Լուրեր
Հանդիպում Ֆրանսիայի պատվիրակության հետ
24.10.2012
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Ֆրանսիա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, բարեկամական խմբի պատգամավորները հոկտեմբերի 24-ին հանդիպեցին Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի փոխնախագահ Իվ Ռեւիյոնի եւ Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսի գլխավորած պատվիրակության հետ:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ողջունելով հյուրերին, կարեւորեց նրանց այցը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով եւ համոզմունք հայտնեց, որ նման այցելությունները նոր թափ կհաղորդեն երկու երկրների հարաբերություններին ու կամրապնդեն դարավոր բարեկամությունը: Պարոն Շարմազանովի գնահատմամբ՝ Ֆրանսիան բազմիցս ապացուցել է, որ ժողովրդավարական արժեքներ ստեղծող ու տարածող, մարդու իրավունքները պաշտպանող առաջամարտիկ երկիր է, իսկ մարդկության դեմ իրականացված ոճրագործությունները միշտ էլ սուր քննադատության են ենթարկվել Ֆրանսիայում ու ստացել արժանի հակահարված: Այս առումով մեծ է Ֆրանսիայի դերը նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, որը կարեւոր է ոչ միայն արդարության վերականգնման տեսանկունից, այլեւ ցեղասպանությունների բացառման: ԱԺ փոխնախագահը հայ-ֆրանսիական հարաբերությունների ակտիվացման եւ Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների կայացման գործում կարեւորեց քաղաքների ու համայնքների արդյունավետ համագործակցությունը եւ հույս հայտնեց, որ այս այցելությունը հնարավորություն կտա հաջորդ տարի Ֆրանսիայում՝ Վալանսում, կայանալիք ապակենտրոնացված համագործակցության համաժողովի աշխատանքները դարձնել էլ ավելի արդյունավետ:
Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի փոխնախագահ Իվ Ռեւիյոն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, տեղեկացրեց, որ պատվիրակության՝ Հայաստան այցի հիմնական նպատակը 2013 թ. Ֆրանսիայում նախատեսված ապակենտրոնացված համագործակցության համաժողովի հերթական նիստի կազմակերպման աշխատանքներն են: Նախորդ նիստը 2010 թվականի հոկտեմբերին կայացել է Երեւանում՝ Ֆրանսիայի 25 տեղական իշխանությունների՝ քաղաքների, դեպարտամենտների, շրջանների ղեկավարների եւ պատասխանատու ներկայացուցիչների մասնակցությամբ: Պարոն Իվ Ռեւիյոն գոհունակությամբ նշեց, որ այս տարվա սկզբին «Ֆրանսիայի միավորված քաղաքներ» ասոցիացիայում ստեղծվել է «Հայաստան» խումբը: Ասոցիացիային անդամակցում են Ֆրանսիայի այն քաղաքներն ու շրջանները, որոնք տարբեր երկրների քաղաքների եւ վարչատարածքային միավորների հետ եղբայրացման համաձայնագրերի շրջանակներում միջազգային համագործակցություն են ծավալում: Նա տեղեկացրեց նաեւ, որ Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի եւ Համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կողմից ՀՀ Տավուշի մարզին հատկացվող աջակցության ծրագրի շրջանակներում պատվիրակությունն այցելելու է Տավուշի մարզ՝ տեղում ծանոթանալու կատարված աշխատանքներին: Տավուշի զարգացման ծրագրով մարզում դրամաշնորհային աջակցություն է ցուցաբերվում անասնապահության, գյուղմեխանիզացիայի, պտղաբուծության ոլորտներում: Այդ նպատակներով Տավուշին հատկացվել է 4 մլն եվրո:
Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսը գոհունակությամբ արձանագրեց ասոցիացիային Հայաստանի անդամակցությունը, ինչը մեկ անգամ եւս փաստում է երկու երկրների ջերմ բարեկամության եւ ակտիվ համագործակցության մասին: Այդ բարեկամությունը ակնհայտ է նաեւ քաղաքական ասպարեզում ու միջպետական հարաբերություններում: Նա նկատեց, որ Ֆրանսիան օրենքի ուժով է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ Ֆրանսիայի նախագահը, նրա համոզմամբ, բոլոր ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքը նորից շրջանառության մեջ կդնի: Պարոն Ալեն Մորիսը տեղեկացրեց, որ հաջորդ ապակենտրոնացված համագործակցության համաժողովը, որին մասնակցելու համար սպասում են իրենց հայ գործընկերներին, կքննարկի տարածքային զարգացման հարցերը՝ կարեւորելով զբոսաշրջության, գյուղատնտեսության, կրթության եւ տարածքների տնտեսական զարգացման խնդիրները:
Հայաստան-Ֆրանսիա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը գոհունակությամբ արձանագրեց, որ տարբեր ոլորտներում հայ-ֆրանսիական հարաբերությունները ոչ միայն կայուն են ու շարունակական, այլեւ ունեն դինամիկ զարգացում: Նա տեղեկացրեց, որ Հայաստանի խորհրդարանի բարեկամական խմբերից հայ-ֆրանսիական բարեկամական խումբը ամենամեծն է, ՀՀ Ազգային ժողովի կայքը գործում է նաեւ ֆրանսերեն, իսկ Հայաստանը անդամակցում է Ֆրանկոֆոնիային եւ նպաստում նրա գաղափարների տարածմանը: Հայ ժողովուրդը գնահատում է Ֆրանսիայի մեծ բարեկամությունը, նրա ստեղծած համամարդկային արժեքներն ու հիանում նրա մշակույթով:
Երկուստեք համոզմունք հայտնեցին, որ պետք է ամեն ինչ անել երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում ձեւավորված համագործակցությունը դարձնելու ավելի ակտիվ ու արդյունավետ՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարեկեցության, դարերով ձեւավորված բարեկամության ու փոխադարձ հարգանքի: