Լուրեր

Տարոն Մարգարյանը հանդիպել է Ֆրանսիայի գործընկեր քաղաքների ներկայացուցիչների հետ

24.10.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ֆրանսիական գործընկեր քաղաքների, Ֆրանսիայի միավորված քաղաքների կազմակերպության <<Հայաստան>> աշխատանքային խմբի պատվիրակության անդամների հետ:
Ողջունելով հյուրերին և կարևորելով 2010թ. Երևանում կայացած Ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական առաջին համաժողովը` քաղաքապետը ընդգծել է, որ այն նոր որակ է հաղորդել երկու երկրների քաղաքների միջև կապերի սերտացմանը և նպաստել է երկկողմ համագործակցության զարգացմանը:<<Ֆրանսիայի քաղաքների հետ Երևանի համագործակցությունը որակապես և քանակապես շատ բազմազան է, ու կարևոր է, որպեսզի մենք աշխատենք առավել արդյունավետ և շահավետ դարձնենք քաղաքների հետ համագործակցությունը: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում Երևանի քաղաքապետարանն այսօր արդեն իսկ ակտիվորեն համագործակցում է ֆրանսիական շատ քաղաքների հետ>>,-նշել է Տարոն Մարգարյանը:Կարևորելով 2013թ. Վալանս քաղաքում անցկացվելիք հայ–ֆրանսիական ապակենտրոնացված երկրորդ համաժողովը` քաղաքապետն առանձնացրել է համաժողովի շրջանակում համայնքների տնտեսական զարգացման ծրագրերի շեշտադրումը:Ներկաների անունից շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Լիոնի փոխքաղաքապետ, Մեծ Լիոնի միջազգային համերաշխության և ապակենտրոնացված համագործակցության հարցերով փոխնախագահ Հյուբեր Ժուլիեն-Լաֆֆերիերը նկատել է, որ Երևանի քաղաքապետարանի համագործակցության պատրաստակամությունը լավ խթան է փոխգործակցության ակտիվացման, ինչպես նաև գործընկեր քաղաքների հետ հարաբերությունների զարգացման ու ընդլայնման համար:Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ձևավորելու համատեղ աշխատանքային խմբեր և ներկայացնելու համապատասխան առաջարկությունների փաթեթ: 

← Վերադառնալ ցուցակին