Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մամուլի ասուլիսը
02.11.2012
Նոյեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մանրամասներ ներկայացրեց հոկտեմբերի 29-31-ը խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության՝ Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի վերաբերյալ, պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին:
Հոկտեմբերի 29-ին ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Կարլովի Վարիի քաղաքապետ Պետր Կուլհանեկի եւ նահանգապետ Յոզեֆ Նովոտնիի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ կապերի զարգացմանը եւ միջտարածաշրջանային համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Առաջարկվել է, որպեսզի փոխգործակցություն հաստատվի Կարլովի Վարի եւ Ջերմուկի միջեւ՝ հռչակելով դրանք քույր քաղաքներ, ինչը չեխական կողմից ոգեւորությամբ է ընդունվել: Նահանգապետ Յոզեֆ Նովոտնին իր հերթին առաջարկել է, որ Հայաստանի այլ քաղաքները նույնպես սերտ կապեր հաստատեն նահանգի քաղաքների հետ:
Կարլովի Վարիում ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը այցելել է համաշխարհային ճանաչում ունեցող «Մոսեր» հախճապակյա արտադրանքների ընկերություն, Յան Բեքեր թանգարան ու Յան Բեքեր-Կարլովսկա Բեքերովկա արտադրության սրահ:
Հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլան Շտեխի՝ ընդլայնված հազմով հանդիպումը, որին հաջորդել է համատեղ ասուլիս: Սենատի նախագահի հետ քննարկվել են միջխորհրդարանական համագործակցության հարցեր: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ընդգծվել է ՀՀ Ազգային ժողովի հետ հարաբերությունների աշխուժացման չեխական կողմի պատրաստակամությունը: Հովիկ Աբրահամյանը Չեխիայի Սենատի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է: Ակնկալվում է, որ այցը տեղի կունենա 2013 թ. գարնանաը:
Չեխիայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բոնիշի եւ խմբի անդամների հետ: Հանդիպմանը քննարկվել են բարեկամական խմբերի եւ խորհրդարանների միջեւ համագործակցության խորացմանը, միջազգային կառույցներում փոխգործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: Չեխ գործընկերները նույնպես ցանկություն են հայտնել այցելելու Հայաստան, տեղում շփվելու հայ խորհրդարանականների հետ, քննարկվել է Լեռնային Ղարաբաղ նրանց այցելելու հնարավորությունները:
Նույն օրը ԱԺ նախագահը եւ պատվիրակության անդամները այցելել են Լիդիցե տուն-թանգարան, շրջայց կատարել Լիդիցե հուշահամալիրում, ծաղիկներ դրել անմեղ զոհերի շիրիմին եւ Լիդիցեի երեխաների արձանի մոտ, եղել Լիդիցեի մանկական պատկերասրահում:
Երեկոյան ԱԺ նախագահը հանդիպել է Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Քննարկված բազմաթիվ հարցերի թվում Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է Հայաստանի իշխանությունների որդեգրած ներքին եւ արտաքին քաղաքականությունը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, հայ-թուրքական հարաբերությունները, պատասխանել մեր հայրենակիցներին հուզող բազմաթիվ հարցերի:
Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ՉՀ առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգի հետ: Քննարկված երկկողմ հերաքրքրություն ներկայցնող հարցերի թվում անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում ՉՀ դիվանագիտական ներկայացուցչությանը Չեխիա մուտքի արտոնագրեր տալու արտոնություն շնորհելու հարցը: Անդրադարձ է եղել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, սաֆարովյան գործին, այդ առումով ՉՀ արտգործնախարարի արած հայանպաստ հայտարարությանը, որով դատապարտվել են թե հունգարական, թե ադրբեջանական իշխանությունների քայլերը:
Չեխիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Միրոսլավա Նեմցովայի հետ Հովիկ Աբրահամյանի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են միջխորհրդարանական գործակցությունն ակտիվացնելու հեռանկարները: Տիկին Նեմցովան նույնպես պատրաստակամություն է հայտնել այցելել Հայաստանի Հանրապետություն:
Պրահայի առաջնորդարանում ԱԺ նախագահը հանդիպում է ունեցել Պրահայի արքեպիսկոպոս, Բոհեմիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Դոմինիկ Կարդինալ Դուկայի հետ: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Չեխիայի միջեւ հարաբերությունների զարգացումը բոլոր ուղղություններով եւ այս համատեքստում կարեւորել Հայ առաքելական եկեղեցու եւ չեխ կաթոլիկ եկեղեցու փոխգործակցությունը: Բարձրացվել է նաեւ Պրահայում հայկական եկեղեցու հողահարկացման հետ կապված խնդիրը: Կարդինալ Դուկան վստահեցրել է, որ հարցը պատշաճ կերպեվ կներկայացնի երկրի իշխանություններին:
Նույն օրը Հովիկ Աբրահամյանը հանդիպել է նաեւ ՉՀ Սենատի առաջին փոխնախագահ Պրշեմիսլ Սոբոտկայի հետ, ով ժամանակին վեց տարի ղեկավարել է Սենատը: Քննարկվել են ինչպես միջխորհրդարանական, այնպես էլ միջկուսակցական համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ միջազգային խորհրդարանական կառույցներում փոխգործակցության անհրաժեշտությանը:
Այնուհետեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին: