Լուրեր
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարին
17.10.2012
Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեպան Անդրեյ Սորոկինին:
ԱԺ նախագահը կարեւորեց ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը Հայաստանում` նշելով, որ մեր երկիրը մեծապես կարեւորում է համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, ինչպես նաեւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: ԱԺ նախագահը ողջունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներգրավվածությունը եւ նրա աջակցությունը ՀՀ օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու գործում: Խորհրդարանի ղեկավարը բարձր գնահատեց Ազգային ժողովի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ արդյունավետ համագործակցությունը` գոհունակությամբ փաստելով, որ այն լավ հիմքերի վրա է դրված, ինչը տարիների ընթացքում տվել է իր դրական արդյունքները:
Այս համատեքստում կարեւորվեց ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ կնքված Համագործակցության հուշագիրը, որն արդեն հաջողությամբ իրականացվում է տարբեր ուղղություններով:
Անդրեյ Սորոկինը նույնպես կարեւորեց ԵԱՀԿ-Ազգային ժողով փոխգործակցությունը եւ ԱԺ նախագահին ներկայացրեց հետագա համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարածաշրջանային խնդիրներին առնչվող եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: