Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռիգայի դումայի նախագահին

15.10.2012

Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռիգայի դումայի նախագահ Նիլ Ուշակովին:

Անդրադառնալով հայ-լատվիական հարաբերություններին` ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց Հայաստանի եւ Լատվիայի միջեւ վերջին շրջանում հարաբերությունների դինամիկ զարգացումը, ինչը վկայում է երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման փոխադարձ շահագրգռվածության, դրանք ավելի խորացնելու պատրաստակամության մասին: Հայ-լատվիական համագործակցության մեջ առանձնահատուկ տեղ վերապահելով խորհրդարանական կապերին` Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ երկկողմ հարաբերությունների առավել սերտացման համար կարեւոր է միջխորհրդարանական գործակցության ակտիվացումը` օգտագործելով համագործակցության հնարավոր բոլոր ձեւաչափերը: Այս համատեքստում ԱԺ նախագահը կարեւորեց պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը եւ գոհունակությամբ նշեց, որ Լատվիայի խորհրդարանում ձեւավորված պատգամավորական բարեկամության խումբը իր անդամների թվով` 30 պատգամավոր, ամենամեծն է գործող բարեկամության խմբերի մեջ: Հովիկ Աբրահամյանը կարեւոր համարեց Երեւանի եւ Ռիգայի միջեւ կապերի ամրապնդումը եւ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում: ԱԺ նախագահը անհրաժեշտ համարեց տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ գործակցությունը եւ կոնկրետ ծրագրերի իրականացումը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ռիգայի դումայի նախագահը նշեց, որ այցի նպատակն է առավել ամրապնդել Ռիգա-Երեւան փոխգործակցությունը: Պարոն Ուշակովը խորհրդարանի նախագահին ներկայացրեց երկու քաղաքների միջեւ համագործակցության բնագավառները եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները հետագա փոխգործակցության շուրջ: Նա համոզմունք հայտնեց, որ երկու քաղաքների միջեւ հաստատված գործակցությունը իր ուրույն դերակատարությունը կունենա երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ հարաբերությունների զարգացման գործում: Ռիգայի քաղաքապետը կարեւոր համարեց միջխորհրդարանական կապերի զարգացումը, երկկողմ շփումների ակտիվացումը, տնտեսական փոխգործակցությունը: 

← Վերադառնալ ցուցակին