Լուրեր

Այսօր լրանում է Աշոտ Նավասարդյանի մահվան 15-րդ տարելիցը

03.11.2012

Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր, պետական-քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանի մահվան տասնհինգերորդ տարելիցն է: Մարդ, ով, լինելով Գարեգին Նժդեհի դավանած Ցեղակրոնության երդվյալ գաղափարակիրն ու Հայ Դատի պաշտպանության աներեր ջատագովը, իր ժողովրդի ապագան կապելով անկախ, ժողովրդավարական պետության կառուցման ու զորացման հետ, իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է խորհրդային տոտալիտար համակարգի դեմ մղվող պայքարին և հանուն ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի։
Աշոտ Նավասարդյանը տասնութ տարեկանից ընդգրկվել է ազգային-ազատագրական պայքարի մեջ՝ 1968-ից անդամագրվելով ընդհատակում գործող Ազգային Միացյալ Կուսակցությանը (ԱՄԿ)։ 1973-ից դարձել է ԱՄԿ խորհրդի անդամ։
Իր գործունեության համար 1969 թվականից սկսած խորհրդային իշխանությունների կողմից երեք անգամ դատապարտվել է ազատազրկման՝ շուրջ 12 տարի անցկացնելով բանտերում եւ ճամբարներում։ 1987 թվականին, վերադառնալով ազատազրկման վայրից, շարունակել է քաղաքական պայքարը և 1988-ի ազատամարտի առաջին իսկ օրերից հայտնվել իրադարձությունների կիզակետում։ 1989-ին հիմնադրել և ղեկավարել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը, որը մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանության և Արցախի ազատագրության համար մղված մարտերին՝ Երասխավանից մինչեւ Մարտակերտ, Քելբաջար, Շուշի …
Պարգևատրվել է առաջին աստիճանի Մարտական խաչով։ 1990 թվականին ընտրվել է ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր։ Ակտիվ մասնակցություն ունենալով ԳԽ օրենսդրական աշխատանքներին՝ եղել է ԳԽ Անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի հանձնաժողովի, ինչպես նաև՝ ԳԽ Սահմանադրական հանձնաժողովի անդամ։
1995 թվականից դարձել է պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։
1996 թվականին Գերմանիայում մասնակցել է ռազմավարական հետազոտությունների մարշալի կենտրոնի դասընթացներին և ստացել ռազմավարի որակավորում։
Ականավոր ազգային, քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանը հանկարծամահ է եղել 1997 թ. նոյեմբերի 3-ին։

← Վերադառնալ ցուցակին