Լուրեր

Երևանում կբացվի <<Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն>>

30.10.2012

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել են մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Ա. Ալիխանյանի անվան <<Ազգային գիտական լաբորատորիայի>> հարևանությամբ կառուցվող <<Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի>> հիմնարկեքի արարողությանը:Կենտրոնի ստեղծման ծրագիրն իրականացվում է պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում: Նկատի առնելով, որ ամբողջ աշխարհում տարեցտարի չարորակ նորագոյացություններով հիվանդացության ու դրա հետևանքով մահացության ցուցանիշների աճ է արձանագրվում, և չարորակ նորագոյացությունների դեմ պայքարը ցանկացած պետության համար բժշկակենսաբանական և սոցիալ-տնտեսական լուրջ խնդիր է համարվում, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը, ՀՀ էկոնոմիկայի և առողջապահության նախարարությունների հետ համատեղ, մշակել է <<Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի>> ստեղծման երկարաժամկետ ծրագիր: Ծրագրի համաձայն, ինչպես զեկուցվել է, կենտրոնը մատուցելու է ռադիոիզոտոպների արտադրության, ռադիոիզոտոպային, ռադիոլոգիական և լաբորատոր ախտորոշման, ռադիոիզոտոպային և ճառագայթային, ուռուցքաբանական ներհիվանդանոցային և արտահիվանդանոցային վիրաբուժական, քիմիաթերապևտիկ բուժման բարձրակարգ ծառայություններ:Մայրաքաղաքում կառուցվող կենտրոնը, իր տեսակով և հնարավորություններով, միակն է տարածաշրջանում: Այն հնարավորություն կտա դեռ վաղ փուլում գերժամանակակից սարքավորումների միջոցով ճշգրիտ ախտորոշել քաղցկեղը և մատուցել բարդ ուռուցքաբանական ծառայություններ: Կենտրոնը ծառայելու է նաև որպես գիտության և մասնագիտական վերապատրաստման համար կարևոր հաստատություն:
Երևանում <<Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի>> ստեղծումը, ոլորտի պատասխանատուների հավաստմամբ, խթանելու է նաև բժշկական զբոսաշրջության զարգացմանը:
 

← Վերադառնալ ցուցակին