Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ֆրանսիայի Սենատի անդամ, Բուր -լե- Վալանսի քաղաքապետ Բեռնար Պիրասին

18.10.2012

Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ֆրանսիայի Սենատի անդամ, Բուր-լե-Վալանսի քաղաքապետ Բեռնար Պիրասին:

Ողջունելով սենատորին` ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանում պարոն Պիրասին ճանաչում են որպես հայ ժողովրդի անկեղծ բարեկամի, ով իր քաղաքական գործունեության ընթացքում, թե՛ որպես սենատոր, թե՛ որպես պատգամավորական բարեկամության խմբի նախագահ եւ թե՛ որպես Բուր-լե-Վալանսի քաղաքապետ մեծ ներդրում է ունեցել հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում: «Դուք միշտ Ֆրանսիայի մեր հայրենակիցների եւ Հայաստանի կողքին եք եղել մեզ համար կարեւորագույն հարցերում եւ մեծ ներդրում ունեք Ֆրանսիայի կողմից ցեղասպանության ճանաչման մասին օրենքի ընդունման գործընթացում»,- նշեց Հովիկ Աբրահամյանը: Բարձր գնահատելով հայ -ֆրանսիական քաղաքական երկխոսության ներկա մակարդակը` խորհրդարանի ղեկավարը կարեւորեց միջխորհրդարանական կապերի էլ ավելի զարգացումը եւ ամրապնդումը` այս հարցում կարեւոր դերակատարություն վերապահելով բարեկամական խմբերին: Երկկողմ կապերի սերտացման առումով` ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ գործակցությունը եւ այս ուղղությամբ կատարված կարեւոր քայլ համարեց Բուր-լե-Վալանսի եւ Թալինի քաղաքների միջեւ առկա ջերմ հարաբերությունները եւ համագործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` սենատոր Պիրասը նույնպես կարեւորեց Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ամրապնդումը եւ խորացումը եւ նշեց, որ իր այցի նպատակն է առավել ամրապնդել միջխորհրդարանական կապերը, ինչպես նաեւ Բուր-լե-Վալանս-Թալին փոխգործակցությունը:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաեւ սաֆարովյան գործին: ՀՀ ԱԺ նախագահը խստորեն դատապարտելով հունգարաադրբեջանական գործարքը եւ նշելով, որ միջազգային հանրությունը համարժեք արձագանք տվեց այդ փաստին` համոզմունք հայտնեց, որ պետք է համարժեք արձագանք տրվի նաեւ երեւույթին եւ կոնկրետ քայլեր իրականացվեն, որպեսզի այն նախադեպ չդառնա: ԱԺ նախագահը նշեց, որ Ադրբեջանում պետական մակարդակով քարոզվում է հայատյացությունը, ինչը պետք է բավարար հիմք հանդիսանա միջազգային հանրության համար հասկանալու, որ ոչ մի դեպքում եւ ոչ մի ձեւաչափով Արցախը չի կարող լինել մի երկրի կազմում, որը հերոսացնում է մարդասպան սաֆարովներին: Բեռնար Պիրասը տեղեկացրեց, որ որպես Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ իրեն էր հանձնարարվել նախապատրաստել զեկույց Հունգարիայի գործողությունների վերաբերյալ: Ֆրանսիացի սենատորը իր զեկույցը վերնագրել է «Հունգարիան ազատության, մարդու իրավունքների եւ եվրոպական արժեքների դիֆիցիտ ունի»: Նա նաեւ նամակ է ուղարկել նաեւ Ֆրանսիայում Հունգարիայի դեսպանին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս:  

← Վերադառնալ ցուցակին