Լուրեր
Բեռլինի պետական գրադարանի գլխավոր տնօրենն այցելեց Ազգային ժողով
18.10.2012
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հոկտեմբերի 18-ին հանդիպում ունեցավ Բեռլինի պետական գրադարանի գլխավոր տնօրեն Բարբարա Շնայդեր-Կեմպֆի հետ: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արտակ Դավթյանը նշեց, որ հոկտեմբերը Հայաստանի խորհրդարանում նշանավորվում է Գերմանիային առնչվող միջոցառումներով եւ գերմանացի գործընկերների այցելություններով. այդ ամենի տրամաբանական շարունակությունն է նաեւ Բեռլինի պետական գրադարանի գլխավոր տնօրենի այցը Հայաստան եւ ՀՀ Ազգային ժողով:
Տիկին Շնայդեր-Կեմպֆին, շնորհակալություն հայտնելով Հայաստանում հանդիպած ջերմ ընդունելության համար, պատմեց այն ծրագրերի մասին, որոնք Բեռլինի պետական գրադարանն ունի՝ կապված Հայաստանի, հայկական մշակույթի հետ: Նրա խոսքով՝ այդ գրադարանում է պահվում Գերմանիայում հայ գրականության ամենամեծ ֆոնդը՝ շուրջ 10 մլն գիրք, եւ ամեն տարի Բեռլինի պետական գրադարանը համալրվում է մոտ 500 նոր հայերեն գրքերով: Ինչպես տեղեկացրեց տիկին Շնայդեր-Կեմպֆը, Հայաստանի ազգային գրադարանի հետ ստորագրած հուշագրի շրջանակներում համատեղ ծրագրեր կիրականացվեն, կկազմակերպվեն փոխայցելություններ, կլինի փորձի փոխանակում: Բեռլինի պետական գրադարանի ծրագրում ընդգրկված են հայ գրականության երկու ցուցադրություններ՝ նվիրված 2012-ին Երեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն:
Խոսելով հայ-գերմանական մշակութային առնչություններից՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նկատեց, որ համաշխարհային գրականության, մշակույթի մեջ գերմանականն իր առանձնահատուկ տեղն ունի, եւ նրա պահպանման գործում իր փոքրիկ ներդրումն է ունեցել նաեւ հայ ժողովուրդը: Հայաստանի Հանրապետությունն օրինակ ծառայեց հետխորհրդային տարածքի երկրների համար՝ անկախացումից անմիջապես հետո Գերմանիային վերադարձնելով պատերազմից մնացած մշակութային արժեքները: Արտակ Դավթյանի խոսքով՝ այս փաստը ցույց է տալիս, թե ինչպես է հայը վերաբերվում մշակութային արժեքներին եւ ինչպես կուզեր, որ վերաբերվեին նաեւ մյուսները:
Գերմանացի հյուրը հետաքրքրվեց Հայաստանում գերմաներենի ուսուցման դրվածքով: Արտակ Դավթյանը տեղեկացրեց, որ գերմաներենը՝ որպես օտար լեզու, ուսուցանվում է հայկական դպրոցների մի մասում, տարբեր ծրագրերով տարեկան շուրջ 100 հայ ուսանող է մեկնում՝ կրթություն ստանալու Գերմանիայում, Երեւանում հաջողությամբ գործում է գերմաներենի ուսուցման կենտրոն: Նա նաեւ նշեց, որ որպես Հայաստան-Գերմանիա բարեկամության միջխորհրդարանական խմբի ղեկավար՝ պատրաստվում է հաղթահարել գերմաներենի բարդությունը եւ այդ լեզուն սովորելով՝ օրինակ ցույց տալ մյուսներին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս: