Լուրեր
Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
24.10.2012
Հոկտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը:
Այնուհետեւ պատգամավորներն ու խմբակցություններն իրենց տեսակետներն ու դիրքորոշումներն արտահայտեցին նախորդ օրվանից քննարկվող «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ:
Պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Արծվիկ Մինասյանը եւ Զարուհի Փոստանջյանն անընդունելի համարեցին առաջարկվող նվազագույն աշխատավարձի չափը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ավելացվող 2500 դրամը չի կարող էական նշանակություն ունենալ քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման վրա:
Օրինագծի վերաբերյալ դրական էր Խոսրով Հարությունյանի դիրքորոշումը. ըստ նրա՝ 35000 հազարն ավելի լավ է, քան 32500-ը:
«Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Նա նկատեց, որ այսօր նվազագույն աշխատավարձը երկու անգամ ցածր է նվազագույն սպառողական զամբյուղից, ավելացվող 2500 դրամն էլ չի կարող բարելավել քաղաքացիների կենսամակարդակը:
Ըստ խմբակցության ղեկավարի՝ անհրաժեշտ է կատարել արմատական փոփոխություններ, դրսեւորել քաղաքական կամք եւ «մտնել այն ոլորտները, որտեղ թաքնված են ռեսուրսները»: Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ խմբակցությունը լուրջ երկընտրանքի առաջ է, քանի որ համամիտ չլինելով օրինագծում առկա գաղափարախոսությանը՝ աննպատակահարմար է համարում նաեւ 2500 դրամ ավելացնելուն դեմ քվեարկելը:
ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը խմբակցության անունից քննադատեց կառավարության ներկայացրած օրինագիծը՝ նշելով, որ «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում որեւէ թիվ կամ մեծություն նշելը ճիշտ չէ, քանի որ այն գնաճի, տնտեսական զարգացման, ճգնաժամի եւ այլ գործոնների ազդեցությամբ անընդհատ կարող է փոփոխվել: Փոխարենը խմբակցությունն առաջարկում է օրենքում ամրագրել նվազագույն աշխատավարձի հաշվարկման մեխանիզմ, ինչը հնարավորություն կտա տնտեսվարող սուբյեկտներին սպասումները կառուցել ապագա զարգացումների վրա, իսկ քաղաքացիներն ու պետական կառավարման մարմինններն էլ հնարավորություն կունենան հընթացս ճշգրտելու իրենց քաղաքականությունը: Արծվիկ Մինասյանը եւս շեշտեց, որ նվազագույն աշխատավարձը չպետք է պակաս լինի նվազագույն սպառողական զամբյուղից:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում զուգահեռներ անցկացրեց նվազագույն սպառողական զամբյուղի եւ նվազագույն աշխատավարձի միջեւ՝ շեշտելով, որ նվազագույն աշխատավարձը առնվազն պետք է ապահովի այդ աշխատավարձով ապրող քաղաքացիների նվազագույն կարիքները, որ կարողանան արժանապատիվ ապրել:
Նաիրա Զոհրաբյանը, շեշտելով բարձր գնաճի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների օրըստօրե թանկանալու գործոնը, հետաքրքրվեց, թե որն է առաջարկվող 2500 դրամով ավելացման տրամաբանությունը եւ հիմնավորումը: Ըստ նրա՝ եթե կա 7 տոկոս տնտեսական աճ, ինչու՞ է նվազագույն աշխատավարձն ավելացվում ընդամենը 2500 դրամով:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ներկայացնելով խմբակցության դրական դիրքորոշումը, համաձայնեց, որ նվազագույն աշխատավարձի հարցը մեր երկրի ամենացավոտ խնդիրներից մեկն է, եւ այդ աշխատավարձով հնարավոր չէ ապրել: ՀՀԿ խմբակցության ղեկավարը, անդրադառնալով գործընկերների դիտարկումներին եւ համաձայնելով որոշ մտքերի հետ, նկատեց, որ սա այն օրինագիծն է, որն ընդդիմախոսներին հնարավորություն է տալիս նորից վեր հանել այն, ինչ կա իրականության մեջ:
Գալուստ Սահակյանը շեշտեց, որ քննարկվող նախագիծն ամրապնդում է կառավարության՝ աշխատավարձերի բարձրացման քաղաքականությունը, որը բյուջեի կարեւորագույն ծրագրերից մեկն է: Ըստ նրա՝ այդ մասին են վկայում ուսուցիչների, այլ աշխատողների աշխատավարձերի շարունակական ավելացումները: Խմբակցության ղեկավարը պատգամավորներին առաջարկեց կողմ քվեարկել նախագծին եւ փորձել լրամշակել այն, գտնել ընդունելի լուծումներ:
