Լուրեր

Քննարկվեցին մի շարք ոլորտների 2013թ. բյուջետային հատկացումները

02.11.2012

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արտակ Դավթյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ նոյեմբերի 2-ին շարունակվեցին «ՀՀ 2013 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ կրթության, գիտության, սփյուռքի, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ հարակից մի շարք ոլորտներին վերաբերող քննարկումները:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց 2013թ. նախատեսվող ֆինանսական հատկացումները նշված ոլորտներում: Մասնավորապես, նրա տեղեկացմամբ, ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերի համար 2013 թվականի բյուջեով նախատեսված է 714 մլն դրամ, որը 5 մլն դրամով ավել է ընթացիկ տարում հատկացված միջոցներից:

Գիտության ոլորտին ուղղված ծախսերը 2013 թվականին կկազմեն շուրջ 11 մլրդ 241 մլն դրամ: Գիտատեխնիկական գործունեության համար նախատեսվել է շուրջ 11 մլրդ 156 մլն դրամ, որը 1 մլրդ 068.4 մլն դրամով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Պետբյուջեով ոլորտին հատկացվող միջոցները բաշխվելու են հիմնականում հետեւյալ ուղղություններով՝ բազային ֆինանսավորում (8 մլրդ 106.9 մլն դրամ), պետական նպատակային-ծրագրային ֆինանսավորում (1 մլրդ 536.7 մլն դրամ), պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորում (1 մլրդ 071.8 մլն դրամ): Առանձին ծրագրով նախատեսվել է նաեւ 441 մլն դրամ` գիտաշխատողների գիտական աստիճանների համար հավելավճարներ տրամադրելու նպատակով (ընթացիկ տարվա 420 մլն դրամի դիմաց):

Կրթության ոլորտի ծախսերը ՀՀ 2013 թ. պետական բյուջեով կազմում են 108 մլրդ 103.8 մլն դրամ: Ծախսերի աճն ընթացիկ տարվա պետբյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ կազմում է 2 մլրդ 672.7 մլն դրամ կամ 2.5 տոկոս: Միջոցները հիմնականում կուղղվեն հանրակրթության ոլորտին, ներառական կրթությանը, հատուկ կրթությանն ու մասնագիտացված հանրակրթական ուսուցմանը, բարձրագույն կրթությանը, «Նախնական մասնագիտական կրթություն», «Միջին մասնագիտական կրթություն», «Արտադպրոցական դաստիարակություն» դասերին: Մանկավարժական անձնակազմի ամսական միջին հաշվարկային աշխատավարձը կկազմի 68.4 հազար դրամ, վարչական անձնակազմինը՝ 77 հազար: Ոլորտում շարունակվելու է իրականացվել Կրթության որակի եւ համապատասխանության երկրորդ վարկային ծրագիրը, որով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով կհատկացվի 4 մլրդ 006.8 մլն դրամ:

Հանգստի, մշակույթի եւ կրոնի բնագավառներում հատկացումները կկազմեն 18 մլրդ 045.2 մլն դրամ` ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված 22 մլրդ 729.2 մլն դրամի դիմաց: Ծախսերի 4 մլրդ 684.0 մլն դրամով (20.6 տոկոսով) նվազումը հիմնականում պայմանավորված է ծրագրերի ավարտմամբ:

Թանգարանների եւ ցուցասրահների 1493 աշխատողների միջին ամսական հաշվարկային աշխատավարձը կկազմի 71967 դրամ (2012 թ. 58748 դրամի դիմաց), մշակույթի տների, ակումբների, կենտրոնների 34 աշխատողներինը? 67942 դրամ (2012 թ.` 55141 դրամի դիմաց), արվեստի բնագավառի 3565 աշխատողների միջին ամսական հաշվարկային աշխատավարձն էլ կլինի 65424 դրամ (2012 թ. 53670 դրամի դիմաց): Ռադիո եւ հեռուստահաղորդումների հեռարձակմանն ու հրատարակչական ծառայությունների իրականացման համար նախատեսված են 5 մլրդ 145.9 մլն դրամի չափով հատկացումներ:

Ոլորտներում իրականացվելիք ծրագրերի բովանդակային կողմերին անդրադարձան համապատասխան նախարարությունների ղեկավարները:

Ներկայացնելով մշակույթի բնագավառում 2013-ին սպասվող ծրագրային քաղաքականությունը՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը որպես առաջնահերթություն նշեց այն ծրագրերը, որոնք նախատեսված են մշակութային ժառանգության ոլորտում՝ իր չորս բաղադրիչներով՝ գրադարաններ, թանգարաններ, ոչ նյութական մշակութային ժառանգություն, հուշարձաններ: Հաջորդ տարի իրականացվելիք նախաձեռնություններից նախարարը առանձնացրեց նաեւ հայկական գորգերի հանրահռչակման ծրագիրը, մշակութային արդյունաբերության զարգացման, երիտասարդ կադրերի պատրաստման խնդիրները: Պատգամավորները հարցերի միջոցով մանրամասներ ճշտեցին մշակույթի բնագավառի մի շարք հրատապ խնդիրների վերաբերյալ:

