Լուրեր

ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են գալիք տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումները

31.10.2012

Հոկտեմբերի 31-ին ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում պատգամավորները քննարկեցին «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված իշխանության պետական եւ դատական մարմինների ֆինանսավորման հայտերն ու ծրագրերը: Համատեղ նիստը վարում էին հանձնաժողովների նախագահներ Դավիթ Հարությունյանը եւ Գագիկ Մինասյանը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ պետական կառավարման ապարատի պահպանման նպատակով ծրագրվել է հատկացնել 62,5 մլրդ դրամ, որը 7,7 տոկոսով ավելի է ընթացիկ տարվա հատկացումներից: Պավել Սաֆարյանը նշեց, որ վերջին 4-5 տարիների ընթացքում համախառն ներքին արդյունքի համեմատ գրանցվել է պետական կառավարման ապարատի ծախսերի հարաբերական կրճատում, ինչը պայմանավորված է գերակայությունների՝ սոցիալական, պաշտպանության ոլորտների ծախսերի ավելացման անհրաժեշտությամբ:

Ընթացիկ տարվա համեմատությամբ 2013 թվականին պետական ապարատի պահպանման ծախսերը կավելանան 4,5 մլրդ դրամով: Պարոն Սաֆարյանը նշեց, որ նշված 62,5 մլրդ դրամը ծախսվելու է պետական կառավարման ապարատի ընթացիկ ծախսերն իրականացնելու նպատակով, դրա շուրջ 63 տոկոսը հատկացվելու է աշխատավարձերի վճարմանը: 4,9 մլրդ դրամ ավելացումը պայմանավորված է «Եկամտահարկի մասին» օրենքի պահանջներով: 650 մլն դրամ նախատեսված է քաղծառայողների աշխատավարձերի բնական աճի ֆինանսավորման համար: Ընթացիկ տարում 222-ով ավելացել է պետական կառավարման ապարատի աշխատակիցների թիվը, հետեւաբար 328 մլն դրամով ավելացել է աշխատավարձերի ֆոնդը:

Մնացած բոլոր հոդվածները ֆինանսավորելիս ցուցաբերվել է խնայողական մոտեցում. 2012 թվականի համեմատությամբ ավելացումների փոխարեն որոշ հոդվածներում եղել են կրճատումներ:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ 2012 թվականի համեմատ առաջիկա տարում ապարատի ծախսերի ֆինանսավորումը կավելանա մոտ 24 մլն դրամով: Նախատեսվել է բոլոր ծրագրերով ծախսերի իրականացման նպատակով հատկացնել 3 մլրդ 993 մլն դրամ: Կրճատվել են որոշ ծախսային հոդվածներ: 2013 թվականին գործադիր իշխանության պետական կառավարման հանրապետական եւ տարածքային կառավարման մարմինների պահպանման հոդվածով նախատեսվել է հատկացնել 2 մլրդ 947 մլն դրամ, 55 մլն դրամով ավելի ընթացիկ տարվանից: Աճ է նախատեսված այլ ծախսերի հոդվածներով: Մասնավորապես ՀՀ Նախագահի կողմից շնորհվող մրցանակների ֆոնդը կազմում է 35 մլն դրամ: 30 մլն դրամով ավելացել է «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական կազմակերպություններին» հոդվածային ծախսը եւ կազմել 284 մլն 818 հազար դրամ: Պարոն Սարգսյանն ասաց, որ այս ավելացումը եղել է ի հաշիվ ծախսերի վերաբաշխման:

ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը տեղեկացրեց, որ պետական բյուջեի հաջորդ տարվա նախագծով Ազգային ժողովի բոլոր ծրագրային ծախսերի իրականացման նպատակով նախատեսվել է հատկացնել 3 մլրդ 142 մլն 653 հազար դրամ, որն ընթացիկ տարվա համեմատ ավելի է 6,7 տոկոսով: 100 մլն դրամ կհատկացվի ԱԺ նիստերի եւ «Ոսկեզօծ» դահլիճներում օդափոխության համակարգեր տեղադրելուն: 30 մլն դրամով ավելացել է մարզերում ապրող պատգամավորների կեցության վարձի հետ կապված հոդվածի ֆինանսավորումը: Եկող տարվա հունվարի 1-ից մարզերում ապրող պատգամավորները Երեւանում բնակարանի վարձակալման համար ամսական կստանան 100 հազար դրամ: ԱԺ-ում լուսամուտների վերանորոգման համար նախատեսվել է հատկացնել 87 մլն դրամ: Կառավարության հետ քննարկումներ են եղել՝ կապված գործուղումների ծախսերի ավելացման հետ: Նախատեսվել է եկող տարվա համար հատկացնել այնքան, որքան այս տարի, որը, սակայն, ըստ պարոն Դումանյանի, բավարար չէ, քանի որ 2012-ը եղել է նախընտրական տարի, գործուղումները հետեւաբար քիչ են եղել: ԱԺ աշխատակազմի ղեկավարը նշեց, որ կան հոդվածներ, որոնց համար գումարներ դեռեւս նախատեսված չեն, սակայն անհրաժեշտ են եւ պետք է ներառվեն եկող տարվա ծախսերում:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, պատգամավորների քննարկմանը ներկայացնելով ապարատի պահպանման ծախսերը, նշեց, որ ընթացիկ տարվա համեմատ հաջորդ տարվա ծախսերը կավելանան 31,1 մլն դրամով եւ կկազմեն շուրջ 10,5 մլրդ դրամ, որը 400 մլն դրամով ավելի է 2012 թվականի ֆինանսավորման մակարդակից: Փոփոխություններ են եղել «Սպասարկում» ՊՈԱԿ-ի ֆինանսական հատկացումներում. այն ավելացել է 42 մլն դրամով: Ավելացել է ազգային փոքրամասնություններին ներկայացնող հասարակական կազմակերպություններին կառավարության կողմից տրվող աջակցությունը՝ 10 մլնից դառնալով 20 մլն: 7,5 մլրդ դրամը հատկացվելու է գյուղական համայնքներում գազամատակարարման, ջրամատակարարման որակի բարելավման եւ այլ նպատակներով:

Պատգամավորների քննարկմանը ներկայացվեցին նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ Վերահսկիչ պալատի, ՀՀ դատական դեպարտամենտի, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ապարատի պահպանման համար նախատեսված ֆինանսական հատկացումները: Նշված պետական մարմինների ներկայացուցիչները հիմնականում տեղեկացրին, որ ներկայացված հայտերի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը դրական է եւ լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն չեն տեսնում:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, որպես առաջնահերթություն, առաջարկեց 2013 թվականին անդրադառնալ քաղծառայողների աշխատավարձերի բարձրացման հարցին, քանի որ, ըստ նրա, այսօր սահմանված աշխատավարձերի մակարդակն անթույլատրելի է եւ վերանայման կարիք ունի: Ի պատասխան՝ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ քաղծառայողների աշխատավարձերը 2014 եւ 2015 թվականներին նախատեսվում է բարձրացնել 20-ական տոկոսով:

Զեկուցողները պատասխանեցին նաեւ պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին աշխատավարձերի եւ թոշակների բարձրացմանը, ԾԻԳ-երի գործունեության արդյունավետությանը, գնաճին, ԱԺ պատգամավորների ներկայացուցչական ծախսերին, նոր ավտոմեքենաների ձեռքբերման նպատակահարմարությանը:

Նույն օրը Ստեփան Մարգարյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որտեղ ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված մարզպետարանների պահպանման ծախսերը եւ համայնքներին տրամադրվող դոտացիաները: Տեղեկացվեց, որ նախատեսվում է ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրել 29 մլրդ 700 մլն դրամի դոտացիաներ: Ինչպես նաեւ հատկացվել են 1 մլրդ դրամ բնապահպանական սուբվենցիաներ:

Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց պետական բյուջեից Երեւան համայնքին հատկացվող ֆինանսավորման տվյալները: Տեղեկացվեց, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի պահմանման ծախսերի համար նախատեսվել է 598 մլն 630 հազար դրամ: Երեւանի փողոցների ընթացիկ նորոգման եւ ճաքալցման աշխատանքների համար հատկացվել է 3 մլրդ 284 մլն դրամ:

Մարզպետարանների ներկայացուցիչներն իրենց ելույթներում ներկայացրին մարզերի համար նախատեսված ֆինանսական հատկացումները եւ իրականացվելիք ծրագրերը: Նրանք գոհունակությամբ արձանագրեցին, որ ընթացիկ տարվա համեմատ ավելացել են մարզերին հատկացվող դոտացիաները: 

← Վերադառնալ ցուցակին