Լուրեր
Քաղաքապետարանի ծրագրով շուրջ 140 տարբեր օբյեկտներ արդեն ապահովված են WiFi համակարգով
22.10.2012
							 Մայրաքաղաքում շարունակվում են քաղաքապետարանի 2012թ. ծրագրերով նախատեսված աշխատանքները: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ արդեն ասֆալտապատվել է 1 մլն 800 հազ. քմ ճանապարհ, զուգահեռ իրականացվել են նաև 330.000 գծամետր ճաքալցման աշխատանքներ: Տարեկան ծրագրով արդեն ավարտվել են նաև յոթ վերգետնյա անցումների կառուցման և շքամուտքերի վերանորոգման աշխատանքները: Հանձնարարվել է հսկողություն սահմանել փողոցների, ուղեանցների ու կամուրջների տարածքների հիմնանորոգման և փոսալցման գործընթացի որակի և աշխատանքների իրականացման ժամկետների նկատմամբ: Ճաքալցման աշխատանքների ամենամյա  ծավալները հաշվի առնելով` հանձնարարվել է 2013թ. նախատեսվող աշխատանքներում ներգրավել նաև այլ կազմակերպությունների:  
Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող 2.5 կմ երկարությամբ շրջանցիկ նոր ավոտճանապարհի, ինչպես նաև Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման աշխատանքները: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա անմիջական հսկողության տակ պահել կատարվող աշխատանքների ընթացքն ու որակը: 
Կառուցապատման ենթակա տարածքների կառուցապատողների կողմից դադարեցված շինարարական աշխատանքները չշարունակելու փաստով պայմանավորված, Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի՝ քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված ժամկետները սպառած չորս տասնյակից ավելի կազմակերպությունների մասով պատրաստվել է առաջարկություն:  Զեկուցվել է նաև, որ օրենքով և պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու հիմքով <<Վիզկոն>> և <<Նարեկգրադ>> ընկերություններին տրամադրված հողամասերի նկատմամբ արդեն դադարեցվել են  իրավունքները:
Առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամսար Բաբինյանը քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել առկա խնդիրների մասին: Հանձնարարվել է շարունակել ուսումնասիրությունները:
Անդրադառնալով մանկապարտեզներում երեխաների սննդի մշտական վերահսկողությանը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է արդյունքների մասին պարբերաբար զեկուցել. <<Ցանկացած խախտման դեպքում ձեռնարկեք համապատասխան քայլեր: Բացի այդ, հետևեք նաև, որպեսզի այս գործընթացում նախակրթարան հաճախող երեխաների ծնողների  անմիջական մասնակցությունը լինի շարունակական>>,- նշել է քաղաքապետը:
<<Օգնիր դպրոցիդ>> և <<Օգնիր մանկապարտեզիդ>> ծրագրերին աջակցելու նպատակով գումարների փոխանցման պարտադրումը, ինչպես նաև դպրոցներում  ուսումնաօժանդակ իրերի վաճառքի դեպքերը բացառելու մասով կրթության վարչության պետը զեկուցել է, որ ուսումնական հաստատությունների պատասխանատուների հետ կազմակերպվում են պարբերական  խորհրդակցություններ, և ամենօրյա հետևողական աշխատանք է տարվում այդ ուղղությամբ:  
Հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ շարունակվում է ամենօրյա հսկողությունը: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ սանիտարական ոչ պատշաճ վիճակի պատճառով երթուղիներից դուրս է բերվել 70 մեքենա: Հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով քաղաքապետը հանձնարարել է երթուղիները սպասարկող ընկերություններին պարտադրել, որպեսզի երթուղիներից դուրս բերված մեքենաները շատ կարճ ժամկետում պատշաճ տեսքի բերվեն և դուրս գան երթուղի: Հանձնարարվել է նաև ոստիկանության հետ համատեղ գույքագրել ճանապարհային երթևեկության նշանները, վնասվածները փոխարինել նորերով, անհրաժեշտության դեպքում համապատասխան տեղերում լրացնելով դրանց քանակը: 
Անդրադառնալով թեժ գծերի աշխատանքին և բնակչության կողմից ստացվող ահազանգերի արձագանքման ընթացքին` վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ վարչական  շրջաններում և քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցներում անցած երկու շաբաթվա ընթացքում ստացվել է ավելի 130 հեռախոսազանգ, որոնք հիմնականում կրել են կոմունալ-կենցաղային բնույթ: Զեկուցվել է նաև, որ դրանց գերակշիռ մասը լուծում է ստացել:
WiFi համակարգի  տեղադրման մասով զեկուցվել է, որ քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում 123 ավտոբուսներ, մետրոյի 10 կայարաններ և 7 այգիներ ու պուրակներ արդեն ապահովված են համակարգով: 
Հասարակական տրանսպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների համակարգի տեղադրման աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ արդեն  ներկրվել են GPS համակարգերը, և առաջիկայում մայրաքաղաքի կանգառասրահներում կսկսվի առաջին փորձնական էլեկտրոնային չվացուցակների տեղադրումը:  
Անդրադառնալով հասարակական տրանսպորտի կանգառասրահներին, հանձնարարվել է կապալառու կազմակերպության հետ նոր պայմանագրերի կնքման ժամանակ հաշվի առնել նաև կանգառագոտիների բարեկարգման պարտադիր նորմը: 
<<Էրեբունի-Երևան>> տոնակատարության շրջանակում իրականացված <<Մեր հանճարները մեր կողքին են>> քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում տեղադրված հայ մեծանուն արվեստագետների արձաններն առաջիկայում, որպես նվեր կփոխանցվեն համանուն տուն-թանգարաններին: 
Անդրադառնալով մայրաքաղաքի սանմաքրման աշխատանքներին` հանձնարարվել է սկսել նաև փողոցների, մայթերի, այգիների ու պուրակների` աշնանային տերևաթափի մաքրման աշխատանքները:
