Լուրեր

Մանկապարտեզներում սննդի որակի ապահովումը մշտական ուշադրության ներքո է

29.10.2012

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ մշտական ուշադրության տակ է մանկապարտեզներում երեխաների սննդի որակի ապահովումը: Նախորդ շաբաթ վերահսկողության վարչության հետ համատեղ անակնկալ ստուգայցեր են կազմակերպվել ավելի քան 20 մանկապարտեզներում: Հանրակրթության վարչության պետի խոսքով, չնայած վերջին մեկ տարվա ընթացքում կատարված հսկողության արդյունքում արձանագրված դրական տեղաշարժին, այդուամենայնիվ, որոշ թերություններ դեռ կան:
<<Մենք բարոյական որևէ իրավունք չունենք, որ մանկապարտեզներում ժամկետանց սնունդ մատակարարվի: Իմ հանձնարարությամբ ստուգայցերը շարունակվելու են բոլոր մանկապարտեզներում` բացառելու համար որևէ խախտում>>,- նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ յուրաքանչյուր խախտման դեպքում պատասխանատուները կենթարկվեն կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև աշխատանքից հեռացման:
Ստուգայցերի շրջանակում հայտնաբերված թերություններով պայմանավորված` 2 մանկապարտեզի տնօրեններ ազատվել են աշխատանքից:Քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել է մայրաքաղաքի ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում շարունակվող` Լենինգրադյան փողոցն Իսակովի պողոտային կապող ուղղաձիգ արագընթաց ավտոմայրուղու և Կարապետ Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող շրջանցիկ նոր ավտոճանապարհի կառուցման ընթացիկ աշխատանքները:
Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ վարչական շրջանների տարածքներում նոր վերգետնյա անցումների կառուցման վերաբերյալ ներկայացվել է 20 առաջարկություն: 8-ի մասով կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ և արտաքին տեսքի նախագծային մշակման աշխատանքներ:Ապօրինի շինարարության և հողազավթումների կանխման ու վերացման, ինչպես նաև շինարարական օբյեկտների հաստատված նախագծերում և ժամկետներում խախտումներրը բացառելու ուղղությամբ տարվող աշխատանքներին անդրադառնալով` քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կատարված հսկողության արդյունքում արձանագրված խախտումների մասով կազմվել են համապատասխան արձանագրություններ:
Գույքագրվել և թարմացվում են մայրաքաղաքում առկա ճանապարհային նշանները:Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ շարունակվող ամենօրյա հսկողությանը զուգահեռ ընթանում է Երևանի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Զեկուցվել է նաև, որ մրցույթների արդյունքում նոյեմբերից 123 միկորավտոբուսային երթուղին փոխարինվելու է ավտոբուսայինով:
Հանձնարարել է իրազեկել բնակչությանը մրցույթներից հետո երթուղիների համարների փոփոխության մասին և համապատասխան տեղեկատվությունը հասանելի դարձնել հնարավոր բոլոր միջոցներով:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ ավարտվել են աշնանային ծառատունկի նախապատրաստական աշխատանքները: Նոյեմբերի 1-ից կմեկնարկի չորացած և վնասված ծառերի և թփերի սանիտարական էտման հերթական փուլը: Շարունակվում են աշխատանքները նաև մայրաքաղաքի փողոցներում և մայթերում տերևների մաքրման ուղղությամբ:Առաջարկություն է ներկայացվել քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների, Ճանապարհային ոստիկանության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ համատեղ աշխատանքներ տանել մայրաքաղաքի այգիներում ու պուրակներում հասարակական կարգի պահպանության ուժեղացման և համայնքային գույքի վնասումը բացառելու ուղղությամբ, ինչպես նաև կամարանցումներում և մայթեզրյա հատվածներում մեքենաների մուտքն ու կայանումը արգելելու նպատակով:
Քաղաքապետը հանձնարարել է ձմռան նախապատրաստական աշխատանքներ տանել` ներգրավելով նաև համատիրություններին: Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև բարեկարգման և մաքրման աշխատանքներ իրականացնել քաղաքապետարանի ենթակայության բոլոր հաստատություներում և կառույցներում:

← Վերադառնալ ցուցակին