Լուրեր
Խորհրդարանն սկսեց քառօրյա նիստերի աշխատանքը
22.10.2012
Հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովն սկսեց քառօրյա նիստերի աշխատանքը: Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց նստաշրջանի եւ ընթացիկ քառօրյա նիստերի օրակարգերը, որոնք հաստատելուց հետո պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ քառօրյայում քննարկված հարցերը:
Խորհրդարանի ղեկավարը տեղեկացրեց, որ «Ժառանգություն» կուսակցության ընտրական ցուցակից Ազգային ժողովի պատգամավոր է գրանցվել Թեւան Ժիրայրի Պողոսյանը:
Մինչ օրակարգային հարցի քննարկմանն անցնելը Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ «Ժառանգություն» խմբակցության նիստում որոշվել է, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամներն այսուհետ չեն ներկայացնելու «Ժառանգություն» խմբակցության տեսակետները: Խաչատուր Քոքոբելյանը տեղեկացրեց, որ ինքը եւ Ալեքսանդր Արզումանյանը, փաստացի մնալով «Ժառանգություն» խմբակցության անդամներ, այսուհետ կներկայացնեն «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը:
Այնուհետեւ պատգամավորները շարունակեցին քննարկել նախորդ քառօրյայի վերջին նիստում ընդհատված Հանրային հեռուստառադիոընկերության 2010 թվականի գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը:
Հարակից զեկուցումով հանդես եկավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը: Նրա տեղեկացմամբ՝ հանձնաժողովում հարցը քննարկվել է դեռեւս ԱԺ չորրորդ գումարման խորհրդարանի ժամանակ եւ լիագումար նիստում հարցի քննարկումը հետաձգվել է օբյեկտիվ պատճառներով: Ըստ Կարինե Աճեմյանի՝ հարցի քննարկումը ժամանակավրեպ է, քանի որ վերջին երկու տարիների ընթացքում շատ հաղորդումներ հանվել են եթերից՝ փոխարինվելով նորերով: Առաջարկվեց Հանրային հեռուստառադիոընկերության 2010 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումն ընդունել ի գիտություն:
Հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը: Նա առաջարկեց ստեղծել հեռուստաեթերը վերահսկող մարմին: Ըստ պատգամավորի՝ Հանրային հեռուստաընկերությունը պետք է լինի հասարակությանը դաստիարակող կառույց:
Այնուհետեւ խորհրդարանն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցին: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 26-րդ հոդվածի Դոնթի բանաձեւի համաձայն՝ պաշտոնի առաջադրման իրավունքը պատկանում է ԲՀԿ խմբակցությանը:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ խմբակցությունն ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրում է Մարտուն Գրիգորյանի թեկնածությունը:
ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Մարտուն Գրիգորյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ խմբակցության պատգամավորներին այս բարձր եւ պատասխանատու պաշտոնում իր թեկնածությունը ներկայացնելու համար: Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովում աշխատելու հինգ տարվա փորձ ունի, որից երեք տարին աշխատել է որպես հանձնաժողովի փոխնախագահ եւ ծանոթ է հանձնաժողովի աշխատանքներին: Թեկնածուն վստահեցրեց, որ հանձնաժողովի նախագահ ընտրվելու դեպքում գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը կաշխատի բաց եւ թափանցիկ, կհամագործակցի հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաեւ կկազմակերպվեն այցելություններ գյուղական համայնքներ:
Ամփոփելով փակ-գաղտնի քվեարկության արդյունքները՝ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի նիստում արձանագրվել է, որ քվեարկությանը մասնակցել է 84 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 5 քվեաթերթիկ: Կողմ է քվեարկել 75 պատգամավոր, դեմ՝ 4: Այսպիսով, ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «ԲՀԿ» խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը:
