախագահին, որ Հնչակյան կուսակցությունն ինչպես մինչ այժմ, այսուհետ էլ շարունակելու է մնալ հայ ժողովրդի և Հայոց պետականության կողքին և երբեք այդ նպատակներից չի հրաժարվելու:

← Վերադառնալ ցուցակին