Լուրեր

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Ռինդի հիմնադրման 45-ամյակին նվիրված տոնակատարությանը

20.10.2012

Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Վայոց Ձորի մարզի Ռինդ գյուղի հիմնադրման 45-ամյակին նվիրված տոնակատարությանը։

Բացելով միջոցառումը եւ ողջունելով խոհրդարանական պատվիրակության այցը, Ռինդի գյուղապետ Հուսիկ Սահակյանը տեղեկացրեց, որ համայնքի ավագանին հրավիրած նիստում միաձայն որոշում է կայացրել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին Ռինդի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին։

ԱԺ նավագահը շնորհավորելով համայնքի բնակիչներին Ռինդի հոբելյանի կապակցությամբ, նշեց, որ իր համար անակնկալ եւ մեծ պատիվ է արժանանալ նման պատվաբեր կոչմանը։ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ դա նաեւ պարտավորեցնող է, եւ այսուհետ եւս ամենայնս աջակցելու է համայնքի առջեւ ծառացած ցանկացած խնդրի լուծմանը։

Խորհրդարանի ղեկավարն իր ուրախությունը հայտնեց գյուղի բնակիչներին՝ նրանց միասնության համար։ «Որտեղ կա միասնություն, համերաշխություն, այնտեղ կա մեծ արդյունք։ Ունենք անելիքներ, բայց համոզված եմ՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ գնալու ենք առաջ եւ լուծելու ենք այն խնդիրները, որոնք առկա են Հայաստանի բոլոր՝ 914 գյուղական եւ քաղաքային համայնեքներում։ Ունենալով հզոր համայնք՝ ունենալու ենք հզոր Հայաստան»,-նշեց ԱԺ նախագահը։

Մեկ անգամ եւս շնորհավորելով համայնքի բնակիչներին՝ Հովիկ Աբրահամյանը նրանց մաղթեց հաջողություն եւ բարեկեցություն։ Նա գյուղի դպրոցի երկու աշակերտի, ովքեր հաղթող էին ճանաչվել հանրապետական դպրոցական առարկայական օլիմպիադայում, համակարգիչներ նվիրեց:

Ելույթ ունեցողները շնորհակալություն հայտնեցին ԱԺ նախագահին ջերմ խոսքերի ու բարեմաղթանքների համար եւ հավաստիացրին, որ ամեն ինչ կանեն համատեղ ուժերով լուծելու համայնքի զարգացմանն ու բարեկեցությանն ուղղված ցանկացած խնդիր։

Այնուհետեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակիցը դարձավ աշնանային բերք ու բարիքի համաժողովրդական տոնախմբությանը։  

← Վերադառնալ ցուցակին