Այնուհերեւ խորհրդարանը քննարկեց «Հանրային հեռուստառադիոընկերության 2011 թվականի գործունեության վերաբերյալ» Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը, որը ներկայացրեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: Նա մասնավորապես տեղեկացրեց, որ հաշվետու տարում Հանրային հեռուստառադիոընկերությունը պահպանել է առաջատարի իր դիրքերը եւ առանձնացել իր բազմազան ու հանրության տարբեր խավերի պահանջմունքները բավարարող հեռուստառադիոհաղորդումներով: Այսպես, «Առաջին լրատվական» տեղեկատվական ծրագիրը նախընտրել է հեռուստադիտողների շուրջ 26 տոկոսը, նրանցից 23,3 տոկոսը նախընտրել է Հանրային հեռուստաընկերության պատրաստած հեռուստահաղորդումները: Ալեքսան Հարությունյանը տեղեկացրեց, որ 2011 թվականին եւս Խորհուրդն իր լիազորությունների շրջանակում համակարգել է Հանրային հեռուստաընկերության, Հանրային ռադիոընկերության եւ ոլորտի մյուս ընկերությունների գործունեությունը: Հաստատվել են ընկերությունների հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ընդհանուր ծավալներն ու հեռուստածրագրերի եւ ռադիոծրագրերի թիվը, ընկերությունների 2011 թվականի տարեկան եկամուտների, ծախսերի ու դրամական հոսքերի նախահաշիվները, հաղորդումների թեմատիկ ուղղություններն ու ծավալները: Փոփոխություններ են կատարվել Հանրային հեռուստառադիոընկերության ծրագրային քաղաքականության մեջ, ավելացել են սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական եւ մշակութային ուղղվածության հաղորդումները, հայրենական արտադրության ֆիլմերի եւ փաստավավերագրական ֆիլմերի հեռարձակման ծավալները:
ԱԺ գլխադասային՝ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը ներկայացրեց Ռուբիկ Հակոբյանը: Նա իրազեկեց, որ հանձնաժողովը քննարկել է հաղորդումը եւ այն ընդունել ի գիտություն՝ արձանագրելով, որ 2011 թվականին Հանրային հեռուստառադիոընկերության գործունեությունը շահեկանորեն տարբերվել է այլ տարիներից: Մասնավորապես, համապետական նշանակության խորհրդարանական ընտրություններից առաջ Հանրայինի եթերում ապահովվել է քաղաքական բազմակարծությունը:
Հիմնական եւ հարակից զեկուցողները պատասխանեցին պատգամավորների բազմաբնույթ հարցերին:
Քննարկվող հարցի վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացրեց Զարուհի Փոստանջյանը: Նրա տեղեկացմամբ՝ իրենց խմբակցությունը հանրային հեռուստառադիոընկերության աշխատանքը գնահատում է ոչ դրական եւ ակնկալում է, որ հանձնաժողովը պետք է հրաժարվի սերիալներից, գովազդային եթերաժամ տրամադրելուց, իսկ եթե գովազդ է տեղադրելու, դրանից գոյացած գումարները պետք է թափանցիկ տնօրինվեն:
Ներկայացնելով ՀՀԴ խմբակցության տեսակետը՝ Աղվան Վարդանյանը նկատեց, որ հեռուստաեթերի վերաբերյալ տեսակետները միանշանակ չեն, քանզի չկա հանրային հեռուստատեսության դերի ու նրա առաքելության վերաբերյալ հասարակական ու պետական ընդհանրական կարծիք: Ըստ բանախոսի՝ Ազգային ժողովը, հատկապես ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն իրենց դերակատարումը պետք է ունենան չափանիշների մշակման գործում:
ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Լեւոն Զուրաբյանը: Նրա կարծիքով՝ հանրային ռադիոհեռուստաընկերությունն ու նրա խորհուրդը խրված են կոռուպցիայի մեջ, ուստի չեն կարող ծառայել իրենց բուն նպատակին՝ հանրային խնդիրների վերհանմանն ու ազգային ու պետական կարեւորագույն խնդիրների լուծմանն ուղղված նպատակային հաղորդումներ հեռարձակելուն:
ՀՀԿ խմբակցության տեսակետը քննարկվող հարցի վերաբերյալ ներկայացրեց Գալուստ Սահակյանը՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին զգոնության ու հանդուրժողականության կոչ անելով եւ հորդորելով չվիրավորել միմյանց ու թշնամության սերմեր ցանել: Պարոն Սահակյանի գնահատմամբ՝ քննադատելու շատ բան կա. դրանք պետք է մատնացույց անել շտկելու եւ ոչ թե քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով: «Ոչ մեկս էլ բավարարված չենք, բայց աշխատանքը անբավարար չէ», - ասաց Գալուստ Սահակյանը:
Հարցի քննարկումն ընդհատվեց ԱԺ կանոնակարգով նախատեսված նիստի ժամանակն սպառվելու պատճառով: Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակի հոկտեմբերի 23-ին: