Լուրեր
Երևանի քաղաքապետը հանդիպել է ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության դեսպանի հետ
30.10.2012
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալոիս Կրաուտի հետ (նստավայրը՝ Վիեննա):
Ողջունելով և շնորհավորելով դեսպանին բարձր ու պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ` քաղաքապետը մաղթել է նորանոր հաջողություններ իր դիվանագիտական առաքելության մեջ: Հատկանշելով հայ-ավստրիական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը` Տարոն Մարգարյանը ներկայացրել մայրաքաղաքի զարգացման հեռանկարներն ու ընդգծել Երևանի և ավստրիական քաղաքների միջև հարաբերությունների ընդլայնման լայն հեռանկարը:<<Երևանի քաղաքապետարանի կողմից Վիեննայի քաղաքապետին է ներկայացվել Երևան և Վիեննա քաղաքների միջև համագործակցության համաձայնագրի նախագիծ։ Մենք համոզված ենք, որ Ձեր աջակցությամբ Երևանի և Ավստրիայի քաղաքների միջև հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն և փոխշահավետ համագործակցություն կծավալվի քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում՝ մասնավորապես փորձի փոխանակման և այլ ծրագրերի շուրջ>>,- նշել է Տարոն Մարգարյանն ու վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակցել համատեղ ծրագրերի իրականացմանը:Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և կիսելով իր տպավորությունները Երևանի մասին` Ալոիս Կրաուտը պատրաստակամություն է հայտնել իր կողմից աջակցել ու օժանդակել երկուստեք կապերի ամրապնդմանն ու խորացմանը` հավելելով, որ տեղական ինքնակառավարման համակարգում փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը երկու կողմերի համար էլ շահավետ է:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեսպանի հետ քննարկել է նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: