Լուրեր

Խորհրդարանն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը

25.10.2012

Հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրինագծերը:

Այնուհետեւ պատգամավորները շարունակեցին քննարկել երկրորդ ընթերցման ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը, որի քննարկումն ընդհատվել էր նախորդ օրը: Ընդդիմադիր պատգամավորները քննադատության ենթարկեցին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու վերաբերյալ կառավարության առաջարկը` հիմնավորելով, որ այն կհարվածի համակարգից օգտվող քաղաքացիների գրպանին, նրանց վրա լրացուցիչ հարկային բեռ կավելացնի:

Ներկայացնելով ՀԱԿ խմբակցության տեսակետը՝ Լեւոն Զուրաբյանն ասաց, որ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը դեմ է քվեարկելու օրինագծերի փաթեթին:

Հարակից զեկուցող, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը տեղեկացրեց, որ օրենքի նախագծերի փաթեթում ավելացել են երեք՝ «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» եւ «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Առաջին նախագծում բաց է թողնված օրենքն ուժի մեջ մտնելու վերաբերյալ վերջին հոդվածը, երկրորդ նախագծում հստակեցված են վճարովի ու անվճար տեղեկատվություն ստանալու կարգերը եւ սահմանված է պետական տուրքի չափը, երրորդ նախագծում կատարված փոփոխությունը վերաբերում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո արձակուրդային գումարի հաշվարկման սկզբունքին, ըստ որի՝ այն պակաս չպետք է լինի միջին աշխատավարձի չափից: Օրենքների նախագծերն առաջին ընթերցմամբ քննարկվել են սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում եւ ստացել դրական եզրակացություն:

Հիմնական զեկուցող, ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, անդրադառնալով պատգամավորների մտահոգություններին եւ առարկություններին, ընդգծեց, որ կուտակային գումարները երաշխավորված են, դրանք կներդրվեն ազգային տնտեսության մեջ եւ ոչ թե արտերկրում ու չեն ծառայի որեւէ մեկի շահերին:

Անդրադառնալով կամավոր կուտակային կենսաթոշակների համակարգին՝ ֆինանսների փոխնախարարը նշեց, որ սկզբնական շրջանում կամավոր կուտակային սխեմաների դեպքում եկամտային հարկ չի հարկվելու: Փոխնախարարը տեղեկացրեց նաեւ, որ փաթեթի վերաբերյալ սկզբունքային առաջարկները հիմնականում ընդունվել են:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը առաջին ընթերցման ընթացակարգով խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-54-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» եւ դրա հետ կապված այլ օրենքներում առաջարկվող փոփոխությունների փաթեթը: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ Հայաստանում խաղային բիզնեսի բնագավառում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակներում 2010 թվականին ընդունվել է «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն` ՀՀ-ում խաղատների գործունեությունը 2013 թվականի հունվարի 1-ից կազմակերպվելու է միայն Սեւան, Ջերմուկ եւ Ծաղկաձոր քաղաքներում: Սակայն, ըստ Վարդան Արամյանի, խաղային բիզնեսի ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպումների եւ քննարկումների արդյունքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնց հաղթահարումը խաղային բիզնեսի կազմակերպիչների կողմից ներկայիս պայմաններում դառնում է անհնար: Նշվեց, որ առաջարկվում է ՀՀ-ում գործող խաղատների` Սեւան, Ջերմուկ եւ Ծաղկաձոր քաղաքներ տեղափոխելու ժամկետը երկարաձգել մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը` գործող ժամկետի` 2013 թվականի հունվարի 1-ի փոխարեն: Փոխնախարարի կարծիքով՝ նախագծերի ընդունումը թույլ կտա խուսափել ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազումից, ինչպես նաեւ խաղային բիզնեսի բնագավառում աշխատատեղերի քանակի էական կրճատումից:

Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացնելով՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը կոչ արեց կողմ քվեարկել օրինագծերի փաթեթին:

Քննարկվող հարցի վերաբերյալ տեսակետներ հայտնեցին ԱԺ պատգամավորները: Աղվան Վարդանյանի կարծիքով՝ չկա որեւէ երաշխիք, որ մեկ տարի հետո ոլորտում իրավիճակը կփոխվի, եւ Երեւանը կրկին չի գտնվի խաղատների շրջափակման մեջ: Ըստ Արծվիկ Մինասյանի՝ պետք է հասկանալ, թե որքանով է կառավարության կողմից ոլորտում առաջարկվող եւ հաստատվող քաղաքականությունը համահունչ երկրի զարգացումներին: Նա կարեւորեց գումար ստեղծող կառույցի վրա հսկողություն սահմանելը: Մհեր Շահգելդյանն անհրաժեշտ համարեց, որ ԱԺ-ը նույնպես ծանոթա նախատեսվող քնարկումների արդյունքների հետ:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուզող Վարդան Արամյանը նշեց, որ կառավարության քաղաքականության ուղղություններն արդեն իսկ ամրագրված են կառավարության որոշմամբ հաստատված ոլորտի զարգացման ռազմավարությունում: Փոխնախարարը կարեւոր համարեց բովանդակալից եւ լայն քննարկումների կազմակերպումը:

Այնուհետեւ պատգամավորներն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկեցին «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա տեղեկացրեց, որ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած ու 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, խուսափելով քրեական հետապնդումից, չեն վերադառնում հայրենիք: Այդ քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով արդեն երեք անգամ կատարվել է փոփոխություն, որը մեծ խթան է հանդիսացել հազարավոր երիտասարդների վերադարձը հայրենիք ապահովելու գործում: Ըստ նախարարի՝ անցյալ տարվա ընթացքում այս օրենքից օգտվել է 728 հոգի եւ հիմնադրամ է մուծվել 1 մլրդ 300 մլն դրամ: Ըստ կառավարության ներկայացուցչի՝ առաջարկվում է գործող օրենքում «2011 թվականի մայիսի 1-ը» փոխարինել «2012 թվականի նոյեմբերի 1-ը» բառով: Օրինագծի ընդունմամբ կարգավորվում է ՀՀ հազարավոր քաղաքացիներին քրեական հետապնդումից ազատելու խնդիրը, ինչպես նաեւ ապահովվում է այդ երիտասարդների վերադարձը հայրենիք:

Հանդես գալով հարակից զեկուցմամբ՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Վահան Հովհաննիսյանը նշեց, որ օրենքը բավական երկար նախապատմություն ունի, եւ տարիները ցույց են տվել, որ Հայաստանում այսօր ներդրված է աշխարհում կիրառվող լուծումներից ամենագործունը: Պատգամավորի խոսքով՝ ՀՀ քաղաքացին անպայման պետք է ներդրում ունենա հայրենիքի պաշտպանության գործում, եւ այն կարող է լինել նաեւ գումարային, ինչն օգտագործվում է պայմանագրային զինծառայողներին վարձատրելու համար: Նա միաժամանակ նկատեց, որ օրենքը չպետք է դիտվի որպես պատիժ կամ խրախուսանք. այն կարող է հիմք ծառայել հետագա փոփոխությունների, զարգացումների համար, որոնց մասին խոսելը, ըստ Վահան Հովհաննիսյանի, դեռեւս վաղ է:

Հարակից զեկուցողին ուղղված հարցերը եւ հաջորդած մտքերի փոխանակության ժամանակ պատգամավորների հնչեցրած կարծիքները հիմնականում վերաբերում էին օրենքի գործողության ժամկետներին, համակարգն առավել ճկուն դարձնելուն, ընթացակարգային խնդիրների:

Հաջորդիվ խորհրդարանը քննարկեց «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց հեղինակը՝ պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Նրա խոսքով՝ նպատակը ստուգումների կազմակերպման գործընթացը հստակեցնելն է: Մասնավորապես, առաջարկվում է քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան վերստուգումներն իրականացնել միայն այն մասով, որի համար հիմք է հանդիսացել որոշում կայացնելը:

Հարակից զեկուցման ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը նշեց, որ խնդիրն արդիական է, եւ բարձրացվել է ճիշտ ժամանակին: Նրա խոսքով՝ օրենքում առաջարկվող փոփոխությունն ու լրացումը ոլորտում կմտցնեն պահանջվող կարգավորումները:

Ազգային ժողովը քննարկեց նաեւ «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Զեկուցելով նախագծերի մասին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում հնարավոր կլինի Հայաստանում հյուրանոցների 5 աստղանի որակավորման կարգը գերազանցող «5 աստղանի Դելյուքս» որակավորման կարգի ներդրում, եւ դրանով առավել շքեղ հյուրանոցների տարբերակումը կնպաստի ներդրումների, ինչպես նաեւ առավել բարձր պահանջներ ունեցող զբոսաշրջիկների ներգրավմանը: Նախագծերի փաթեթով առաջարկվում է կարգավորել նաեւ հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման խնդիրները:

Պատգամավորները զեկուցողին հարցեր ուղղեցին Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ:

Հարցի քննարկումով Ազգային ժողովը հոկտեմբերի 25-ին ավարտեց չորսօրյա նիստերի աշխատանքները: 

← Վերադառնալ ցուցակին