Ամփոփելով քննարկումը՝ օրինագծի հիմնական եւ հարակից զեկուցողներ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը անդրադարձան պատգամավորների հարցադրումներին եւ տվեցին պարզաբանումներ:
Այնուհետեւ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Ինչպես տեղեկացրեց Վաչե Գաբրիելյանը, նախագծով առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը՝ յուրաքանչյուր տարվա համար պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով սահմանելու վերաբերյալ ժամանակավոր բնույթ ունեցող նորմատիվ իրավական ակտի գործողության ժամկետը երկարաձգել եւս մեկ տարով՝ մինչեւ 2013 թվականի դեկտեմբերի 31-ը:
Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը տեղեկացրեց, որ նախագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական է:
Առաջնորդվելով ԱԺ կանոնակարգի 105.1 հոդվածով` «Օրինաց երկիր» խմբակցությունը նիստում հանդես եկավ հարցապնդմամբ: Խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն անդրադարձավ ԽՍՀՄ բանկերում ավանդադրված գումարների փոխհատուցման խնդրին` դիմելով կառավարությանը փոխհատուցում ստացած անձանց թվաքանակի եւ գումարների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի տվյալներով` 2006 թ.-ից ի վեր` ավանդների փոխհատուցման մասին օրենքն ընդունելուց հետո, հաշվառվել է 62 հազար 800 անձ` ելնելով սոցիալական որոշակի չափանիշներից: Նրանցից 53 հազար 513-ին արդեն իսկ փոխհատուցվել են նախկինում ավանդադրված միջոցները, եւս 9 հազարին նախատեսվում է գումար հատկացնել առաջիկայում. այս նպատակով 2013 թ. բյուջեի նախագծում նախատեսված է 1.6 մլրդ դրամ: Նախարարը նշեց, որ ծրագիրը շարունակական է լինելու, եւ որ այս փուլից հետո կմշակվեն ավանդների փոխհատուցման նոր չափորոշիչներ: «Օրինաց երկիր» խմբակցությունը հարցապնդման արդյունքում անհրաժեշտ չհամարեց ընդունել որոշում:
Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը պատգամավորների գնահատմանը ներկայացրեց 2013 թ.-ից կիրառվելիք` միասնական եկամտային հարկով պայմանավորված երկու օրենսդրական փաթեթ: «ՀՀ դատական օրենսգրքում» եւ 11 օրենքներում փոփոխություններ կատարելով` կառավարությունը նպատակ ունի հանրային ծառայողների աշխատավարձերի դրույքաչափերը կարգավորել այնպես, որ եկամտահարկի մասին նոր օրենքի կիրառումից հետո աշխատավարձի նախկին մակարդակը չնվազի: Այս նպատակով վերանայվել են որոշ ոլորտներում հանրային ծառայողների աշխատավարձերի հաշվարկման գործակիցները:
Հաջորդ փաթեթով` «Եկամտային հարկի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ ենթադրող նախագծերով, առաջարկվում է զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաեւ փրկարարական ծառայության ծառայողների եկամուտները ներառել եկամտահարկի համակարգում` ապահովելով հավասար հարկման դաշտ բոլորի համար: Նախկինում այն դիտարկվել էր որպես նվազող եկամուտ: Միաժամանակ գործադիրը նախատեսում է վերանայել նշված ծառայողների աշխատավարձերը` եկամտահարկի մասին նոր օրենքի կիրարկման պայմաններում նախկին դրույքաչափերը պահպանելու նպատակով:
Հարակից ելույթում սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ներկայացրեց գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը երկու փաթեթների վերաբերյալ:
Քառօրյա նիստի օրակարգում էր նաեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների եւ լրացումների մասին նախագիծը` մեկ տասնյակից ավելի օրենքներում համապատասխան փոփոխություններով: Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը պատգամավորներին փաթեթում ներառված երկու նախագիծ ներկայացրեց առաջին ընթերցման ընթացակարգով` «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին»: Նախագծերը բխում են եկամտահարկի մասին նոր օրենքի սկզբունքներից եւ նպատակ ունեն ճշգրտել հարկման բազան: Փաթեթն ամբողջությամբ կներկայացվի եւ կքննարկվի հոկտեմբերի 25-ի նիստում:
Քառօրյայի չորեքշաբթի օրվա վերջին նիստում, առաջնորդվելով ԱԺ կանոնակարգով, պատգամավորները հարցեր ուղղեցին կառավարության անդամներին: