Լուրեր

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

17.10.2012

Հոկտեմբերի 17-ին Հակոբ Հակոբյանի նախագահությամբ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց կառավարության հեղինակած «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նախագծի մշակումը բխում է Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալ-իրավական պաշտպանության հարցերը լուծելու եւ ազգային օրենսդրությունը աստիճանաբար ԱՊՀ միջպետական համաձայնագրերի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից:

«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում ներկայացված փոփոխությունը կատարելու դեպքում նախկին ԽՍՀՄ ՆԳ եւ պետական անվտանգության մարմինների շարքային եւ սպայական կազմի աշխատակիցների թվից նրանք, ովքեր հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականություններ կատարելիս, կհամարվեն Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ եւ կօգտվեն օրենսդրությամբ սահմանված նույն արտոնություններից, այն է՝ կունենան ամենամսյա պատվո վճար ստանալու իրավունք:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ կառավարության հեղինակած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձը սահմանել 35000 դրամ:

Պատգամավորները քննարկեցին նաեւ «Բռնադատվածների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Վերջինիս ընդունման դեպքում վարկերը կտրամադրեն առեւտրային բանկերը՝ համապատասխան գրավի դիմաց, ինչը կնվազեցնի վարկի մարման ռիսկի գործակիցը, իսկ վարկերի տոկոսագումարները բանկերին կփոխհատուցվեն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, ինչը մասամբ կթեթեւացնի քաղաքացու վարկային բեռը:

Նիստում ներկայացվեցին կառավարության հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը եւ դրանց կից նախագծերի փաթեթները:

Առաջին ընթերցմամբ քննարկվեց «Դատախազության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը՝ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով սահմանելու վերաբերյալ ժամանակավոր բնույթ ունեցող նորմատիվ իրավական ակտի գործողության ժամկետը երկարաձգել եւս մեկ տարով՝ մինչեւ 2013թ.-ի դեկտեմբերի 31-ը: Այս օրենքի ընդունումը նպատակ է հետապնդում ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը սահմանել ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով:

Օրենքի նախագծերը դրական եզրակացություն ստացան՝ ընդգրկվելու ԱԺ հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ հոկտեմբերի 22-25-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Երկրորդ ընթերցմամբ քննարկեցին «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին», ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ֆիրմային անվանումների մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Օրենքի նախագծերը դրական եզրակացություն ստացան: 

← Վերադառնալ ցուցակին