Լուրեր

Բնակչության քաղաքաշինական բնույթի շատ հարցեր այսուհետ կկարգավորվեն առավել պարզ ընթացակարգով

31.10.2012

Երևան քաղաքի ավագանու հոկտեմբերի 31-ին գումարված նիստում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամները շնորհավորել են Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Աստղիկ Գևորգյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Բազմամյա բեղմնավոր գործունեության, մեծ վաստակի, Երևանի ավագանու աշխատանքներին ակտիվ մասնակցության, ինչպես նաև ծննդյան օրվա կապակցությամբ, գրող, լրագրող, հանրային խորհրդի անդամ, Ժուռնալիստների միության նախագահ, Երևանի ավագանու անդամ Աստղիկ Գևորգյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ, պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։
Անցնելով օրակարգին՝ ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 9-ի <<Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2012 թվականի ծրագրի վերաբերյալ>>, ինչպես նաև <<Երևան քաղաքում որոշ հողամասերի փոփոխության մասին>> որոշումների նախագծերին։
Ավագանու հավանությանն է արժանացել նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության գործում մատուցած համազգային նշանակության բացառիկ ծառայությունների համար հատուկ գնդի գումարտակի հրամանատար, հետմահու <<Հայաստանի ազգային հերոս>> բարձրագույն կոչումի արժանացած կապիտան Ջիվան Զավենի Աբրահամյանի անվան հիմնադրամ հիմնելու նպատակով 22.19քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը անհատույց օտարելու մասին որոշման նախագիծը։
Ավագանին միաձայն քվեարկությամբ հաստատել է նաև որոշման նախագիծը, համաձայն որի սահմանվել են քաղաքային նշանակության քաղաքաշինական և գովազդային գոտիները: Նշված որոշմամբ ընդլայնվել են վարչական շրջանների ղեկավարների լիազորությունները, ինչն առավել արդյունավետ կդարձնի տեղում քաղաքաշինական բնույթի հարցերի կարգավորումը: Բնակիչներն, ըստ այդմ, բնակարանաշինական որոշակի խնդիրներ այսուհետ կկարգավորեն անմիջականորեն վարչական շրջաններում ՝ տեղերում անվճար առաջարկվող օրինակելի նախագծերի միջոցով։
Երևանի ավագանին միաձայն քվեարկությամբ հաստատել է մայրաքաղաքի Այվազովսկու փողոցի հիմնանորոգման ծրագիրը, համաձայն որի նախատեսվում է երթևեկային մասում ամբողջ երկայնքով ասֆալտ-բետոնե 4-5սմ հաստությամբ ծածկի իրականացում։ Ամբողջովին փոխվելու են մայթերի ասֆալտ-բետոնե ծածկը խճե հիմքով, ինչպես նաև բազալտե եզրաքարերը։ Այվազովսկու փողոցի ճանապարհի երկարությունը կազմում է 2485 գծմ, իսկ լայնությունը` 13-18 մ։
Ավագանու որոշմամբ պատմաբան, պետական, հասարակական գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Ինճիկյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ կտեղադրվի Թումանյան-35 հասցեում։
Նիստի ավարտին տեղի ունեցած հարց ու պատասխանի ընթացքում մայրաքաղաքում աղբահանության կազմակերպմանը վերաբերող հարցի առնչությամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այս տարի հայտարարված աղբահանության կազմակերպման միջազգային մրցույթի շրջանակում ութ կազմակերպություններ ներկայացրել են իրենց նախնական առաջարկները, որից հետո նրանց հետ ընթացել են բանակցություններ, և արդեն նոյեմբեր ամսին բոլոր 8 կազմակերպությունները կներկայացնեն գնառաջարկներ ու բիզնես ծրագրեր, որոնց հիման վրա էլ կընտրվեն հաղթողները. <<2013թ. կեսից արդեն հաղթող կազմակերպությունները կսկեն սպասարկում իրականացնել Երևան քաղաքում: Մոտեցումները լինելու են նորովի և ընդգրկելու են ողջ բնագավառը: Կունենանք եվրոպական ամենաժամանակակից չափանիշներին համապատասխան սպասարկում: Արդյունքում լուծում կստանան վերջին տասնամյակներում Երևանի ու երևանցիների առջև ծառացած ոլորտի բոլոր խնդիրները>>,- նշել է քաղաքապետը:
Հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների վերգետնյա անցումներից օգտվելու հնարավորությունների ստեղծմանն առնչվող հարցին ի պատասխան քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այժմ քննարկվում է և 2013թ.-ին կառուցվելիք վերգետնյա անցումների նախագծերում հաշվի կառնվի խնդիրը և կգտնվեն համապատասխան լուծումներ. <<Ինչպես ներդրողների, այնպես էլ կառուցող կազմակերպությունների հետ բանակցություններում այդ հանգամանքն այսօր առաջնահերթ է: Նաև հիշեցնեմ, որ Երևանի քաղաքապետարանն այլևս հանրային նշանակության կառույցների որևէ շինթույլտվություն չի տրամադրում առանց հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար համապատասխան հարմարությունների ապահովման: Բացի այդ, մեր քաղաքաշինության խորհրդում այսօր ընդգրկված է նաև հաշմանդամների շահերը պաշտպանող ներկայացուցիչ համապատասխան հասարակական կազմակերպությունից, և, համոզված եմ, լուծումները կլինեն ավելի արդյունավետ>>,- նշել է Տարոն Մարգարյանը:
Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 28-ին:
 

← Վերադառնալ ցուցակին