Կրթության եւ գիտության ոլորտների 2013 թ. ծրագրային քաղաքականությունը ներկայացրեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Անդրադառնալով գիտության ոլորտին ավելի շատ միջոցներ տրամադրելու պնդումներին՝ նախարարը կարծիք հայտնեց, որ ոլորտի հաջող գործունեությունը պայմանավորված է ոչ միայն ավելի շատ ֆինանսավորմամբ, այլեւ եղած ռեսուրսների ճիշտ օգտագործմամբ:

Խոսելով ՀՀ սփյուռքի նախարարության գալիք տարվա գործունեությունից՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ առաջնային է շարունակում մնալ հայրենիք-սփյուռք կապի ամրապնդումը, համատեղ ծրագրեր կյանքի կոչելը:

Սպորտի եւ երիտասարդության ոլորտների ծրագրերի բովանդակային կողմին անդրադարձավ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2013 թ. նախատեսվող ծրագրային քաղաքականությունը ներկայացրեց ՀՌԱՀ նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանը, ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ծրագրերին անդրադարձավ խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:

Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ Մարտուն Գրիգորյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ, նոյեմբերի 2-ին քննարկվեցին 2013 թ. պետական բյուջեի նախագծի հատկացումները գյուղատնտեսության, բնապահպանության եւ ջրային տնտեսության ոլորտներին: Ֆինանսավորման ծավալներն ու առաջնահերթությունները նախ ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Ծրագրերի եւ կատարվելիք աշխատանքների մասին խորհրդարանականներին մանրամասներ հաղորդեցին ոլորտների պատասխանատուները:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց, որ 2013 թ. նախատեսվում է գյուղատնտեսության ոլորտին ուղղել 12 մլրդ 972 մլն դրամ: «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին» ծրագրով նախատեսվում է 550 մլն դրամ հատկացնել՝ փոքր ինչ պակաս ընթացիկ տարվա հատկացումից՝ պայմանավորված ձեռքբերվող սերմնացուի քանակի փոփոխությամբ: «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի արժեքը նախագծում 1 մլրդ 109 մլն դրամ է: Կենդանիների հիվանդությունների լաբորատոր ախտորոշման եւ հումքի ու նյութի փորձաքննության նպատակով կտրամադրվի 223 մլն դրամ: Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման համար տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթում առանձնացվել է 634 մլն դրամ՝ ավելի, քան այս տարի: Անտառի պահպանության ծառայություններին կուղղվի պետբուջեի միջոցներից 717 մլն դրամ: Ոլորտում, ի թիվս այլ ծրագրերի, նախատեսվում է իրականցնել նաեւ վարկային եւ դրամաշնորհային ծրագրեր:

Բնապահպանության ոլորտի ծախսերը, նախարար Արամ Հարությունյանի ներկայացմամբ, կկազմեն 12 մլրդ 805 մլն դրամ՝ ամբողջությամբ ընթացիկ ծախսեր: Այդ շրջանակներում կիրականացվեն մի շարք ծրագրեր: «Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում»-ը կարժենա 125,4 մլն դրամ եւ կապահովի 122,5 հա ջրածածկ տարածքների մաքրում: Ձկան պաշարների համալրմանը կուղղվի 60 մլն դրամ, ջրային օբյեկտների եւ օդային ավազանի աղտոտվածության մոնիտորինգին՝ 113 մլն դրամ եւ այլն:

Ջրային տնտեսության ծախսերը գալիք տարում կկազմեն 34 մլրդ 249 մլն դրամ: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը տեղեկացրեց, որ ծախսերը 5,9 մլրդ-ով գերազանցում են ընթացիկ տարվա համադրելի ցուցանիշը, եւ դա պայմանավորված է վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի ավելացմամբ: «Ոռոգում ջրառ իրականցնող կազմակերպություններին ֆինանսական աջակցության տրամադրում» ծրագրով կհատկացվի 433 մլն դրամ, ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցությունը կկազմի մոտ 4 մլրդ դրամ: Ոլորտի պատասխանատուն տեղեկացրեց, որ ոռոգման ջրի սակագնի փոփոխություն գալիք տարում չի լինելու: Խմելու ջուր մատակարարող ծառայությունների սուբսիդավորումը 2013 թ. կլինի 1 մլրդ 97 մլն դրամ:

Կառավարության ներկայացուցիչները պատասխանեցին նաեւ պատգամավորների հարցերին: 

← Վերադառնալ ցուցակին